Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶԵՅԱՆԻ ԴԵՊՔԸ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ Է

Հունվար 13,2001 00:00
Albert Bazeyan

Նրա հրաժարականը քաղաքական ենթատեքստ չունի՞

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ելույթ ունեցավ քաղաքապետարանում, երբ ներկայացնում էր նոր քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին։ Նա հուզված ու դողդողացող ձայնով փորձում էր հավաստիացնել, թե Ալբերտ Բազեյանի պաշտոնանկությունը քաղաքական շարժառիթներ չունի, մինչդեռ վերջինիս մերձավոր շրջապատը փորձում է այն քաղաքականացնել։

Հետաքրքիր է, որ վարչապետ նշանակվելու օրից ի վեր կառավարության կազմում որեւէ կադրային փոփոխություն (ՀԺԿ-ի, Կոմկուսի, ԱԺՄ-ի կամ ՀՅԴ-ի պարագայում) պարոն Մարգարյանը այլ ձեւակերպմամբ էր ներկայացնում՝ դա ոչ թե անձի, այլ քաղաքական խնդիր է։ Ա.Բազեյանի դեպքը, հավանաբար բացառություն է։ «Միասնությունը», ՀՀԿ-ն եւ «Երկրապահները» ձեռնպահ մնացին որեւէ կերպ անդրադառնալ այդ պաշտոնանկությանը։ Որոշվել է հարցը չքաղաքականացնել, մանավանդ, որ որեւէ բան փոխել անհնարին է, իսկ այդ երեքի հեռանկարը՝ մշուշոտ։

Թեեւ Բազեյանի հրաժարականը հասարակության շրջանում եւ լրատվամիջոցների կողմից մեծ ուշադրության արժանացավ, սակայն նույնը չի կարելի ասել քաղաքական ուժերի մասին։ Այսպես, ՀՀՇ վարչության անդամ Անդրանիկ Հովակիմյանն ասաց, թե ո՛չ ինքը, ո՛չ կուսակցությունը չի ուզում անդրադառնալ այս պաշտոնանկությանը, քանի որ, ըստ նրա, հարցը բացարձակապես ռեզոնանս չունի։ ՀԺԿ-ն, որ խորհրդարանական մեծամասնության անդամ է, մտադիր չէ անդրադառնալ նախկին քաղաքապետի պաշտոնանկությանը։

Ըստ Գագիկ Ասլանյանի, չարժե հարցը քաղաքականացնել, իսկ «Միասնության» դիրքի ամրապնդումը ոչ թե հայտարարություններով, այլ ռեալ գործով պետք է իրականություն դառնա։ ՀԺԿ-ում մեր այն հարցին, թե կուսակցության լռության պատճառն արդյո՞ք այն չէ, որ նոր քաղաքապետը երբեւէ ՀԺԿ-ի կողմից առաջադրված նախարար է եղել, պատասխանեցին՝ «բացարձակապես այդպես չէ»։ ՀԺԿ-ում հավաստեցին, թե մարդկայնորեն իրենք համակրում են Բազեյանին, բայց միայն այսքանը։ Կոմկուսն, ինչպես միշտ, ավելի կտրուկ էր իր գնահատականներում։ «Բազեյանի նկատմամբ ե՛ւ իմ, ե՛ւ կուսակցության վերաբերմունքը դրական է։ Բայց մինչ օրս մենք տեղյակ չենք այդ հրաժարականի իրական շարժառիթներին։ Երբ այս մասին բավարար տեղեկատվություն ունենանք, անպայման հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ առայժմ կարող եմ միայն հաստատել այն պնդումը, թե այդ պաշտոնանկությունը պետք է դիտել քաղաքական զարգացումների ենթատեքստում։ Վերջին բոլոր փոփոխությունները քաղաքական զարգացումների շղթայի օղակներն են եւ մեկը մյուսի հետ ներքին կապ ունեն»,- ՀԿԿ-ի տեսակետը ներկայացրեց կուսակցության ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ, անդրադառնալով նախկին քաղաքապետի պաշտոնանկությանն, ընդգծեց, որ այն միանշանակորեն քաղաքական խնդիր է։ «Այս իշխանությունների օրոք որեւէ պաշտոնյայի մասնագիտական կարողությունները վաղուց արդեն հիմք չեն նշանակման կամ պաշտոնից ազատման համար։ Դրա պատճառը միմիայն քաղաքական է»,- նշեց պարոն Մակեյանը։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031