Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻ՞Ն

Հունվար 13,2001 00:00
patkerasrah

1998 թ. օգոստոսի 25-ին ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հրամանով Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդային հավաքածուն սկսեց ուսումնասիրվել։ Նպատակն էր՝ ճշտել գեղարվեստական արժեքների առկայությունը, դրանց հաշվառման ու պահպանության աշխատանքների վիճակը։

Երեկ ասուլիս էր հրավիրել մշակույթի նախարարը՝ ստուգող հանձնաժողովի ներկայացուցիչ Անահիտ Գալստյանի եւ Պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանի հետ միասին։ Որքան էլ բարիդրացիական մթնոլորտ էր ասուլիսի ընթացքում, այնուամենայնիվ, փաստերը աղաղակող էին եւ ելույթների ներքին ենթատեքստերը՝ լիովին ոչ բացատրելի։ Պատկերասրահի գործունեության 63 տարիների ընթացքում չէր կատարվել ֆոնդային հավաքածուների ստուգումներ։

Ուսումնասիրությունն այս կատարվում էր մշակույթի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի եւ ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ։ Ըստ ստուգումների, ներկայումս Պատկերասրահի հիմնական ֆոնդային հավաքածուից բացակայում են 15 գեղանկար (Հակոբ Հակոբյան, Այվազովսկի, Բաժբեուկ Մելիքյան, Սարյան, Բաշինջաղյան եւ այլն), 10 գծանկար, 12 քանդակ, 12 փորագրություն, դեկորատիվ-կիրառական արվեստի 5 նմուշ։ Այս ընթացքում հայ նկարիչներից շատերը շուրջ 53 աշխատանք են նվիրել Պատկերասրահին։ Գույքագրումը կատարվել է երեք անգամ եւ միշտ նույն արդյունքներն են գրանցվել։ Հանձնաժողովը ստուգումների հետ միաժամանակ փնտրողական աշխատանքներ էլ է ծավալել եւ մի քանի գործեր տարբեր տեղերից գտնվել ու վերադարձվել են։ Օրինակ, Մ. Սարյանի «Այգում՝ հանգստի ժամին» նկարը 1955 թ. տրվել է Հովհաննես Հովհաննիսյանի՝ Էջմիածնում գտնվող տուն-թանգարանին։ Մինչեւ 1974 թ. նկարը գտնվել է թանգարանում, բայց երբ ստուգող հանձնաժողովը եղավ տուն-թանգարանում, աշխատակիցները վկայեցին, որ 80-ականներից հետո այդ նկարն իրենք չեն տեսել։ Ստուգող հանձնաժողովի ներկայացուցիչ Ա. Գալստյանն ասաց, որ բավական մեծ թվաքանակ էին կազմում մուտքագրման աշխատանքները, բայց չնշվեց, թե քանի հազար գործեր առ այսօր չէին մուտքագրվել Պատկերասրահ։

Նշվեց նաեւ, որ «Տարբեր տարիների տեղի են ունեցել հապճեպ հանձնումներ, արագ-արագ, առանց անգամ այդ ստեղծագործությունները Պատկերասրահ մուտք գործելու՝ տարվել են մասնաճյուղեր»։ Պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը համոզված ձայնով լրագրողներին ազդարարեց, թե այլեւս գաղտնիք չկա, ամեն ինչ բաց է. «Այսպիսով՝ ամբողջ Պատկերասրահն իր տասնյակ հազար գործերով կարելի է ասել՝ թափ է տրված եւ մենք ամեն ինչ մինչեւ հատակը այսօր տեսանք»։ Միանշանակ՝ ասվածի հետ համաձայնել հնարավոր չէ։ Իր տնօրինության (1991 թվից) շրջանում անհետացած չորս գեղանկարների մասին խոսելիս արդեն 2001 թվին պրն Խաչատրյանը զղջաց, որ ժամանակին ոստիկանությանը չի ահազանգել։ Եվ չահազանգելը բացատրեց Պատկերասրահի վերանորոգչական ու էքսպոզիցիոն հարցերով զբաղված լինելով։ Սա նույնպես քիչ համոզիչ հնչեց։

«Առավոտի» այն հարցին, թե Պատկերասրահում մինչ այս ստուգումներ են եղել նաեւ 1992 եւ 1995 թվերին եւ, սակայն, 95թ. ստուգումները ինչ-ինչ պատճառներով ավարտին չհասան (մեր տվյալներով որոշ հրահանգներից հետո), ո՞րն էր դադարեցման պատճառը, որը Շ. Խաչատրյանի սրտով էր, նա նկատեց, որ իր տնօրինության առաջին իսկ օրից բազում թշնամիներ հավաքվեցին իր շուրջ, որոնք ձգտում էին Պատկերասրահի տնօրեն լինել եւ թերթերում հոդվածներ էին տպագրում իր դեմ։ Ըստ տնօրենի, 95 թ. ստուգումների ետեւում նախեւառաջ թշնամությունն էր կանգնած։ Եվ Շ. Խաչատրյանն ասաց նաեւ, թե այնպիսի մի ստուգող հանձնաժողով էր կազմվել (կասկածելի մարդկանցով), որոնց նա չէր կարող վստահել։ Մեր առանձնազրույցում Շ. Խաչատրյանը սրան հավելեց, որ 95 թ. ստուգումներն անցկացնելիս Պատկերասրահի մուտքը փակ էր՝ զմռսված, ինչն իր կարծիքով, անթույլատրելի էր։ Երբ հայտնի դարձավ անհետացած ստեղծագործությունների ցանկի մի մասը, Շ. Խաչատրյանն առաջարկեց բացակա նկարների փոխարեն համալրել նույն կամ այլ հեղինակների տարբեր աշխատանքներով։

Մեր հարցին, թե ինչո՞ւ պրն Խաչատրյանը դա առաջարկեց եւ արդյո՞ք Հակոբ Հակոբյանի՝ Պատկերասրահից անհետացած մի նկարի տեղն իր իսկ մեկ այլ նկար բերելով, խնդիրը լուծվում է, կորուստը փոխհատուցվում, կամ երբ Բաշինջաղյանի մի կտավի փոխարեն առաջարկվում է ժամանակակից հեղինակի կտավ։ Շ. Խաչատրյանն ասաց միայն, որ ինքը դիմել է նկարիչներին (Էդուարդ Իսաբեկյան, Հակոբ Հակոբյան, եւն)՝ պակասը համալրել իրենց գործերով։ «Բոլորն էլ իրենց գործերից նվիրաբերում կատարեցին (թվով 53) Պատկերասրահին, որոնց ցուցահանդեսն առանձին կազմակերպվեց»։ Ինչ խոսք, սա խնդրի լուծում չէ։ Շ. Խաչատրյանը խոր հոգոցով՝ վստահաբար հայտարարեց. «Վերջապես ազատվեցինք այն մտայնությունից, որ Պատկերասրահում թալան է տեղի ունեցել»։

Ինչ խոսք, Շ. Խաչատրյանը մեծ գործ է կատարել՝ 10 տարիների ընթացքում Պատկերասրահ բերելով 400-ից ավելի գեղարվեստական գործ (այդ թվում՝ Այվազովսկու յոթ կտավ)։ Սակայն վստահ չենք, թե վերոհիշյալ մտայնությունից լիովին ազատվել ենք։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031