Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՈՒԼԻՍԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԵՆՔ ՍՏԱՑԵԼ»

Հունվար 12,2001 00:00
mankapartez

Ասում է մանկապարտեզներից մեկի վարիչը

Այն իրողությունը, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցների աշխատավարձերի պարտքերը փակված են, բոլորի կողմից ընկալվում է որպես արտառոց եւ անբնական երեւույթ։ Եվ դա տրամաբանական է։ Չէ՞ որ, ի տարբերություն դպրոցների, բազմաթիվ բյուջետային հիմնարկներ տարին փակել են աշխատավարձերի հսկայական պարտքերով։ Թողնելով դպրոցներին իրենց ուրախության հետ՝ «Առավոտն» այս անգամ փորձեց ճշտել մանկապարտեզների վիճակը։

Ի դեպ, ի տարբերություն դպրոցների, որոնք գտնվում են մարզպետարանների ենթակայության տակ (հիշեցնենք, որ Երեւանն առայժմ մարզի կարգավիճակ ունի), մանկապարտեզները համայնքապատկան մարմիններ են։ Ու բնականաբար, ֆինանսավորումը ստանում են համայնքներից։ Վերջիններս էլ, այդ ֆինանսավորումն ապահովում են կամ տեղական բյուջեի մուտքերից, կամ պետական դոտացիաների հաշվին։ Թիվ 20 մանկապարտեզն, օրինակ, Կենտրոն համայնքում է գտնվում եւ, ըստ վարիչ Հասմիկ Վարդանյանի, համեմատաբար լավ վիճակում է. «Մեզ միշտ լավ են ֆինանսավորում։ Այս տարի մի քիչ ուշացրին (հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների աշխատավարձը չենք ստացել), բայց դա համայնքի մեղքը չէ։ Գանձապետարանից փող չեն տալիս. գումարը կա, բայց ոչ մի գործարք չեն կատարում»։ Երեխաներից գանձվող ամսավճարները (3000 դրամ) օգտագործվում են միայն սնունդ ձեռք բերելու համար. «Իրավունք չունենք այդ գումարներից աշխատավարձ տալ»։ Այս մանկապարտեզը ջեռուցվում է էլեկտրական վառարաններով. «Մենք մեր միջոցներով ենք ձեռք բերել։ Համայնքը մուծում է էլեկտրական էներգիայի գումարը։ Որեւէ սահմանափակում չկա՝ անհրաժեշտ տաքությունն ապահովում ենք»։ Երբ հետաքրքրվեցինք՝ ծնողներն օգնո՞ւմ են, պատասխանը հետեւյալն էր. «Ո՜չ։ Նրանք իրենք օգնության կարիք ունեն։ Միակ օգնությունն այդ 3000 դրամն է, որ կանոնավոր վճարեն»։

Նույն՝ Կենտրոն համայնքի մեկ այլ՝ թիվ 99 մանկապարտեզի վարիչ Ջուլիետա Աղամիրյանն ասաց, որ իրենց վարձավճարը 2000 դրամ է՝ «Ծայրը ծայրին ենք հասցնում»։ Նրանք եւս հոկտեմբերի աշխատավարձը դեռ չեն ստացել։ Ջեռուցվում են «տեներով»՝ համայնքն է տրամադրել։ Համայնքն էլ մուծում է էլեկտրաէներգիայի եւ մյուս վարձերը։ Քանաքեռ-Զեյթուն համայնքի մանկապարտեզների վիճակն ավելի անմխիթար է։ Թիվ 39 մանկապարտեզի վարիչ Մարգարիտ Հայրապետյանի տվյալներով. «Վերջին անգամ ստացել ենք հուլիսի աշխատավարձը։ Ասում են՝ կլինի։ Մենք էլ սպասում ենք։ Ի՞նչ անենք՝ բոյկոտե՞նք։ Որ ի՞նչ։ Մտնում ենք պետության դրության մեջ. բարեխղճորեն աշխատում ենք։ Կարեւորը երեխաների սնունդն է, որն ապահովում ենք իրենց մուծած 2000 դրամներով»։ Այս մանկապարտեզը ջեռուցվում է նավթի վառարաններով։ «Նավթը հատկացրել է համայնքը։ Ջերմաստիճանը նորմալ է։ Ծնողներն ինչպե՞ս օգնեն, հազիվ 2000 դրամներն են տալիս»։

Շենգավիթի մանկապարտեզները նույնիսկ նոյեմբերի աշխատավարձն են ստացել։ Ըստ թիվ 196 մանկապարտեզի վարիչ Անժելա Արշակյանի. «Մեր վիճակն անհամեմատ բարվոք է։ Հույս կա, որ մոտ օրերս դեկտեմբերի գումարն էլ կտան։ Երեխաներից ընդամենը 1500 դրամ ենք գանձում։ Համայնքը տրամադրում է հացը, բուլկին, մուծում է ջրի, լույսի վարձը։ «Տեներ» ունենք, միացնում ենք, լավ տաք է։ Համայնքը նաեւ ցելոֆաններով ու ապակիներով է ապահովել։ Ծնողներն էլ հնարավորության սահմաններում օգնում են՝ եթե դիմում ենք։ Բայց աշխատում ենք քիչ դիմել»։

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 2 մանկապարտեզը համայնքապատկան չի։ Ըստ վարիչ Ասյա Մինասյանի՝ «Մենք ինքնաֆինանսավորվող հիմնարկ ենք։ Նախկինում տրիկոտաժի գործարանին էինք պատկանում, այժմ այդ գործարանը չի աշխատում, բայց չենք էլ կարող մտնել համայնքի ենթակայության տակ՝ գործարանի շենքն է սա, չի տա համայնքին»։ Տիկին Մինասյանն ասաց, որ երեխաներից գանձած 3000-ական դրամների հաշվին հոգում են ե՛ւ սննդի, ե՛ւ աշխատավարձերի հարցը. «Ճիշտ է, մեր աշխատավարձերը մյուս մանկապարտեզների համեմատ քիչ են, բայց ներառյալ նոյեմբեր ամիսը վճարել ենք»։ Այս մանկապարտեզը ջեռուցվում է փայտի վառարաններով. «Ծնողները բավականին օգնել են փայտի հարցով»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031