Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔԻՉԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 12,2001 00:00
xosrov harutyunyan

Էն գլխից էլ, դեռ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության նախապատրաստման առաջին քայլերից էլ պարզ էր, որ քրիստոնեական այս մեծ տոնի առիթը հայերն օգտագործելու են զուտ իրենց բիզնեսի համար։

Տոնախմբությունների ամենաարդյունավետ գաղափարներից մեկն էլ աշխարհահռչակ լուսային էֆեկտներով Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը զարդարելն էր։ Ասում են, թե այդ գաղափարի հեղինակը «Շարմն» է եղել, որը հետո իրականացրին Խոսրով Հարությունյանն ու Արմեն Մազմանյանը։ Ինքնին շատ թանկ հաճույք էր նման լույսեր բերելը։ Որքան գումար ծախսվեց դրանք Հայաստան բերելու համար՝ հստակ թիվ չեն ասում, խոսվում է մոտ 80 հազար դոլարի մասին։ Իսկ թե որքան է իրականում ծախսվել միայն լուսային էֆեկտների տեղափոխման, ձեռքբերման վրա եւ թե ինչ թիվ հետո կներկայացվի իբրեւ ամրագրված գին՝ դժվար է ասել։

Ի դեպ, լավատեղյակ աղբյուրները պատմում են, որ այդ լուսային էֆեկտները հրապարակում տեղադրելու եւ աշխատացնելու համար Ռուսաստանից մասնագետներ էին եկել։ Վերջիններս, սակայն, տեսնելով թանձր մառախուղը, մտածել են, որ այն շատ երկար կշարունակվի եւ տոնակատարությունը գոնե այդ գիշեր տեղի չի ունենա եւ… նվիրվել են ոգելից խմիչքներին։ Ու այնպես, որ հետո տոնակատարության կազմակերպիչները լուրջ անհանգստացել են՝ ով պետք է դրանք աշխատեցնի եւ ինչպես։ Հաջորդ միտքը, որ յուրացվեց Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարության կուրատորի կողմից՝ Քրիստոնեությանը նվիրված գովազդավահանակներն էին։ Խոսրով Մելիքիչը սրանով թերեւս ավելի շատ ոգեւորվեց։ Ու կարճ ժամանակամիջոցում քաղաքը ողողվեց պատմական հուշարձանների, եկեղեցիների պատկերներով՝ «Սամսունգը», «Միկա Արմենիան», «Կիլիկիա» գարեջուրը (եւ այլն, եւ այլն)՝ գովազդային անճաշակ, անբովանդակ, մեծ չափերի լուսային գովազդավահանակներով։

Երեւանի քաղաքապետարանի գլխավոր նկարիչ Արմեն Օհանյանը գովազդավահանակների տեղադրման մասին ասաց, որ նախապես համաձայնություն է եղել որոշակի տեղեր ամրագրել դրանց համար, եւ դրանց ճշգրիտ տեղը, չափսը եւ էսքիզը պետք է հաստատվեր քաղաքապետարանի գլխավոր նկարչի համաձայնությամբ։ Պրն Օհանյանն ասաց. «Մարդ կա՝ բերում էր, մարդ կա՝ չէր բերում, եւ այդպիսով շատ անթույլատրելի վայրերում են հաճախ տեղադրվել։ Ես զեկուցագիր եմ գրել փոխքաղաքապետին, որ գովազդավահանակները չեն տեղադրվում հաստատված կարգով»։ Ըստ Ա. Օհանյանի, վահանակի էսքիզն ու արտաքին տեսքն էլ պետք է ինքը հաստատեր, բայց այդ գործընթացը այնքան էլ հարթ չի ընթանում։ Ընդ որում, երկու ընկերությունների է Խոսրով Մելիքիչը վստահել դրանց տեղադրումն ու դիզայնը՝ «Արաբելլա» եւ «Գարանտ»։ Հիշեցնենք, որ «Արաբելլան» Խ. Հարությունյանի ազգականներից մեկի ընկերությունն է, որի գործերի առաջխաղացմանն այդպես նպաստում է Խոսրով Մելիքիչը։ «Շատերը լայաղ չեն անում գալ մեզ հետ համաձայնեցնել եւ փաստորեն այդ հանձնաժողովի եւ քաղաքապետարանի համագործակցության սխեման մշակված չէ»,- մեր հեռախոսազրույցի ընթացքում նշեց քաղաքապետարանի գլխավոր նկարիչը։ Եվ վերջապես՝ այդ գովազդավահանակների բովանդակության մասին։

Մինչ օրս, փաստորեն, քրիստոնեություն ասելով հայերը (գոնե հաստատ Խ. Հարությունյանը), հասկանում են եկեղեցի (եկեղեցու պատեր), հուշարձան։ Դրանցում ավելի խոշոր տառերով գրված է գովազդավահանակի համար վճարողի անունը (ասենք՝ «Սամսունգ»), քան Քրիստոնեության 1700-ամյակը հիշեցնող տողը եւ կամ լուսանկարում պատկերված հուշարձանի անունը։ Ո՞ւմ կամ ի՞նչն է գովազդում Խոսրով Մելիքիչը՝ Քրիստոնեության 1700-ամյա՞կը, Գանձասա՞րը, Էջմիածնի Մայր տաճա՞րը, թե՞ «Միկա Արմենիան», «Կիլիկիան», «Սամսունգը»:

Ի վերջո, դրանցից ստացված գումարներն ինչպե՞ս են վերահսկվում, ո՞ւմ գրպանն է գնում, ովքե՞ր են կիսում այդ գումարները, ո՞ւմ համատեղ բիզնեսն է։ Օրերս հայ գրողներից մեկը ճիշտ արտահայտվեց, թե Աստծուն դիմում են այնպես, կարծես գործ ունեն կամ խոսում են ռայկոմի քարտուղարի հետ… եւ ո՞ւմ աչքերին են թոզ փչում։ Ինչ խոսք, պետք է համաձայնել, որ այս հարցում մեղադրելի են նաեւ մեր եկեղեցու ծառայողները։ Եկեղեցին չպետք է այս մեծ երեւույթը, տոնակատարությունը՝ Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակի, թույլ տար վստահել պետությանը, ավելի ճիշտ մեր պետական պաշտոնյաներին, չինովնիկներին, որոնք բիզնեսի պրիզմայով են ցանկացած արժեքի վերաբերվում։ Գուցե այդ դեպքում գումարները եկեղեցու կարիքներին կծառայեին, ոչ թե անհատ մի քանի մարդկանց գրպանի պարունակությունը կտրուկ կավելացնեին։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031