Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՐՃԱՐԱՆԸ «ԱԶԳԱՅՆԱՑՎՈՒՄ» Է

Հունվար 13,2001 00:00
grel

Հատված ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մայքլ Լեմոնին ուղղված նամակից

90-ականների սկզբին, բազում քրքորյանների կողքին, ցավոք, եղան նաեւ մի շարք թաշչյաններ ու լիպարիտյաններ եւ նրանց նման մանր ու մեծ այլ արկածախնդիրներ, որոնք այդ շրջանի խառնաշփոթում իրենց անձնական կարիքներն էին հոգում Հայաստանի եւ մեր ժողովրդի հաշվին։ Եվ նրանք մնացել են մեր հիշողության մեջ ոչ միայն որպես Հայաստանի ընդհանուր թալանից բաժին փախցնող ողորմելի հայեր, այլեւ որպես ամերիկացի, նույնն է՝ ԱՄՆ եւ նրա քաղաքականությունը ներկայացնող անձնավորություններ։

Եվ, սակայն, եթե Հովնանյան ազգանունը մեզանում հայտնի է որպես կառուցող, ստեղծող ու ազգային մշակույթի զարգացման անշահախնդիր հովանավոր, մեծանուն բարերար ու ԱՄՆ քաղաքացի, ապա պարզվում է, որ նույն այդ ընտանիքը տվել է մեկ այլ Հրայր Հովնանյան, հարազատ եղբայրը մեզ հայտնի Վահագն Հովնանյանի, որն այսօր, մեղմ ասած, ոչ դրական է ներկայացնում թե իր ընտանիքը, թե իր քաղաքացիության երկիրը։ Հրայր Հովնանյանի հետ ինձ «բախտ» վիճակվեց հանդիպել 2 անգամ, երբ ամիսներ առաջ նա եկավ ինձ մոտ, ի դեպ, առանց կանխավ տեղեկացնելու եւ ասաց, որ համաձայնեմ եւ իմ սեփականություն հանդիսացող տարածքը հանձնեմ իրեն, որպեսզի ինքը ստիպված չլինի դատարանի միջոցով այն վերցնել, քանի որ չի ցանկանում, որ իր անվան շուրջ աղմուկ բարձրանա։ Իսկ փոխարենը ինչ առաջարկեն ՀՀ իշխանությունները, խորհուրդ տվեց համաձայնել, հակառակ դեպքում ամեն ինչ չկորցնելու համար։

Մեկ ամիս հետո անակնկալ պարզվեց, որ դատարանի ու նրա հետ կապված ողջ աղմուկի ծանրությունը սիրահոժար նվիրվածությամբ իր վրա է վերցրել ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը եւ ինքը՝ նախարար Դավիթ Վարդանյանը։ Հարգարժան պարոն դեսպան, Ձեր երկրի քաղաքացի Հրայր Հովնանյանը իր անձնական ակնկալիքն ու կարիքները բավարարելու համար մեր երկրի իշխանավորներից ոմանց դրդում է անօրինականությունների. զբաղմունք, որն անհարիր է թե՛ հային, թե՛ ԱՄՆ քաղաքացուն։

Խնդիրն այն է, որ Հրայր Հովնանյանը որոշել է հայրենիքում իր անկյունն ունենալ (հասկանալի զգացում է) եւ ընտրել է նախկին Սփյուռքի կոմիտեի շենքն ամբողջությամբ։ ՀՀ իշխանությունները մեծահոգաբար համաձայնել են։ Սակայն, հետո արդեն, պարզվել է, որ այդ շենքի նկուղային հարկի մի փոքր մասը՝ «Վահագն» ռեստորանը, վաղուց արդեն ոչ թե պետական, այլ մասնավոր սեփականություն է։ Սակայն ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը, հանձին նախարար Դավիթ Վարդանյանի, այդ փաստը լուրջ արգելք չի համարում եւ Հրայր Հովնանյանին հաճոյանալու եւ նրա ցանկությունը անպայմանորեն իրականացնելու համար որոշել է իբր իրավական ճանապարհով լուծել այդ խնդիրը։ Նախարարությունը դատի տվեց (չգիտես ինչու «Վահագն» ՍՊԸ-ին), իբր սեփականաշնորհման ժամանակ իր կողմից ժամանակին թույլ տրված ինչ-որ (այդպես էլ չբացահայտված) սխալի համար եւ խնդրեց դատարանին, որ դատական որոշումով այն մասնավոր սեփականությունից կրկին վերածի պետական սեփականության եւ տա նախարարությանը։

Որպես սխալ ներկայացվել էր այդ օբյեկտի իբր պատմաճարտարապետական հուշարձան-արգելոց լինելը։ Սակայն երբ դա չհաստատվեց, քանի որ այն ընդամենը պատմաճարտարապետական հուշարձան է եւ հենց այդպիսին էլ սեփականաշնորհվել է, ապա երեւաց, որ նախարարության համար դա ամենեւին էլ կարեւոր չէ եւ նա, գոնե ձեւի համար, սեփականաշնորհման օրենքի խախտման ինչ-որ մի փաստ անգամ չներկայացրեց։ Իսկ դատարանի համար դա կարեւոր չէր, քանի որ նախարարությունը դատարանից օրինականություն չէր պահանջում, այլ, որ նա իր որոշումով այն ընդամենը վերածի պետական՝ նախարարության սեփականության եւ ուրիշ ոչինչ։ Սույն թվականի հունվարի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, լսելով նախարարության հայցը, կայացրեց օրինականության լկտի ոտնահարման փայլուն մի որոշում. «որոշվեց» հարգել հայցվորին եւ կատարել նրա պահանջը. սրճարանը որպես սեփականություն «ազգայնացնել», այսինքն՝ պետականացնել եւ տալ նախարարությանը։

Դատավոր Արամյանը ցույց տվեց, թե որքան մեծ նվիրումով է նա ծառայել նախարարին, իսկ նախարարն էլ հիմա նույն հաջողությամբ կարող է արդեն ցույց տալ Հրայր Հովնանյանին, թե ինչպիսի զոհողությունների գնով է իրեն հաջողվում ամրապնդել հայ-ամերիկյան բարեկամությունը. չէ որ ժողովուրդը դեռ ռուսական կողմնորոշում ունի եւ համառորեն չի հասկանում ամերիկյան կողմնորոշման բազում առավելությունները։

Հարգարժան պարոն դեսպան, մենք խորապես վստահ ենք, որ եթե չլիներ ԱՄՆ-ի քաղաքացի Հր. Հովնանյանի շահագրգռությունը, ապա ՀՀ սեփականաշնորհման նախարար Դավիթ Վարդանյանը («Ղարաբաղ» կոմիտեի անդամ, իսկ հետո որպես ՀՀՇ-ական, իսկ 1992-ից որպես «հակաՀՀՇ-ական»…) ստիպված չէր լինի գնալ այս աստիճան աղաղակող անօրինականության։

ԼԱՈՒՐԱ ՄԱՂԱՔՅԱՆ

«Վահագն» ՍՊԸ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031