Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ ԸՆԵ՜ՆՑ ՆԱՐԴԻ ԽԱՂԱՑՈՂ ԷՐ

Հունվար 13,2001 00:00
hangucyal

Երբ խմբագրություն են գալիս որդեկորույս մայրեր եւ պայուսակից գուրգուրանքով հանում են… դագաղում պառկած, խոշտանգված զավակների՝ իրենց իսկ ձեռքով արած լուսանկարները եւ երկա՜ր, մեղմ ժպիտով չեն կարողանում այդ լուսանկարներից իրենց հայացքը կտրել, դժվարությամբ, բայց մի կերպ ընկալում ենք։ Անասելի մեծ մտավոր կենտրոնացում է հարկավոր՝ հասկանալու նրանց, ովքեր իրենց մերձավորագույն հարազատի թաղման արարողությունը տեսագրում են եւ չեն կշտանում այն ամեն օր դիտելուց։ Սակայն բավական է շրջել մայրաքաղաքի ամենահայտնի երկու գերեզմանատներում, եւ հանգուցյալի հարազատների մղումներն ըմբռնելու փոխարեն ծիծաղդ չես կարողանում զսպել։

Հասկանալի պատճառներով հանգուցյալների տվյալները տալ չենք կարող, քանի որ նրանք կյանքից վաղաժամ հեռանալուց բացի՝ երկրորդ դժբախտությունն են ապրում, արդեն՝ հետմահու։ Նրանց շիրիմները «զարդարում» են այնպիսի արձաններ՝ այնպիսի՜ գրություններով, որ զավեշտի է հասնում։ «Այսինչ Այսինչյան, ծնվել է 1962թ., մահացել է 1986թ.»։ Շիրմի վրա մի երիտասարդ տղայի արձան է…«Ադիդաս» սպորտային համազգեստով եւ «Ադիդաս» մարզական կոշիկներով։ Բակի կռվում մասնակցած եւ դանակի հարված ստացած այս դժբախտ երիտասարդը, ըստ առողջ տրամաբանության, դանակահարվել է հենց վերոնշյալ հագուստը հագին, որով էլ նրան անմահացրել են։ 62 տարեկանում կյանքից հեռացած մի տղամարդու (տվյալները խմբագրությունում են) գերեզմանի վրա նրա իսկ արձանն է… նարդի խաղալիս։

Խմբագիրս, լսելով նման մահարձանի գոյության մասին, տվեց ամենատրամաբանական հարցը. «Իսկ ո՞ւմ հետ է նարդի խաղում. պարտնյոր ունի՞»։ Ոչ, 62-ամյա նարդու հրաշալի վարպետի պարտնյորը, ենթադրում ենք, ողջ էր, հետեւաբար նարդուն գամված հայացքով եւ զառերը աջ ձեռքի բռունցքում պահածի հետմահու քանդակը սոլո էր։ «Մեզանում» հարգի են խոշոր, մոնումենտալ, կոթողային գերեզմանաքարերը։ 88-ից հետո քարերը իրենց տեղը զիջեցին եկեղեցիներին ու մատուռներին։ Հասկանալի է, դրանք այն մեծահարուստների ճաշակով են, ովքեր Բախի եւ Կոմիտասի երաժշտությունը ստորադասում են «Հեռա՜-նուուում եմ այս աշ-խարհի՜ց» կլկլոցին։

Զուսպ, կիրթ մարդիկ իրենց հարազատների հիշողությունը հարմարեցնելով սեփական դրամապանակի պարունակությանը՝ համեստ տապանաքարեր են տեղադրում՝ համապատասխանաբար համեստ մակագրություններով։ Սակայն զսպվածությունն ու բարեկրթությունը մեզ մոտ բացառիկ դրսեւորումներ են։ Առաջին լուսանկարում Ջոն Քենեդու, նրա կնոջ՝ Ժաքլին Քենեդի-Օնասիսի եւ նրանց երկու որդիների գերեզմաններն են (լուսանկարն իմ գործընկեր Արեւհատ Գրիգորյանն է արել Վաշինգթոնում)։

Ըստ մեր տրամաբանության՝ այն պետք է զբաղեցներ մի քանի հեկտար տարածություն՝ չորս հսկայական քանդակ-հուշարձաններով, իսկ դրանց անկյունում փորագրված լիներ՝ «Ընկերներից»։ Սակայն մահը, կոնկրետ Քենեդիների հարազատների պարագայում ցուցամոլության եւ մազոխիզմի մի հաճելի առիթ չէ, այլ զուսպ վշտի արտահայտություն, որն ամենեւին չի ենթադրում Քենեդու եւ Ժաքլինի համատեղ արձանները՝ նախագահական ավտոմեքենայում՝ Քենեդիի վրա կրակելու պահին։ Հայերիս, գուցե նաեւ կովկասյան, անդրկովկասյան մյուս ժողովուրդների մոտ էլ, չգիտեմ, շիրմաքարի պատվիրումը, պատրաստումը տեւում է մեկ տարի, երբ դրա համար (եթե ֆինանսական ահավոր վատ պայմաններդ չեն խանգարում) բավական է արդեն պատրաստի համեստ տապանաքարի վրա փորագրել տալ հանգուցյալի մի քանի՝ կոնկրետ «դեպքի» համար պատշաճ տվյալներ՝ անուն-ազգանունը, ծննդյան եւ մահվան թվերը։ Իսկ այն, որ մահացողը լավ նարդի էր խաղում կամ վարորդ էր (մահարձաններից մեկը «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա է՝ ղեկի մոտ՝ հանգուցյալը՝ մահից առաջ) անկարեւոր եւ, համաձայնեք, արդեն հնացած ինֆորմացիա է։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031