Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԻԳԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ՀՍԿԻՉԸ ՉԷ՞

Հունվար 12,2001 00:00
Toto

Սոցիալական բնույթի գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունները անցյալ դարում ՀՀ սոցապ նախարարության հետ համագործակցության լիգա ստեղծեցին։ Դրանցից որոշները պնդում են, որ՝ ոչ իրենց կամքով։ Նրանց առանձնապես ստիպող էլ չի եղել, սակայն նախաձեռնությունը նախարարությունից է եկել։ Իսկ այդ ո՞վ կցանկանա փչացնել հարաբերությունները նախարարության հետ։ Սակայն այդ լիգան ձեւավորելուց անմիջապես հետո ՀԿ-ներից որոշներն սկսեցին դժգոհել, որ այդ «այսպես կոչված համագործակցությունը ունի մի նպատակ՝ վերահսկել եւ տնօրինել այդ ՀԿ-ների միջոցով հանրապետություն մուտք գործող ֆինանսական միջոցները»։

ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանին խնդրեցինք պարզաբանումներ տալ այս կապակցությամբ։ «Բոլորովին։ Խնդիրն այստեղ շատ պարզ է եւ, կարծում եմ, մենք լուրջ քայլ ենք արել այս ուղղությամբ։ Հանրապետությունում գործում են մի քանի հարյուր հասարակական կազմակերպություններ, դրանց մի մասը՝ սոցիալական ոլորտում։ Եվ գործում էին առանձին-առանձին։ Պարզապես նախարարությունը փորձ արեց կազմակերպելու համագործակցությունը։ Մենք այնտեղ հանդես եկանք ընդամենը որպես իրավահավասար գործընկեր՝ հավասար իրավունքներով, որպես կողմերից մեկը։ Շատ արագ մեզ հաջողվեց համախմբել մոտ 70 հասարակական կազմակերպությունների եւ ստեղծել Սոցիալական լիգա»։ Պրն Մարտիրոսյանի հավաստմամբ, իրենց խնդիրը «նրանց գործերին ոչ թե միջամտելն է, այլ ՀԿ-ների միջեւ համագործակցության կազմակերպումը՝ ե՛ւ կազմակերպչական, ե՛ւ ինտելեկտուալ, ե՛ւ մյուս ռեսուրսների համակարգումը ավելի արդյունավետ իրականացնելու համար»։

Որպես նման համագործակցության անհրաժեշտության փաստարկ, սոցապ նախարարը նշեց, ասենք, հաշմանդամների խնդիրներով զբաղվող արդեն կայացած մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների գոյությունը։ Դրանք զբաղվում են ե՛ւ մանկական, ե՛ւ մեծահասակների, ե՛ւ ողնաշարային հաշմանդամությամբ տառապող մարդկանց խնդիրներով, բայց գործում էին առանձին-առանձին։ Ըստ պրն Մարտիրոսյանի, քաղաքացիական հասարակություն կառուցելու կարեւորագույն խնդիրներից մեկն է մեծացնել հասարակության մասնակցությունը սոցիալական խնդիրները լուծելու գործին։ «Այլ նպատակ մենք մեր առջեւ չէինք դրել»,- հավաստիացնում է Ռազմիկ Մարտիրոսյանը։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031