Ոսկրածուծի դոնորների հարցը շատ կարեւոր է, իսկ արյան փոխներարկո՞ւմը
Հանրապետության առաջին տիկինը հարկ համարեց զբաղվել ոսկրածուծի դոնորների հարցով: Ավելին՝ դարձավ հանրապետությունում իր տեսակի մեջ միակ՝ Ոսկրածուծի դոնորների ռեեստր հիմնադրամի պատվավոր նախագահը։ Բնականաբար, հիմնադրամը հո «գետնին չէ՞ր մնալու». վերջերս այն ապահովվեց նաեւ շենքով։ Իսկ առաջին տիկինը առաջինը իր արյունը հանձնեց հիմնադրամին։
Այս ամենը լայնորեն եւ խորությամբ լուսաբանվեց զանգվածային լրատվամիջոցներով։ Թվաց, թե պետությունն իր ուշադրության դաշտն է առել այս խնդիրները եւ մասնավորապես՝ արյան փոխներարկման հարցը։ Մեր հավատն այս կապակցությամբ սասանեց Գյումրիի արյան փոխներարկման կայանի կոլեկտիվի նամակը՝ ուղղված «Առավոտի» խմբագրությանը։ «Մեր կոլեկտիվը փոքր է, բայց աշխատանքի մեծ փորձ եւ հմտություն ունի։ Միշտ աշխատել ենք՝ զգալով մեր գործի կարեւորությունը, աշխատել ենք առանց գործադուլի եւ առանց աշխատավարձի։ Օրական մուտք ենք արել 5-7 դոնորի արյուն։ Մուծումները միշտ կատարել ենք հաշվապահություն։ Իսկ աշխատավարձի մասին միայն լսում ենք՝ այսօր, վաղը, սպասեք երկուշաբթի օրվան եւ այլն։ Չենք ստացել մեր՝ նվազագույնից ցածր աշխատավարձը (1 դրույքը՝ 4000 դրամ, կես դրույքը՝ 2500 դրամ) 1998-ի նոյեմբեր ամսի։
1999թ. սեպտեմբեր ամսից ընդհանրապես չենք ստացել ոչ մի դրամ։ Ամբողջ 2000-ի ընթացքում ստացել ենք 5 ամսվա աշխատավարձ։ Իսկ վերջերս (3 ամիս առաջ) հաշվապահի առաջարկությամբ հավաքեցինք մեկ ամսվա աշխատավարձի չափով գումար, որպեսզի վճարեն անցյալ ամիսների գումարը, բայց սպասում ենք մինչեւ հիմա»։ ՀՀ առողջապահության նախարարության բուժվարչության պետի տեղակալ Իրինա Պետրոսյանից տեղեկացանք, որ Գյումրիի արյան փոխներարկման կայանը համայնքային ենթակայության է եւ սնվում է համայնքային բյուջեից։ Երեկ ամբողջ օրը Շիրակի մարզպետարանի Երեւանի հեռախոսահամարը չէր պատասխանում, իսկ տեղականը՝ զբաղվածի նշաններ էր ցույց տալիս։ Թեեւ այնտեղից ակնկալվող պատասխանը կարելի է ենթադրել. «Պետական բյուջեն մեր համայնքի դոտացիան ե՞րբ տվեց, որ մենք հիմնարկներին չվճարեցինք»։ Հասկացանք, որ ոչ այնքան հիմնարկն ու նրա ֆունկցիաներն են կարեւոր, որքան «տանիքի հաստությունը»։
Կարդացեք նաև
Այնպես որ, Ոսկրածուծի դոնորների ռեեստր հիմնադրամի գլխից անպակաս լինի առաջին տիկնոջ ձեռքը, հակառակ դեպքում այդ, նաեւ մեր կարծիքով, չափազանց կարեւոր կազմակերպությունը ավտոմատ կերպով կդադարի այդպիսին լինելուց։
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ