Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում եմ աշխատել, չեն թողնում

Հունվար 16,2001 00:00
ashxatanqayin

Մոտ մեկ ամիս առաջ «Առավոտին» էր դիմել Երեւանի բնակչուհի Օվսաննա Հարությունյանը, բողոքելով, որ ոտնահարվել են իր՝ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված աշխատանքի իրավունքները։

Օվսաննա Հարությունյանը 1975-ից աշխատել է Հանրապետական հիվանդանոցի (այժմ՝ «Արմենիա» գիտաբժշկական կենտրոն) տարբեր բաժանմունքներում՝ որպես բուժքույր։ 1994-ին, ՀՀ կառավարության որոշման համաձայն, «Արմենիա» բուժկենտրոնից նա մեկնել է երկարաժամկետ գործուղման՝ աշխատելու Քաշաթաղի (Լաչին) նորաստեղծ բուժմիավորումում՝ որպես բուժքույր։ Աշխատել է մինչեւ 2000թ. սեպտեմբերի 30-ը։ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանի գնահատականով, Օ. Հարությունյանը կատարել է «հայրենանվեր աշխատանք, անմնացորդ նվիրել է իր մասնագիտական գիտելիքները»։

Երեւան վերադառնալուց հետո վերականգնվել է աշխատանքի «Արմենիա» բժշկական կենտրոնում, սակայն, չանցած մեկ ամիս, աշխատանքից ազատել են. «Երբ ես պահանջեցի նախկին աշխատանքիս նման հերթապահություն, սկսեցին ամենատարբեր պատճառաբանություններ, ընդհուպ՝ դիմում գրել եւ ազատվել աշխատանքից։ Հրաժարվեցի (…)։ Նոյեմբերի 14-ին տարել եմ առողջապահության նախարարության հ 12/6- 05-1306 գրությունը, չեն վերցրել, այլ հիստերիա են բարձրացրել եւ ինձ դուրս են վռնդել հիվանդանոցից»։ Ընդ որում, տիկնոջն արդեն աշխատանքից ազատած են եղել. «Հետին ամսաթվով, անհիմն կարգով, հոկտեմբերի 25-ին, ինձ տեղյակ չպահելով, ազատել են աշխատանքից»։ Ի դեպ, Օվսաննա Հարությունյանը 53 տարեկան է, այսինքն՝ աշխատանքից ազատելու, թոշակի ուղարկելու պատճառաբանությունն այստեղ չի գործում։ Տիկին Հարությունյանը դիմում է ներկայացրել «Արմենիա» բուժկենտրոնի տնօրեն Գ. Գրիգորյանին՝ խնդրելով նրա միջամտությունը՝ նախկին աշխատատեղում վերականգնվելու համար։

Կից ներկայացրել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում ԼՂՀ ՊՊ-ի լիազոր ներկայացուցիչ Ալ. Հակոբյանի եւ առողջապահության նախարարության կրթության եւ կադրերի վարչության պետ Գ. Սայադյանի միջնորդությունները։ Մեր բոլոր փորձերը՝ «Արմենիա» բուժկենտրոնի տնօրենի պարզաբանումները՝ նշված հարցի առնչությամբ ստանալու նպատակով, ապարդյուն էին։ Շատ լավ հասկանալով նման պատասխանատու աշխատողի բազմազբաղությունն, այնուամենայնիվ, մեզ թույլ ենք տալիս տարակուսել՝ մի՞թե մեկ ամսվա ընթացքում մեր պարբերաբար հնչեցրած հեռախոսազանգերից եւ ոչ մեկին պատասխանելու հնարավորություն, առավել եւս՝ ժամանակ, պրն Գրիգորյանը չունեցավ։ Այս ողջ ընթացքում մեր հեռախոսազանգերին մշտապես պատասխանող օրիորդը, որը ենթադրաբար պրն Գրիգորյանի քարտուղարուհին էր, կտրուկ խորհուրդ տվեց չանհանգստացնել պրն Գրիգորյանի տեղակալին՝ Միքայելյանին, քանի որ «կադրային հարցերով միայն պրն Գրիգորյանն է իրավասու զբաղվել, տեղակալը չի կարող այդ հարցին պատասխանել»։

Այնպես որ, մեր բոլոր փորձերը՝ մի հոդվածի մեջ ներկայացնել երկու հակադարձ կողմերի տեսակետները, ձախողվեցին։ Հուսանք, որ գոնե հիմա, թեկուզ պատասխան տալու ցանկությունը, պրն Գրիգորյանին կդրդի զբաղվել Օ. Հարությունյանի խնդրով։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031