Լրահոս
Օրվա լրահոսը

Կենտրոնի մանկապարտեզները շուտով փող կստանա՞ն

Հունվար 16,2001 00:00
mankapartez

Ի հավելումն «Առավոտի» հունվարի 12-ի համարում տպագրված «Վերջին անգամ հուլիսի աշխատավարձն ենք ստացել» հոդվածի, «Առավոտին» որոշ պարզաբանումներ տվեց Կենտրոն համայնքի մշակույթի, կրթության, սպորտի, առողջապահության հարցերի բաժնի պետ Արամ Մանուկյանը։

Հիշեցնեմ, որ հոդվածը մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատավարձերի պարտքերի մասին էր։ Ընդ որում, Կենտրոն համայնքը հայաստանյան չափանիշներով (ըստ որոնց՝ նորմալ երեւույթ է 10, 12, 15 ամսվա աշխատավարձի պարտքը) բավական լավ վիճակում էր գտնվում. համայնքը մանկապարտեզներին չէր վճարել ընդամենը 3 ամսվա՝ հոկտեմբերի, նոյեմբերի, դեկտեմբերի աշխատավարձերը։ Պրն Մանուկյանն ավետեց, որ այս շաբաթվա ընթացքում կմարվի միանգամից 3 ամիսների պարտքը. «Դեռ ավելին, երեւի 1-2 ամսվա սննդի փող էլ տրամադրենք»։ Նա ասաց նաեւ, որ համայնքի գրեթե բոլոր մանկապարտեզների ամսական աշխատավարձերի ֆոնդին հավասար մի գումար՝ մոտ 7-8 մլն դրամ, համայնքը ծախսել էր ամանորյա միջոցառումների վրա. «Հրավառություններ, ուղղաթիռ, օդապարիկ, տոնածառային հանդեսներ, համերգներ։ Մանկապարտեզների 8000 սաների համար ներկայացման տոմսեր գնեցինք, 2 մանկատան երեխաներին նվերներ պատրաստեցինք»։

Ի դեպ, այս համայնքն իր հույսը չի դնում պետբյուջեից այնքա՜ն երկար սպասվող դոտացիաների վրա. «2000-ին գրեթե ոչինչ չենք ստացել։ Բոլոր վճարումները՝ աշխատավարձեր, միջոցառումների համար նախատեսված գումարներ, տեղական մուտքերի հաշվին ենք արել»։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ Կենտրոնը մյուս բոլոր համայնքների համեմատ ավելի շահեկան վիճակում է՝ տեղական մուտքերն ապահովելու առումով։ Ըստ պրն Մանուկյանի, այս հարցում մեծ դեր ունի թաղապետարանի աշխատակիցների դիրքորոշումը. «Ամեն ինչ անում ենք՝ հարկերը լավ հավաքելու համար»։ Սակայն շատ ավելի կարեւոր է համայնքի դիրքը. «Օրվա ընթացքում մոտ 200 հազար մարդ այլ համայնքներից մեկնում է Կենտրոն։ Ամեն մեկը մի սիգարետ, մի բուլկի էլ գնի՝ համայնքի օգուտն է»։

Չմոռանանք, որ այս համայնքում ամենամեծ քանակով հասարակական սննդի, սպասարկման օբյեկտներն են, կազինոները, մնացած հարկատուներն էլ՝ ձեզ փեշքեշ։ Շատ ավելի աննախանձելի վիճակում են մնացած համայնքները, որտեղ ե՛ւ բնակչության քանակն է փոքր, ե՛ւ մանրումեծ օբյեկտների։ Ու նրանք բնականաբար չեն կարող ձեռք քաշել պետական դոտացիաներից։ Մասնավորապես Դավիթաշեն համայնքը, որ 2000թ. պետական դոտացիայի ընդամենը 8,1 տոկոսն է ստացել, տեղական մուտքերով համայնքի կարիքները չի կարողանում հոգալ։ Այդ պատճառով համայնքի մանկապարտեզների աշխատավարձերի պարտքերը ավելի մեծ են՝ օգոստոսը ներառյալ։

Շենգավիթ համայնքը, որ երեկվա դրությամբ առաջին տեղում է՝ մանկապարտեզներին ընդամենը 1 ամսվա աշխատավարձ է պարտք, իր ֆինանսական գործարքները կատարել է ի հաշիվ տեղական մուտքերի։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031