Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրապահը հիմա չթուլացավ

Հունվար 16,2001 00:00
Albert Bazeyan

Եթե, իրոք, Երեւանի նախկին քաղաքապետը չէր կարողանում քաղաքապետ աշխատել, ինչո՞ւ էին տարի ու կես նրան հանդուրժում։ Որքանո՞վ են հիմնավորված կասկածները, թե Ալբերտ Բազեյանից վերցնելով քաղաքապետական աթոռը, քայլ արվեց հերթական անգամ թուլացնել «Երկրապահին»։

ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը մեր հեռախոսային զրույցի ժամանակ ասաց, թե չի ուզում որեւէ կապ տեսնել Ալբերտ Բազեյանի հրաժարականի դիմում գրելու եւ երկրապահ լինելու միջեւ։ ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանը, պատասխանելով մեզ հետաքրքրող հարցին, ասաց, թե իր կարծիքով նման խնդիր չկա։ Նրա ասելով, Բազեյանի հրաժարականի առաջարկի պատճառն այն էր, որ «քաղաքի պաշտպանական կոնցեպցիայի եւ մոտեցումների տարբերություն կար»։

Կարծո՞ւմ է արդյոք Ղուկաս Ուլիխանյանը, թե Ալբերտ Բազեյանի հրաժարականով հերթական անգամ թուլացվեց «Երկրապահը»։ Ոչ, պրն Ուլիխանյանը այս մասին ասաց հետեւյալը. «Չեմ կարծում, որ Բազեյանին հանելով «Երկրապահը» թուլացվեց, Վազգեն Սարգսյանին խփելով է «Երկրապահը» թուլացվել»։ ԵԿՄ մեկ այլ անդամ՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանն, այն կարծիքին է, որ «Երկրապահը» պաշտոններով երբեք չի ուժեղացել կամ թուլացել. «Երկրապահը» բնական արմատներ է ունեցել հենց երկրապահ բառի իմաստով եւ ժամանակը ցույց կտա՝ «Երկրապահը» ուժեղացավ, թե թուլացավ»։ Կոնկրետ Ալբերտ Բազեյանի մասին Սասուն Միքայելյանն այն կարծիքին է, որ վերջինս «իր էությամբ գործում էր օրենքի սահմաններում, եւ նախագահն էլ օգտվելով իր սահմանադրական իրավունքից, ազատել է նրան»։

Հարցման արդյունքները քննարկելով, կարելի է թերեւս փաստել, որ երկրապահները որեւէ լուրջ քայլ մտադիր չեն անել Ալբերտ Բազեյանի պաշտոնանկության հետ կապված։ Ակնհայտ է, որ որեւէ մեկը չի ցանկանում քաղաքականացնել հարցը։ Բայց ուզեն-չուզեն, հարցը ներկայանում է քաղաքականացված։ Ըստ հավաստի աղբյուրների, ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ինքը՝ Ալբերտ Բազեյանն է հիշեցրել, որ իրեն քաղաքապետ է դարձրել Վազգեն Սարգսյանը։ ԱԺ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանն էլ ասաց, որ նաեւ ինքն է հիշեցրել, որ Ալբերտ Բազեյանը «Միասնություն» դաշինքի թեկնածու քաղաքապետն էր, եւ որ ինքը՝ Ալբերտ Բազեյանը, չէր ուզում ստանձնել պաշտոնը, նրան երկար են համոզել։

ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստը որեւէ քաղաքական որոշում չկայացրեց վերոհիշյալ հարցի կապակցությամբ, թեպետ խորհրդի որոշ անդամներ խոստացան, թե երեւի կրկին կհավաքվեն։ Կարծես թե, մեկ անգամ որ հավաքվեցին, ի՞նչ արեցին, որ կրկին փորձեն։ Նույնպիսի պասիվ դիրոքորոշում ունի նաեւ ԵԿՄ վարչությունը։ Այստեղ նույնիսկ ձեւականորեն նիստ չեն հրավիրել եւ հարցը չեն քննել։ Որոշ երկրապահներ ասում են, թե կհավաքվեն ամսի 20-ին, բայց ի՞նչ կքննարկեն եւ ի՞նչ որոշում կկայացնեն, արդեն պարզ է. չմոռանանք, որ ԵԿՄ-ն արդեն հայտնի է իր խոստանալ-չանելով։ Այս պահին գոնե ոչ էլ խոստանում է, թե ինչ-որ քայլի կդիմի։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Թերեւս Ալբերտ Բազեյանի այսօրվա մամուլի ասուլիսը որոշ հարցերի պատասխանները կտա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031