Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՇՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԸՆԿԱՎ ՈՉ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ

Հունվար 16,2001 00:00
atrchanak

Ըստ պաշտոնական գրությունների՝ «2000թ. փետրվարի 17-ին, ժամը 09-ի սահմաններում, Լոռու կայազորի ԶՈ բաժին է դիմել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Վահագն Մարտիկի Մուղնեցյանը, որ նույն օրը, ժամը 01-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բանյոյի փողոցի 10/8 բնակարանում բնակվող իր դուստր Լիլիթ Մուղնեցյանի տանը ինքնասպան է եղել ՀՀ ՊՆ զորամասի շտաբային վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Գագիկ Հովհաննեսի Ինջիղուլյանը»։ Վերջինիս հայրը՝ տուժող Հովհաննես Ինջիղուլյանը խմբագրությունում էր եւ ահա թե ինչպես է մեկնաբանում կատարվածը։

– Ես ընդմիշտ կորցրի 27-ամյա զինվոր որդուս, բայց ոչ մարտադաշտում, այլ նրա հետ կեղծ ընկերություն անող մարդասպանների ձեռքով։ 2000թ. փետրվարի 16-ի երեկոյան Գուգարքի կայազորում որպես վաշտի հրամանատար ծառայող իմ որդի Գագիկ Ինջիղուլյանին նրա աշխատակից ընկեր, ՊՆ զորամասի պարենային եւ հանդերձանքի ծառայության պետ Աբգար Ավետիսյանը, հյուրասիրելու նպատակով, խաբեությամբ հրավիրել է Վանաձոր քաղաքում գտնվող իր տուն։ Վանաձորում տարածված լուրերի համաձայն, որդուս սպանել են Լիլիթ Մուղնեցյանը, նրա հայր Վ. Մուղնեցյանը եւ ամուսին Աբգար Ավետիսյանը։ Նախաքննության ընթացքում պարզվեց, որ 2 երեխաների մայր Լիլիթ Մուղնեցյանը խելակորույս սիրելով իմ որդուն եւ մնալով անպատասխան, ցանկացել է նրա մահը։ (Որպես ապացույց՝ որդուս զինվորական գրքույկի շապիկի տակից հայտնաբերեցինք Լիլիթի խելահեղ սիրո «Հուշի բեկոր» բանաստեղծություն-նամակը, որը գրված է վերջինիս ձեռքով։ Հենց միայն այդ նամակի առկայությունը խոսում է այն մասին, որ սպանությունը տեղի է ունեցել կանխամտածված, խանդի հողի վրա)։ Երբ մենք զբաղված էինք մեր որդու հուղարկավորման գործով, այդ ժամանակ Գուգարքի զինվորական դատախազ Սամվել Սարգսյանը, օգտվելով մեր վիճակից, ելնելով զուտ Գուգարքի զինվորական կորպուսի հրամանատարի այդ ժամանակվա տեղակալ Վ. Մուղնեցյանի եւ նրա աղջկա ամուսնու շահերից, արեց հնարավորն ու անհնարինը, որ երբեւէ վերը նշված «տղամարդիկ» չենթարկվեն քրեական պատասխանատվության։

Գուգարքի զինվորական դատախազը, փոխարենը սպանության մեջ վերոնշյալ կասկածվողներին օրենքով նախատեսված կարգով ժամանակին մեկուսացներ, նրանց հարցաքններ եւ, ինչու չէ, այդ գործում նաեւ ներգրավեր ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության եւ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության ստորաբաժանումների աշխատակիցների առողջ ուժերը, որպեսզի սպանությունը բացահայտվեր, գուցե թե կանխամտածված ձեւով առաջ էր քաշել մի քանի անհեթեթ, այդ թվում ինքնասպանության, Լիլիթի կողմից հոգեկան խանգարման վիճակում կատարված սպանության եւ վերջում էլ վերջինիս կողմից հոգեկան հուզմունքի պահին կատարած սպանության վարկածներ։

Այս վարկածները հետագայում հերքվեցին, երբ արդեն քրեական գործը վարում էր ՀՀ զինվորական դատախազության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արսեն Բաբայանը։ Շնորհիվ նշանակված համալիր՝ դատաձգաբանական-դատաբժշկական փորձաքննության, ինչպես նաեւ դրա հետեւությունների հիման վրա կատարված մեղադրյալ Լիլիթ Մուղնեցյանի հարցաքննության, հիմնավորվեց, որ նա սպանությունը ոչ թե կատարել է տուժողի անօրինական ու բռնի գործողություններից ելնելով կամ հուզված վիճակում, այլ կատարել է ուղղակի դիտավորությամբ։ Եթե ես եւ իմ ներկայացուցիչ-փաստաբանը ժամանակին Գուգարքի զինվորական դատախազ Ս. Սարգսյանին եւ նրա հովանու տակ գործող քննիչին բացարկ չհայտնեինք քրեական գործի քննությունը միտումնավոր ձախողելու պատճառաբանությամբ, եւ եթե այդ բացարկը չհարգվեր վերադաս դատախազությունների կողմից, ապա ընդմիշտ կկոծկվեր որդուս դիտավորությամբ սպանելու փաստը։

Ավելի զազրելին այն է, որ Լիլիթի հայրն ու ամուսինը պատասխանատվությունից խուսափելու համար, տուժողիս կարծիքով, նախապես համոզել են Լիլիթին, որ նա իր ցուցմունքներով հաստատի՝ իբր թե իրենք բոլորովին մասնակցություն չեն ունեցել Գագիկի սպանության գործում։ Թերեւս կբավարարվեի միայն մի անուղղակի մեջբերում կատարելով Լիլիթ Մուղնեցյանի կողմից դատախազությանը տված ցուցմունքից, այն է, որ երբ Գագիկը իբր թե բռնաբարության նպատակով ննջասենյակում հարձակվել է իր վրա, որտեղ ամուսինը՝ Աբգարը, քնած է եղել եւ նա իր ամուսնու անկողնուց քարշ տալով իրեն տարել է հյուրասենյակ, այդ ժամանակ թեկուզ ինքը մի քանի անգամ ամուսնուն աղմկահարույց ձեւով ցանկացել է արթնացնել, օգնության կանչել, սակայն նա այնքան խորն է քնած եղել, որ այդ բոլորից հետո չի արթնացել։ Ամուսինը նաեւ չի արթնացել, երբ ատրճանակի կրակոցով սպանվել է Գագիկը, երբ իբր այդ ամենը վերջացել է, նոր ամուսինը անկողնում պատահաբար արթնացել է։ Մի կողմից Լիլիթը նկարագրում է, որ Աբգարը Մսրա Մելիքի քունն էր մտել, իսկ մյուս դեպքում, երբ հատկապես ավարտվում է Գագիկին սպանելու գործողությունները, նոր այդ ժամանակ «խեղճ» ամուսինն արթնանում է…

Քրեական գործի քննությունը պետք է լսվեր Լոռու մարզում, որին բացարկ եմ հայտնել եւ պահանջում եմ, որ դատաքննությունը նշանակվի մայրաքաղաքի ցանկացած դատարանում. «երեւելի» զինհրամանատարների հնարավոր ազդեցություններից հեռու։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆ

Տուժողի հայր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031