Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դպրոցներին զրկել են փող աշխատելու իրավունքից

Հունվար 13,2001 00:00
dproc

Թեպետ պետական ֆինանսավորումը շարունակում է անբավարար մնալ

Կրթական համակարգում վարվող նման քաղաքականությունը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Դպրոցները զրկել են իրավաբանական անձի կարգավիճակից եւ հունվար ամսվա ընթացքում դրանք ստիպված են վերագրանցվել՝ ստանալով նոր կարգավիճակ եւ զրկվելով նախորդ կարգավիճակի արտոնություններից։

1996թ. ընդունված դպրոցների օրինակելի կանոնադրության շնորհիվ ստանալով իրավաբանական անձի կարգավիճակ՝ դպրոցները բյուջետային ու արտաբյուջետային միջոցների համար առանձին սեփական բանկային հաշիվ ունենալու եւ արտաբյուջետային միջոցներ աշխատելու հնարավորություն էին ստացել։ Այդ ժամանակ կրթական համակարգի պատասխանատուները բարձրագոչ ելույթներ էին ունենում, թե՝ տեսեք-տեսեք ինչ լա՜յն իրավունքներ ենք տվել դպրոցներին։ Այլ հարց է, որ դպրոցներն այդպես էլ չկարողացան լիարժեք օգտվել իրենց այդ լա՜յն իրավունքներից, քանի որ արտաբյուջետային միջոցներ աշխատելու ո՛չ հնարավորություններ, ոչ էլ պայմաններ ունեցան։ Դրանք բարելավելու փոխարեն պետությունը որոշեց ընդհանրապես ազատվել գլխացավանքից՝ զրկելով դպրոցներին այդ իրավունքից։ Հիմնավորումը՝ 1999թ. ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքը, ըստ որի, դպրոցը պետական հիմնարկ է, իրավաբանական անձի կարգավիճակ չունի եւ, հետեւաբար, դպրոցների կանոնադրությունը հակասում է օրենքին ու պիտի փոխվի։

Սեփական բանկային հաշիվ ունենալու մենաշնորհ այսօր միայն այն 204 դպրոցներն ունեն, որոնք ընդգրկված են դպրոցների ֆինանսավորման ու կառավարման նոր կարգի փորձնական ծրագրում։ Նաեւ այն դպրոցները, որոնք դրամաշնորհ են շահել եւ դրանք բանկային հաշվում պահելու անհրաժեշտություն կա։ Այս մասին տեղեկացանք ԿԳՆ-ի միջնակարգ կրթության վարչության պետ Արամ Կարապետյանից։ Սակայն նույնիսկ փորձնական ծրագրում ընդգրկված 204 դպրոցները, որոնք իբրեւ թե ֆինանսավորման հարցերում արտոնություններ ունեն, արտաբյուջետային միջոցներ աշխատելու հնարավորություններ գրեթե չունեն։

Դպրոցները, որպես պետական հիմնարկներ, որեւէ օգուտ չունեն իրենց տարածքները վարձակալությամբ տալուց։ Վարձակալական գումարները, վարչության պետի գնահատմամբ՝ դժբախտաբար պետբյուջե են գնում։ Պրն Կարապետյանի հավաստմամբ, իրենք փորձում են հասնել նրան, որ դպրոցների համար բացառություն արվի եւ դպրոցների տարածքներից ստացված վարձակալական գումարները մնան դպրոցների հաշվեկշռին։ Ու, ընդհանրապես, չկա ոչ մի շահագրգռող պայման, որ դպրոցներին մղի արտաբյուջետային միջոցներ աշխատել, եթե դրանք ոչ թե իրենց, այլ պետական բյուջե են մտնում։ Վերջինս դպրոցների հանդեպ նույնքան շռայլ չէ։

Ի պատասխան մեր այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար դպրոցներին զրկել արտաբյուջետային միջոցներ աշխատելու բոլոր հնարավորություններից, պետական ֆինանսավորման նման անմխիթար պայմաններում, Արամ Կարապետյանն ասաց. «Շատ կարեւոր է, որ դպրոցը կարողանա իր տնտեսությամբ հոգալ իր կարիքները, սակայն դրա համար անհրաժեշտ իրավական դաշտ պիտի ապահովել»։ Մինչդեռ առկա իրավական դաշտը՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի պահանջով, զրկում է դպրոցներին նման հնարավորությունից։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031