Լրահոս
Օրվա լրահոսը

«Բյուրեղապակին» վաճառվեց մոտ 2 մլն դոլարով

Հունվար 16,2001 00:00
Byurexavan

Անցյալ տարեվերջին անաղմուկ մասնավորեցվեց Բյուրեղավանի «Բյուրեղապակու» գործարանը, որ անցած տարիների ընթացքում ժամանակ առ ժամանակ աշխատել ու կանգնել է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի մյուս գործարանները։ Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, գործարանը ոչ թե աճուրդով է մասնավորեցվել, այլ պետական ունեցվածքի կառավարման նախարարության հետ առք ու վաճառքի պայմանագրով։ Գործարանի նոր սեփականատերը պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանն է, թեեւ պայմանագիրը կնքված է նրա մերձավորներից մեկի անունով։ Գործարանը գնահատվել է 1 մլրդ 40 մլն դրամ, որից 260 մլն դրամը պետության նկատմամբ գործարանի կուտակած հարկային պարտավորություններն են կազմում։ Պայմանագրի համաձայն, նոր սեփականատերը գործարանի բաժնետոմսերի 25 տոկոսի դիմաց, իբրեւ կանխավճար, կփակի հենց այս պարտքերը՝ ճիշտ 260 մլն դրամ։

Պայմանագրով ժամանակացույց է կազմվել, որով նախատեսվում է գործարանի մնացած՝ 75 տոկոսը մասնավորեցնել ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում։ Առերեւույթ արտառոց ոչինչ չկա, բայց միայն հարցն այն է, որ դեռ կոմունիստների օրոք գործարանին տրամադրված ապակու արտադրման հոսքագիծը, որ առ այսօր արկղերից հանված չէ, ավելին արժե, քան այն գումարը, որով վաճառվել է «Բյուրեղապակի» գործարանը։ Նախկին պաշտոնյաներից մեկն ասաց, թե 90-ականների սկզբներին թուրքմենները դիմել էին ՀՀ կառավարությանը՝ միայն հոսքագիծը 1,5 մլն դոլարով գնելու համար։ Այն չէր վաճառվել՝ գործարանը երբեւէ արդիականացնելու եւ աշխատեցնելու պարապ հեռանկարով։ Ի՞նչ իմանային, որ այսօր ամբողջ գործարանն էր վաճառվելու 1 մլրդ 40 մլն դրամով կամ մոտ 2 մլն դոլարով։

Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031