Լրահոս
Օրվա լրահոսը

Հետադարձ հայացք կամ պատառիկներ անցյալ դարից

Հունվար 12,2001 00:00
toto

Դար թեւակոխեցինք.. Նոր դար… Նոր հազարամյակ… Արդեն հասցրին չարչրկվել այս խոսքերը, բայց կրկին ասում ենք։ Ու ինչքան որ կանք, անընդհատ կրկնում ենք. «Մե՜նք, մե՜ր մշակույթը, մե՜ր անցյալը, մեր մեծե՜րը… անուններ, որոնցով կհպարտանար ամեն մի ազգ»… Ասում ենք, խոսո՜ւմ, գովաբանում ինքներս մեզ, ուռչո՜ւմ, փքվո՜ւմ… Արդյունքում լինում է այն, ինչ սովորաբար պատահում է փուչիկի հետ։

Հետաքրքիր է, ի՞նչ ենք տանում նոր դար ու հազարամյակ… գուցե լեզո՞ւն, վա՞րքը… «Արա՛, էրեկ գիշերը տասներկուսի մոտերքը ես, Զատիկը, Բադիկը, Կկուն, Ճուտը մառշով մառշ էղանք պրյամո «12 աթոռ»։ Ջոգո՞ւմ ես, Լիլիթ Կարապետյանն էր ընդեղ։ Ժամը խոսքի մինչեւ քշերվա 4-ը հաբռգանք ու էլ բան չեմ հիշում»։

Ահա այսպես են խոսում փողոցում ժողովի հավաքված տղաները։ (Ուսուցիչս կասեր «Հողը խաբարը Մեսրոպ Մաշտոցին չհասցնի»)։ Եթե ասեմ, որ օպերայի, բալետի մասին էլ են խոսում, չեք հավատա, սակայն իզուր։ «Արա՛, էն օրը Լուսիս հետ թռանք օպերա, ջոգում ե՞ս, բեսամթ տուլիս էի եղել, վարատնիկս էլ կերել։ Սաղ Լուսոն էր, ասեց՝ լյուբովնայա դրամա ա։ Ես էլ ասի՝ էթանք, աղջկա խաթրը չկոտրեմ… Խոխմ էր, ապե՛, հորս արեւ, ապե՛, մորս արեւ… Մարդ չէին գտել, մի հատ չոռնիի բերել, բիձա էր, ջոգում ե՞ս ու մի հատ Լուսիս նման աղջկա հետ պսակել։ Ջոգում ե՞ս, կնոջ պլատոկը տեսել էր ուրիշի մոտ, կնգան խեղդեց… Լուսս լացեց, ասի՝ չեղավ, որ քո պլատոկն էլ ուրիշի մոտ տեսնեմ՝ կխեղդեմ։ Ու էն օրվանից, ա՛պ, Լուսն՝ իրա ճամփով, ես՝ իմ»։

Օթելլոյի այս յուրօրինակ ըմբռնումը ձեր դատին ներկայացնելով՝ շարունակենք։ Երբ գնում եք համերգ, կինոթատրոն կամ թատերական ներկայացում դիտելու՝ մի պահ ձեր շուրջը զննեք։ Օրինակ, բեմում Սոֆի Դեւոյանի պարի խումբն է, իսկ դահլիճո՞ւմ… Հենց առջեւում նստած մի խումբ տղաներ՝ երաժշտության «իսկական» մասնագետներ, այնպես տակտով են արեւածաղկի սերմը «չրթում ու թքում», որ մի խումբ շեղակն հանդիսականներ (ըստ երեւույթին՝ ճապոնացիներ), բեմն ու պարողներին թողած՝ ապշահար հետեւում են դրանց։ Դար թեւակոխեցինք… Նոր դար… Նոր հազարամյակ…

ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031