Լրահոս
Օրվա լրահոսը

– ՏԵ՞Ր ԵՍ։ – ՏԵՐ ԵՄ։

Հունվար 16,2001 00:00
Andranik margaryan

– Հնազա՞նդ ես։

– Հնազանդ չե՛մ։

ՀՀ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանն այնպես է «հարմարեցնում», որ դեղ ներկրող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ իր հանդիպմանը ոչ մի լրագրող ներկա չլինի։ Հետո, իհարկե, նախարարը «միանձնյա» ասուլիս է հրավիրում եւ ասում այն, ինչ ինքն է հարմար գտնում։ Բայց, ներկրողներն ու լրագրողները, միեւնույն է, «գտնում են իրար»՝ լրագրողները ներկրող են փնտրում, որովհետեւ պետեկամուտների նախարարի մամլո ծառայությունը չեն, ներկրողները լրագրողներին պատմում են նախարարի չասածը։ Կամ հերքում ասածը։ Այսպես. նախարարը պնդում է դեղերի բիզնեսում մի քանիսի մենաշնորհի մասին։

Եթե նախարարի հետ հանդիպմանը ներկա՝ դեռ ներկրող, մոտավորապես 47 խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը նույնիսկ ոչինչ չի ասում, ապա այն, որ այդ գործով զբաղվում է 143 կազմակերպություն, հաստատ մենաշնորհի գոյության օգտին չի խոսում։ Ի դեպ, դեղ ներկրողները պնդում են, որ եթե այդ թիվը գոնե 10-ը լիներ, շուկան ավելի կանոնակարգված կլիներ։ Սակայն այդ գործունեությամբ զբաղվելու լիցենզիան ստանալը, ըստ նրանց, բավական հեշտ է։ Արդյունքում շուկան ձեւավորվել է գների մրցակցության սկզբունքով, իսկ գներն իրենք՝ օբյեկտիվ գնագոյացման ճանապարհով։ 143 սուբյեկտ արհեստական գին (այն էլ՝ բարձր) պահել չէին կարող, որովհետեւ, ինչպես պնդում են դեղերի մեծածախ առեւտրով զբաղվող մեր զրուցակիցները, որեւէ դեղի բարձր գինն անմիջապես «հակահարված» կստանար իր՝ ցածր գին ունեցող անալոգի կողմից, եւ այդ դեղը պարզապես չէր վաճառվի։

Այս բոլոր փաստարկները, ըստ «Հայդեղագործություն» ՊՓԲԸ-ի տնօրեն Մարգարիտ Վարդանյանի, օրենքի քննարկման փուլում Հայկական դեղագործական ասոցիացիան (ՀԴԱ) ներկայացրել է Ազգային ժողով, կառավարություն։ Ներկայացվել է նաեւ դեղագործական շուկայի ծավալների վերջին երեք տարիների դինամիկան։ Ըստ դրա, 1998- 2000թթ. տեղի է ունեցել այդ ծավալների անկում՝ բնակչության գնողունակության նվազման, արտագաղթի հետեւանքով։ Հայաստանում դեղերի ոչ բարձր գնի առկայության օգտին է խոսում այն, որ այստեղից Վրաստան ռեէքսպորտ է իրականացրել։ Տիկին Վարդանյանի տվյալներով, իրենց ֆիրման 2000-ին մոտավորապես 100 հազար դոլարի լեհական, անգլիական, գերմանական, ռուսական արտադրության դեղորայք է առաքել Վրաստան։ Այդ վրացիները պետք է որ հիմար եղած լինեն՝ իրենց էժան դեղը թողած մեր թանկը գնելու համար։

ՀԴԱ-ի ներկայացրած փաստարկներից սոցիալական լարվածության հնարավորությունը ԱԺ-ում եւ կառավարությունում համարել են տնտեսվարող, շահույթ հետապնդող ձեռնարկություններին չվերաբերող։ ԱԺ-ի եւ կառավարության ֆունկցիաները չսեփականելու հորդորի հետ միասին՝ նրանց խորհուրդ է տրվել մտածել իրենց իսկ «գործունեության մասին»։ «Այդ հարկատեսակի կիրառման հետեւանքով,- ասում են տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները,- դեղերի գները կբարձրանան (որպեսզի այդ սուբյեկտները վնասով չաշխատեն)»։ Սակայն, ինչպես պետեկամուտների նախարարն է նույնիսկ հեռուստաեթերով սպառնում, այդ սուբյեկտներին «վարչական ճանապարհով» կստիպեն գներն իջեցնել։ Սակայն «վարչարարական շուկան», կարծես թե, անցած էտապ է մեզ համար։ Այդ դեպքում ՀԴԱ անդամներն առաջարկում են ստեղծել մի ձեռնարկություն, որը դեղերի ձեռքբերման միասնական գներ կսահմանի, կկասեցնի այդ բոլոր դեղ ներկրող կազմակերպությունների գործունեությունը։ Իսկ ազատական շուկան ենթադրում է ազատ մրցակցություն, դրա հետեւանքով՝ գնագոյացում եւ… (շարունակությունը կարդալ տնտեսագիտության որեւէ ժամանակակից դասագրքում- Ա. Գ.)։

Ամենահետաքրքիրը պետեկամուտների նախարարության խոստումն է հարկատու ձեռնարկություններին՝ «լոյալ վերաբերմունք ունենալ» դեղ ներկրողների նկատմամբ։ «Ի՞նչ է նշանակում լոյալ վերաբերմունք,- տարակուսում են վերջինները,- նշանակում է, որ մնացորդների իրացման համար մենք չենք վճարի 20% ԱԱՀ-ը։ Բայց ինչպե՞ս կարող ենք չվճարել, եթե փաստաթղթերում նշում ենք այդ մասին, հաշվիչ սարքն էլ՝ իր հերթին է գրում։ Ասում են՝ ես ձեզ տեր եմ, ձեզ համար պատասխանատու եմ։ Սա փողոցի խոսակցություն է կամ մեկ ամիս հետո որտե՞ղ նրան գտնենք, որ հարցնենք՝ տե՞ր եք, թե՞ չէ։ Դա ռումբ է, որով կարելի է ոչնչացնել ոչ միայն մեզ, այլեւ տնտեսավարման օրենսդրական դաշտը»։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031