Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ լուրջ չվերաբերվեցին «Տելետոնին»

Հունվար 13,2001 00:00
grel

«Առավոտի» խմբագրությունը շարունակում է նամակներ ստանալ, ընդ որում՝ այս տարվա նամակները բավական կոշտ եւ ագրեսիվ են։

Այսպես, Լոս Անջելեսի բնակիչ Վարազդատ Տոնոյանն իր նամակում հիշեցնում է, թե ինչպես 1998-ի սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսի «Ունիվերսալ ստուդիոյի» դահլիճում իր գրավոր հարցին, թե՝ «Հայաստանից արտագաղթը դեռ երկա՞ր է շարունակվելու», նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Մեկ տարի էլ սպասեք, եւ օտար ափերում ոչ ոք չի մնա»։ Պրն Տոնոյանը չէր հավատացել եւ հետաքրքրվել էր. «Իսկ եթե իրավիճակը չփոխվի, Ձեզ ինչպե՞ս կարող եմ տեսնել»։ Պրն Քոչարյանը պատասխանել է՝ «Կգաք Երեւան, նախագահի նստավայր»։

2000-ի դեկտեմբերին մեր նամակագիրը եկել է հայրենիք եւ, բնականաբար, ունենալով լուրջ պատճառներ՝ հանդիպելու ՀՀ նախագահին, քայլերն ուղղել է նրա նստավայր։ «Աշխատակազմի ղեկավարն ինձ ասաց, որ Քոչարյանին տեսնելը բացառվում է, նախագահը քաղաքացիներ ընդհանրապես չի ընդունում»։ Պրն Տոնոյանը տարակուսած է. «ԵԿՄ-ն հայտարարեց, որ իրենք են բազմաթիվ կեղծիքներով նախագահ դարձրել Քոչարյանին։ Իսկ Անդրանիկ Մանուկյանը դեռ հիվանդանոցում հայտարարեց, որ ինքը Վ. Սարգսյանի հրամանով 700 ձայն է հօգուտ Քոչարյանի կեղծել»։ Այս եւ մի քանի այլ պատճառներ թվարկելով՝ նամակագիրը վերհիշում է, թե ինչպես են մեր պաշտոնյաներն իրենց փողերը քամուն տալիս Լաս Վեգասի խաղատներում։ «Այդ էր պատճառը, որ Ամերիկայի հայությունը լուրջ չվերաբերվեց «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած «Տելետոնին»։ Իսկ «Ջոնս» մարկետի տնօրենը, որն ազգությամբ հայ է, հրեա արատավոր երեխաներին նվիրաբերեց 2 մլն դոլար»։

«Ո՞վ եմ ես՝ ՀՀ լիիրավ քաղաքացի՞, թե՞ վարչատարածքային ճորտ»,- այս հարցադրումով է սկսում իր նամակը Կորյուն Տիգրանի Ավանյանը։ Նրա համար անհասկանալի է՝ որո՞նք են օրինակելի քաղաքացու չափանիշները, ի՞նչ պարտականություններ եւ ի՞նչ իրավունքներ ունի նա։ Այդ ինչպե՞ս է, որ պրն Ավանյանը 21 տարվա աշխատանքային ստաժով, բնակարանային հերթի նույնքան տարվա սպասումների մեջ, արձակուրդում գտնվելու պահին առանց հիմնավորման հեռացվել է աշխատանքից եւ գոյատեւում է ԱՄՆ մշտական բնակության մեկնած մտերիմների հաշվին։ Եվ ինչպե՞ս է, որ, զրկված բազմաթիվ իրավունքներից, նա պարտավոր է իր զավակին բանակ ուղարկել կամ իր գերազանցիկ աղջկա ուսման վարձը չվճարելու դեպքում տեսնել բուհից դուրս մնացած իր երեխային։ «Եթե Ազգային ժողովը ի զորու չգտնվեց լուծելու իմ նկատմամբ կիրառված ինչպես քրեական, այնպես էլ աշխատանքային օրենսդրության բազմաթիվ խախտումներով հեռացման հրամանը, եթե երկրի նախագահն անտարբեր գտնվի, ես իմ ընտանիքի անունից հայտարարում եմ քաղաքացիական անհնազանդություն»։

Անհնազանդության մեկ այլ դրսեւորում, բայց արդեն լոտոների դեմ, ցուցաբերում է բժիշկ-հիգիենիստ Ջեմս Ստեփանյանը։ «Գրգռվածություն են առաջացնում հատկապես նոր դարի համար վաճառվող վիճակախաղի տոմսերը, որոնց գերագույն թվերը շփոթեցնում են մարդկանց, հրապուրում ու, ի վերջո, արգելակում՝ չշահելուց հետո ընկնում են խոր սթրեսի մեջ։ Գովազդի առաջին օրերին ես՝ իմ շրջապատով, որոշեցինք գնել այդ վիճակախաղի տոմսերից, իսկ երբ գովազդը կարկուտի պես թափվեց հեռուստաալիքներով, մեզ մոտ էլ առաջացավ խոր հիասթափություն եւ որոշեցինք ոչ մի հատ տոմս չգնել։ Մեր առողջությունը եւ արյան ճնշումն ավելի բարվոք կլինի, քան ձերը, վիճակախաղի տոմս գնողներ»,- ահա այսպիսի եզրակացության է հանգել բժիշկ-հիգիենիստը։

«Առավոտի» նամակների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031