Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերի հարցը հարց է

Հունվար 12,2001 00:00
Andranik margaryan

«Անդրանիկ Մանուկյանը պարտադրում է իր թելադրած գներով դեղերը վաճառել, իսկ այդ պահանջին չենթարկվելու դեպքում՝ սպառնում խիստ միջոցներ կիրառել մեր դեմ»,- այս մասին հայտնեցին դեղորայք ներմուծողներ, որոնք չցանկացան հրապարակել իրենց անունները։

Անդրանիկ Մանուկյանից փորձեցինք ճշտել, որ այսօր պետական եկամուտների նախարարի կարգավիճակով ինքը գին է պարտադրում ներկրողներին, արդյո՞ք մեքենաների ներկրող կարգավիճակում որեւէ պետական մարմին իրեն գին թելադրել է։ «Ես չեմ պարտադրել ոչ մեկին ինչ գնով վաճառել։ Ես նրանց ասել եմ, որ ես օրենքի շրջանակներում գործելու եմ։ Ինչ վերաբերում է իմ մեքենա ներկրելուն. որ ես մեքենա ներկրում եւ վաճառում էի, ես ամենախոշոր հարկատուն էի»,- պատասխանեց Անդրանիկ Մանուկյանը՝ ակնհայտորեն իրեն դուր չեկած հարցին։ Երեկ, օրվա վերջին հայտնի դարձավ, որ պետեկամուտների նախարարը հանդիպել է դեղորայք ներկրող 45 ֆիրմաների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման արդյունքում կողմերը որեւէ նշանակալից եզրահանգման չեն եկել եւ որոշել են հանդիպել երկուշաբթի օրը՝ մինչ այդ՝ գները չբարձրացնելու պայմանով։

Թերեւս, արժեր այս հանդիպումը կազմակերպել մինչեւ օրենքի ընդունումը՝ ի վերջո, այդ ոլորտում գործող մարդիկ ավելի լավ են պատկերացնում խնդիրները։ Մանավանդ, որ ներկրողների իսկ պնդմամբ՝ օրենքի ընդունումից հետո կավելանա մաքսանենգ ճանապարհով դեղերի մուտքը։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանի որեւէ երկրում դեղերի շրջանառությունից ԱԱՀ չի հարկվում։ Ստացվում է, որ սրանով կխթանվի ստվերային տնտեսությունը։

Մեր այս դիտարկման հետ պրն Մանուկյանը չհամաձայնեց, չնայած միաժամանակ նշեց, որ դեղերի մաքսանենգություն կա։ «Իհարկե, կփորձեն մաքսանենգ ճանապարհով դեղեր բերել, քանի որ դեղերը արդեն հարկվելու են, իսկ մեր խնդիրն է արգելել մաքսանենգությունը։ Եթե նրանք կարողանում են մաքսանենգ ճանապարհով դեղ մտցնել Հայաստան, ուրեմն մաքսային համակարգը շատ թույլ է աշխատում, եւ լուրջ հետեւություններ կարվի։ Մեր խնդիրն է փակել մաքսանենգ դեղերի ներմուծման ճանապարհը ՀՀ, եւ կփակենք»,- համոզված ասաց Անդրանիկ Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ներկայումս ՀՀ-ում 2500 դեղամիջոց է գրանցված, բայց դեղատներում շուրջ 6 հազար անուն դեղ կա։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031