Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի ապրեք ավելի երկար, քան անցած տարի»

Հունվար 13,2001 00:00
andranik margaryan

Երեկ Անդրանիկ Մարգարյանը հրավիրել էր հանրապետության զանգվածային լրատվության ներկայացուցիչներին՝ միասին դիմավորելու հին Նոր տարին։

Ողջույնի խոսքում Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե բարձր է գնահատում լրատվամիջոցների կատարած գործը, նույնիսկ ասաց, թե կառավարության աշխատանքի որոշ բացթողումների մասին ինքն իմանում է լրատվամիջոցներից։ Եվ խնդրեց 2001-ին եւս շարունակել համատեղ աշխատանքը։ Քանի դեռ չենք անցել ավելի անլուրջ թեմաների, ասեմ, որ վերջին օրերին չտպագրվող պետական թիվ մեկ թերթի՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի, ճակատագիրը հանդիպման մասնակից լրագրողներին հուզող թեմաներից մեկն էր։ Եթե իշխանության մեկ թեւը թերթի հրապարակումը դադարեցնում է իշխանության մեկ այլ թեւին ինչ-որ ձեւով պատժելու համար, ապա սա կարելի է որակել որպես մեր քաղաքականության առանձնահատկություններից մեկը։

Ի դեպ, մինչ ընթանում էր հանդիպումը, հանրապետության հեռուստատեսային ընկերությունները մի քանի րոպեով դադարեցրին իրենց գործունեությունը։ Մինչ տոնական տրամադրությանն անցնելը փորձեցինք վարչապետ Անդրանիկ Մարգարյանից իմանալ, թե ինչո՞ւ այդպես էլ ՀՀԿ խորհրդի արտահերթ նիստը որեւէ որոշում չկայացրեց Ալբերտ Բազեյանին առաջարկված հրաժարականի դիմումի վերաբերյալ։

Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե այդ հարցը քաղաքական հարց չէ եւ այդ պատճառով իրենք քաղաքական որոշում չեն կայացրել։ Քանի որ ներկաների խոսակցությունը խումբ-խումբ էր ստացվում, մի քանի պատառիկներ ներկայացնեմ ամենից հաջող կենացներից։ Անահիտ Ադամյանի կենացը (Հայաստանի Հանրապետություն»). «Հուլիոս Կեսարի ստրուկներից մեկը, երբ որ Կեսարը դարձավ 66 տարեկան, ասաց. «Կեսար, Աստվածների կամքով այս տարի ապրեք ավելի երկար, քան ապրել եք անցած տարի»։ Կեսարն այդ բանի համար ստրուկին ստրկությունից ազատեց, բայց երեք ամիս հետո Կեսարին սպանեցին»։ Արայիկ Գալոյանի անեկդոտը («Ժամանակ» օրաթերթ). «Ապարանցին մատին խաչ է անում, որ անգլերենը չմոռանա»։

Տիգրան Լիլոյանի («ԻՏԱՌ-ՏԱՍՍ») հարցը վարչապետին. «Կառավարության օղին է նույնիսկ քաղցր»։ Վարչապետի պատասխանը. «Կարող ա՞ «սփրայթ» են լցրել, գլխի չես»։ Այս առիթով Տիգրանը հիշեց, որ ինքը մի անգամ Արմեն Դարբինյանին ասել է. «Ձեր վարչապետության օրոք ամառն ավելի հով է, ձմեռն՝ ավելի տաք»։ Տեսնես հավատացե՞լ է։ Ի դեպ, երեկ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Դավիթ Զադոյանի ծննդյան օրն էր։ Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է այդքան շուտ եւ շատ սպիտակել, պարոն Զադոյանը պատասխանեց. «Տասը տարի ինչե՜ր եմ քաշել»։ Տեսնես ինչե՞ր է քաշել։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031