Լրահոս
Օրվա լրահոսը

2001-ին Պուտինը Հայաստան չի գա

Հունվար 16,2001 00:00
putin

Այդ կարծիքին է «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը

Աշխարհի ցանկացած տարածաշրջանում քաղաքական գործընթացները փոխկապակցված են: Երբ ՌԴ նախագահը գալիս է Ադրբեջան, դա չի կարելի տարանջատել Հարավային Կովկասի երկրների խնդիրներից եւ ասել, որ այդ այցը մնացած պետությունների վրա չի ազդի: Մանավանդ, որ Հայաստանը համարվում էր Ռուսաստանի ռազմավարական գործընկեր:

Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ ԱՄՆ նախագահը, պետքարտուղարը կամ պաշտպանության նախարարը գան Մերձավոր Արեւելք եւ չայցելեն Իսրայել: Դա հնարավոր չէ, որովհետեւ ԱՄՆ-ը եւ Իսրայելը ռազմավարական գործընկերներ են, իսկ մենք Ռուսաստանի հետ՝ արդեն ոչ: Այդ փաստը ամրագրված է ՌԴ արտաքին քաղաքականության հիմնադրույթներում, որոնք հրապարակվել են անցած տարվա ամռանը: Դրա իմաստն արտահայտել է ՌԴ նախագահ Պուտինը, որը բազմիցս նշել է՝ այսուհետ իր երկիրը մեր տարածաշրջանի պետությունների հարցում վարելու է «հավասար տարածություն պահպանելու» քաղաքականություն: Ցավալի է, որ մեր իշխանավորներն ու որոշ հասարակական գործիչներ չեն լսում կամ չլսելու են տալիս այդ ազդանշանները՝ թյուրիմացաբար կարծելով, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում մեր երկրին այլընտրանք չունի՝ դարավոր բարեկամության եւ քրիստոնյա երկիր լինելու պատճառով:

Այսօր ՌԴ պետական շահերը թելադրում են ռազմավարական համագործակցության վեկտորը փոխել Ադրբեջանի ուղղությամբ, որը դրա համար հզոր փաստարկներ ունի. նավթը, Կասպից ծովը, փոխշահավետ առեւտուրը, ելքը դեպի իսլամական աշխարհ: Ռուսաստանը, մասնավորապես, ցանկանում է համագործակցել Իրանի հետ՝ Ադրբեջանի միջոցով (ինչը առաջ մեր առաջնահերթությունն էր): Դա է վկայում այն, որ պաշտպանության նախարար Սերգեեւը Բաքվից հետո անմիջապես մեկնեց Թեհրան՝ ռազմական պայմանագրեր կնքելու: Պուտինի այցը Բաքու լավ էր նախապատրաստված: Դեռեւս անցած ամռանը Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանագիր էին ստորագրել՝ առեւտրի ազատ գոտու եւ Անվտանգության խորհուրդների մակարդակով համագործակցելու մասին, որի արդյունքում Բաքուն Մոսկվային հանձնեց չեչեն գրոհայիններին, ինչպես նաեւ լուծարեց իր պայմանագիրը Չեչնիայի հետ:

Իր հերթին մարշալ Սերգեեւը հայտարարեց, որ իր երկիրը այլեւս երբեք թույլ չի տա, որ ռուսական զենքը օգտագործվի Ադրբեջանի դեմ. դրանի՞ց էլ թափանցիկ ակնարկ: 95-ից ի վեր ադրբեջանական առեւտրական նավերը հնարավորություն չունեին բարձրանալու Վոլգայով, անցած ամառ դրանք այդ հնարավորությունը ստացան: Այդ քայլերն ու «ռեւերանսներն» են, որ հնարավորություն են տվել անցկացնել Ալիեւ-Պուտին չափազանց արդյունավետ հանդիպումը: Ադրբեջանի նախագահը գնաց Տեր-Պետրոսյանի 97-ի ճանապարհով՝ ստորագրելով Ռոսաստանի հետ գրեթե նույն պայմանագրերը:

9 փաստաթղթից առանձնացնեմ ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացիների կարգավիճակի մասին պայմանագիրը, որը Հայաստանն էլ ունի ՌԴ-ի հետ եւ որը լայն հնարավորություն է տալիս ադրբեջանական բիզնեսին ներգրավվելու ռուսաստանյան տնտեսության մեջ: Բաքվում Պուտինն ու Ալիեւը վերջապես կարողացան կիսել Կասպից ծովի շելֆը, որը նույնպես փոխադարձ տնտեսական օգուտներ կբերի երկրներին: Որքան էլ օբյեկտիվ լինեն ռուս-ադրբեջանական մերձեցման պատճառները, դրանք պայմանավորված են նաեւ մեր դիվանագիտության եւ քաղաքական ղեկավարության անբավարար աշխատանքով, որին կփորձեմ անդրադառնալ իմ հաջորդ հրապարակման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031