ՇԱԲԱԹՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ Ռոբերտ Քոչարյանը Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ այս տարի բացել 40 հազար աշխատատեղ, նախագահը առաջին իսկ շաբաթում բացեց նոր նախարարություն՝ քաղաքաշինության նախարար նշանակելով ՀՅԴ անդամ, մասնագիտությամբ կենսաբան Դավիթ Լոքյանին՝ հավանաբար, նկատի ունենալով, որ կենսաբանական օրգանիզմների բջիջներն ու շինարարական պանելները մոտավորապես նույն ձեւով են դասավորվում: Նոր նախարարությամբ, ըստ ամենայնի, կբացվի մի 100 չինովնիկի աշխատատեղ: Այսպիսով, եւս 400 նախարարություն, եւ խոստումը կատարված կլինի: Վլադիմիր Պուտինը Անտեսանելի ճակատի մարտիկներ Պուտինն ու Ալիեւը հասկացան իրար կես հայացքից: Երիտասարդ հետախույզը գիտեր, ինչով կարելի է գայթակղել փոքր-ինչ սենտիմենտալ դարձած ծերուկին. հարազատ հիմնարկի արխիվից պեղած Լենինգրադի ԿԳԲ-ի հատուկ դպրոցի վկայականով: Հետաքրքիր է, ինչպիսի թանկագին մասունքներ է Պուտինը բերելու, երբ ժամանի Երեւան: «Առավոտի» ընթերցողները Մեր թերթից իմանալով, որ անցած շաբաթ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն էր, մեր մի քանի ընթերցող խնդրեցին թերթի միջոցով փոխանցել նրան իրենց շնորհավորանքները: Հաշվի առնելով այն հիստերիկ քարոզչությունը, որը ՀՀ ներկայիս նախագահը 3 տարի անընդմեջ ծավալում է իր նախորդի դեմ՝ օգտագործելով իր գրպանում գտնվող քաղաքական գործիչներին, քարոզիչներին եւ նոմենկլատուրային բիզնեսմեններին, նման զանգերը կարելի է դիտել գրեթե որպես հերոսություն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ