Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՈՆ ԲԱԼՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐՎԵՆ

Հունվար 13,2001 00:00
Suren surenyanc

Իսկ Սուրեն Սուրենյանցին ուշադրության արժանի չեն համարում

Ըստ լրատվամիջոցների հաղորդման, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի եւ ԵՄԱ-ի կազմակերպած քննարկման ընթացքում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի առնչությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջոն Բալյանն ասել էր, թե Հայաստանի խորհրդարանի մակարդակն այն չէ, որ իր ընդունած օրենքը մի բանի նման լինի։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Կարծում եմ, այս արտահայտությունն առաջին հերթին վկայում է դիվանագիտական պաշտոն ներկայացնող այդ անձի մակարդակի մասին, որովհետեւ իրեն քիչ թե շատ հարգող դիվանագետն այլ երկրի օրենսդիր մարմնի վերաբերյալ նման արտահայտություններ իրեն պիտի թույլ չտար։ Անպայման հետեւություններ կարվեն մեր կողմից»։ Արդեն որպես ՀՀԿ փոխնախագահի՝ նրան խնդրեցինք մեկնաբանել քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սուրեն Սուրենյանցի հայտարարությունները, թե ՀՀԿ խորհուրդն ի վիճակի չէ որեւէ քաղաքական դիրքորոշում արտահայտել, չի կարողանում իրացնել որոշակի պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժի կարգավիճակը։ Պրն Սուրենյանցը նաեւ կարծիք էր հայտնել, թե Ալբերտ Բազեյանը մասամբ համաձայն է իր այս գնահատականներին։ Սակայն Տիգրան Թորոսյանն ասաց. «Սուրենյանցն այն անձը չէ, որի՝ նման ամբարտավան հայտարարությունները մեկնաբանելու կարիք լիներ։ Եվ համոզված եմ, որ նա չի ներկայացնում պրն Բազեյանի տեսակետը, որը ՀՀԿ խորհրդի անդամ է։ Համենայն դեպս, ՀՀԿ խորհրդի նիստում Ալբերտ Բազեյանը նման գնահատականներ չի արտահայտել, ոչ էլ նման ձեւով է երբեւէ վերաբերվել կուսակցությանը»։

Եթե ՀՀԿ խորհրդի փոխնախագահը չէր ցանկանում իր մեկնաբանություններով կարեւորություն տալ Սուրեն Սուրենյանցի գնահատականներին, ՀՀԿ խորհրդի նախագահը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նոր քաղաքապետին ներկայացնելիս իր խոսքի մի զգալի հատված հենց այս թեմային նվիրեց. «Ես չէի ցանկանա, որպեսզի որոշ մարդիկ՝ անկախ նրանից, թե որքան են մոտիկ պրն Բազեյանին կամ ինչ կապ ունեն ընդհանրապես ՀՀԿ-ի հետ, փորձեն իրենց անձնական մտորումները կամ վերլուծությունները կապել կուսակցության, Բազեյանի, վարչապետի եւ հանրապետության նախագահի հետ։ Կցանկանայի, որ ոչ մեկը չփորձի մեր հարաբերությունների վրա իր քաղաքական դիվիդենտները շահի։ Դա, իհարկե, առաջին հերթին վերաբերում է պրն Սուրենյանցին»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031