Չէ, չէ, Ամանորը դեռ դուրս չի եկել իր իրավունքներից: Դեռ հին Ամանորը պետք է դիմավորենք, դեռ հունվարի վերջին՝ ըստ արեւելյան հորոսկոպի, սպիտակ օձի տարին կսկսվի: Ում հարցնում ես՝ «Ինչպե՞ս անցկացրիր Ամանորը», պատասխանում են՝ «Դեռ նշում ենք»: Տրանսպորտում մարդիկ ննջում են, նրանց վրայից ոգելից խմիչքի անտանելի հոտ է գալիս: Սակայն միաժամանակ չի կարելի ասել, որ հայ ժողովուրդն անչափ ուրախ է նոր հազարամյակի կապակցությամբ: Ամանորի գիշերն էլ հատուկ տրամադրություն առանձնապես չի նկատվել: Պետությունը, իհարկե, ոչ մի հետաքրքիր միջոցառում չկազմակերպեց՝ ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսներ:
Մարդիկ տանն են դիմավորել Ամանորը, ծայրահեղ դեպքում՝ երիտասարդությունը բար-ռեստորան-դիսկոտեկ է այցելել: Սակայն այդ տեղերում էլ առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունեցել: Եթե հին ավանդույթներից է եղել Ամանորի գիշերը Հանրապետության կամ Ազատության հրապարակներում դիմավորելը, ապա այս վայրերը գնալով ավելի ու ավելի անճաշակ են զարդարվում, միջոցառումներն էլ վաղուց սպառել են իրենց. հարբած Ձմեռ պապեր՝ պոկված բեղերով, որոնցից երեխաները միայն կակազել են սկսում, որոնք մանկական ոչ մի երգ ու բանաստեղծություն չգիտեն, եւ անճաշակ «Շիկ աղջիկների» կարգի երգիչներ: Իսկ միայն, ասենք, Շուշան Պետրոսյանի համար չարժե ժամերով սառչել փողոցում՝ նրան հեռուստացույցով էլ կարելի է վայելել: Հեռուստացույցով կարելի է նաեւ տեսնել, թե ինչպես են դիմավորել Ամանորը արտասահմանում կամ Ռուսաստանում եւ նախանձից լաց լինել, որ մենք նույնիսկ մի հրավառության չարժանացանք:
Մառախուղի պատճառով Ամանորի գիշերը այն չկայացավ: Սպասեցինք-սպասեցինք, մառախուղը չթուլացավ, եւ հունվարի 4-ին համապատասխան ձայներից հասկացանք, որ Հանրապետության հրապարակում հրավառություն է տեղի ունենում: Մխիթարում է միայն այս տարվա տոնածառերի հարցի լուծումը: Ասում են՝ ամբողջ աշխարհում պահանջարկի խնդիր կա, որն արդեն քանի տարի շարունակ խելացի մարդկանց հանգիստ չի տալիս: Հայաստանում այդ մասին, հավանաբար, չեն լսել: Այն, որ բոլոր եղեւնիները վաճառվել են եւ հունվարի 1-ին փողոցներում վաճառողների կողմից լքված ծառեր չկային ոչ այնքան պահանջարկից էր, որքան՝ պատահականություն: Վաճառվել էին նույնիսկ ճյուղերը:
Անհայտ մնաց միայն 50 դոլար արժեք ունեցող, հողով լցված ծաղկամաններում վաճառվող հոլանդական (այսպես կոչված՝ կենդանի) եղեւնիների ճակատագիրը. դրանք ամբողջությամբ վաճառվեցի՞ն, թե պահվեցին եկող Նոր տարվա համար:
Կարդացեք նաև
ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ