Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԷԼԻ, «ՀԱՅ ԱԶԳԻ ԼԱՎԸ»

Հունվար 16,2001 00:00
Toto

Եթե «Լույս» արտադրական միավորումը 650 հազար դոլարով վաճառողը ներկա իշխանությունները չլինեին՝ որոշ գործիչներ հարայ-հրոց էին բարձրացնելու, թե «ջրի գնով վաճառեցին ռազմավարական նշանակության գործարանը», «ահա սեփականաթալանի եւս մի խայտառակ դրսեւորում» եւ այլն։ Ըստ ամենայնի, նաեւ կհաշվեին, որ եթե լամպերի գործարանի միայն արտադրական մասնաշենքերը, յոթ տասնյակ մեծ ու փոքր շինությունները բաժանվեին դեռ խորհրդային ժամանակներից մնացած բնակարանային 58 հազարանոց հերթում գտնվող երեւանցիների միջեւ՝ ամեն մեկին մի սենյակ կհասներ։ Հաստատ հաշվի չէին առնի, որ լամպերի գործարանը 12 միլիոն դոլարի չափով էլ պարտքեր ունի։

Նախադեպ կա՝ անընդհատ շեշտվում է, թե քանի հազար դոլարով վաճառվեց գինու «Արարատ» կոմբինատը, բայց անտեսվում է, թե քանի միլիոն դոլար պարտք մարվեց կանխիկ փողով։ Սակայն նախկին ընդդիմադիրներին չկրկնելու եւ «կերան, ծախեցին, սեփականաշնորհեցին, թալանեցին» բառընտրությանը չդիմելու մեր ամենամեծ ցանկության դեպքում էլ չենք կարող անվերապահ եւ առանց կասկածի որեւէ նշույլի պնդել, թե «Լույսի» նոր տերերը մարելու են այդ հսկայական պարտքը։

Նշենք, որ 12 մլն դոլարից շուրջ 9 մլն-ի պարտատերը պետությունն է՝ զանազան հարկեր, կենսաթոշակային հիմնադրամ, գազ, էլեկտրաէներգիա (ու թե ինչպես են առաջացել այդ պարտքերը՝ գործարանի նախկին տնօրեններից մեկը խոստացավ ներկայացնել առանձին)։ Իսկ մնացած պարտքը «Ագրոբանկինը», «Արդշինբանկինն» են եւ այլն։ Պարտքերի նման կազմը հաշվի առնելով՝ շատ հավանական է համարվում, որ պետությունը կա՛մ սառեցնի դրանք, կա՛մ առժամանակ անց որոշ զեղչ արվի։ Հնարավոր է նաեւ պարտքային համաներումը՝ եթե հաշվի առնենք Հրանտ Վարդանյանի նկատմամբ իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը։

«Լույսի» վաճառքի պարագայում կառավարությունը խիստ նահանջեց տարիների ընթացքում հաստատված սկզբունքներից։ Մինչեւ 1996-ը տնտեսության կառավարման ղեկի մոտ կանգնածներից շատերը պնդում էին, թե սկզբունք էր 1 քմ-ն 10 դոլարից ոչ պակաս գնով սեփականաշնորհելը։ Շուրջ 128 հազար քմ տարածք զբաղեցնող «Լույսը» 650 հազար դոլարով վաճառելով, ըստ այդմ, 1 քմ-ն շուրջ 5 դոլարով սեփականաշնորհեցին։

Ի դեպ, քաղաքի նույն տարածքում փոքր օբյեկտները սեփականաշնորհվել են քառակուսի մետրը՝ 25-50 դոլար արժեքով։ Մեր ունեցած տեղեկություններով, լամպերի գործարանի վերաբերյալ նախորդ իշխանությունները բոլորովին այլ պլաններ են ունեցել՝ համենայն դեպս, 15 մլն դոլարից պակաս գնով այն վաճառելու մտադրություն չի եղել։ Եվ հաշվի առնելով, որ ո՛չ Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Իրանում ու Թուրքիայի արեւելյան հատվածում նման գործարան չկա՝ արծարծվել են նաեւ 30-50 մլն դոլարի կարգի թվեր։ Այստեղ հարկ է եւս մի քարոզչական հնարքի մասին խոսել, թե «Լույսը» մի 6 տարի է՝ չէր աշխատել, քանդվել էր, թալանվել, եկավ Հրանտ Վարդանյանը եւ վերագործարկեց այն։ Նախ, իրազեկների համոզմամբ, այդ գործարանում առայժմ 5-10 հազար դոլարի ծախս է արվել՝ վառարանն է նորոգվել եւ այլն։ Բացի այդ, պաշտոնական վիճակագրական տվյալներից դատելով՝ «Լույսը» արտադրանք է տվել մինչեւ 1997-ի օգոստոս-հոկտեմբերը։

Մի կողմ թողնենք, որ 1993-ի «խավարի ու ցրտի» տարում գործարանն ընդհանուր առմամբ 100 մլն լամպ էր արտադրել՝ շուրջ 25 մլն դոլարի արտադրանք։ 1996-ին արտադրվել էր նորմալ լուսավորման՝ կենցաղային օգտագործման 9,8 մլն հատ լամպ, եւ շուրջ 16 մլն ցերեկային լուսավորման լամպեր։ Իսկ 1997-ին արտադրվել էին միայն 0,96 մլն հատ ցերեկային լամպեր։ Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի վարչապետության եւ Գառնիկ Նանագուլյանի նախարարության (վերջինիս հորեղբոր աղջկա ամուսինն էր, ի դեպ, այդ ընթացքում «Լույսի» տնօրենը) շրջանում էր, որ այս գործարանի արտադրանքը 16 անգամ կրճատվեց եւ 1998-ին իսպառ դադարեց։ Սակայն, այս գործարքում ամենաուշագրավը սեփականաշնորհման ընթացակարգն է, որ յուրօրինակ չէ այնքանով, քանի որ կիրառվեց ԲԷՑ-երի եւ այլ պարագաներում։

Նույն 1997-ին ընդունված որոշման համաձայն՝ միջազգային մրցույթով սեփականաշնորհվելիք օբյեկտների վաճառքի կարգը սահմանվում է կառավարության հատուկ որոշմամբ։ «Սեփականաշնորհման օրենքի 118 հոդվածներից 117-ը ջնջվեցին այս մեկով,- ասաց մեր զրուցակիցներից մեկը,- փոխվեց սեփականաշնորհման գաղափարախոսությունը։

Էլ ինչ ծրագիր, ժամկետ, ինչ մեխանիզմներ՝ կառավարությունն իրավունք ստացավ այս կամ այն օբյեկտը սեփականաշնորհել իր ցանկացա՛ծ ձեւով»։ Ինչը եւ արեցին դեկտեմբերի 25-ին աճուրդում մի առանձնատան գնով վաճառված լամպերի գործարանի պարագայում։ Սակայն, Հայաստանի արդյունաբերական գերհսկաներից մեկի այդ ձեւով սեփականաշնորհման համար այլեւս ոչ ոք «խայտառակ» կամ նման որեւէ այլ բառ չգտավ…

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031