Երեկ ԼՂՀ Գերագույն դատարանում, ուր շարունակվում էր «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը, փաստաթղթերի հրապարակման ժամանակ հետաքրքիր մի վավերացման հանդիպեցին նիստի մասնակիցները։ Ս. Բաբայանի գույքը, որն ի պահ էր տրվել հորը, ըստ այդ փաստաթղթի, կնքված էր Ադրբեջանական ՍՍՌ կնիքով։ Բաբայանի պաշտպանի զարմանքին ի պատասխան, մեղադրող Վ. Ավագյանը զարմացած հարցրել է. «Ի՞նչ կա, կարող էին մատ էլ դնել»։ Հետեւել է փաստաբանի զարմացած հարցը. «Ինչո՞ւ եք ադրբեջանցու մատը դնում»։
Դատական նիստին երեկ հրապարակվել է (գործի հետ կապ չունեցող) ոմն Հարությունյանի նամակ՝ իր որդու սպանության մասին (իբր Բաբայանի եւ նրա շրջապատի մասնակցությամբ կազմակերպած), որը երեկ ցուցադրվել է նաեւ Արցախի հեռուստատեսությամբ։ Ընթերցվեց նաեւ «Արմենպրեսի» լրագրող Շուշանիկ Աբրահամյանի նախաքննական ցուցմունքը, ըստ որի, ամբաստանյալ Վարդան Թաշճյանը իրեն չի ասել, թե կրակել են նախագահի վրա։ Վարդանն այս ցուցմունքը լսելուց հետո ասել է, որ առարկություն չունի։ Շ. Աբրահամյանը դատարան էր ուղարկել իր ձայներիզը, «հեռակա» դատաքննական ցուցմունքը՝ գրավոր, հայտնելով, որ դատարան չի ներկայացել մինչեւ օրս, քանի որ չի ծանուցվել։ Ի դեպ, նախաքննական մարմինը կալանք էր դրել նաեւ Սամվել եւ Գայանե Բաբայանների տան վրա (Երեւան, Մանթաշյան 26 հասցեում), կարծելով, որ այն պատկանում է ՊԲ նախկին հրամանատարին։ Այն նույնիսկ կցվել էր մեղադրական եզրակացության հավելվածին, սակայն Երեւանի կադաստրից պատասխանել էին ԼՂՀ դատարանին, որ ՊԲ նախկին հրամանատարը կապ չունի այդ անշարժ գույքի հետ։
Ռ. Մ.