Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՌԵՎՏՈՒՐԸ «ԿԱՆԳՆԵԼ Է»

Հունվար 12,2001 00:00
arevtur

«Այրարատ» կինոթատրոնից (նախկին «Ռոսիա») մինչեւ Գումի շուկա, բավականին ընդարձակ տարածքում, ուղղակիորեն առեւտուրը «կանգնել է»։ Հայտնի է, որ այս տարածքում 4 տոնավաճառ կա եւ մի հսկայական շուկա, եթե իհարկե չհաշվենք, որ ողջ այդ տարածքն արդեն փողոցային առեւտրի ամենախիտ ու ամենաաշխույժ հատվածն է։ Նախատոնական առեւտրի մասին մեր թերթն արդեն անդրադարձել էր ու արձագանքել, որ առեւտրականները սարսափելի դժգոհ էին այս տարվա նախատոնական առեւտրից։ Նրանցից շատերը պնդում էին, թե պատրաստվում են տոներից հետո հեռանալ Հայաստանից։

Որոշեցինք պարզել, թե ինչպիսին է իրավիճակը տոներից հետո։ Այգու տարածքում («Լունապարկի» եւ եկեղեցու հարեւանությամբ) գտնվող տոնավաճառի «կանտեյներների» մեծ մասը փակ էր։ Ամբողջ տոնավաճառում 10-12 առեւտուր անող կար։ «Ընդհանրապես, ամեն տարի, նոր տարուց հետո, առեւտուրը «կանգնում ա» աղջիկ ջան, բացի էդ էլ «յարմրկեն» տեղափոխում են՝ մի մասին ուզում են «Փեթակ» տանեն, մյուսներին՝ իսկի չգիտեմ էլ։ Մինչեւ մարտ ժամանակ են տվել, ասում են՝ պետք ա «յարմրկեն» հանենք, որ եկեղեցի տանող ճանապարհը բացվի»,- բացատրեց կաթնամթերք վաճառող պապին։ «Ճիշտ ա ըտենց խոսակցություններ կան, բայց փակ «կանտեյներների» տերերի մի մասը (էս ա իմ կողքի Արմենը) Նոր տարվա առեւտրից հետո մի 2 կոպեկ ընկավ ձեռքները՝ հավաքեցին-գնացին էս երկրից։ Ես էլ «կարանայ՝ կգնայ»,- ավելացրեց կոնֆետ վաճառող Գագոն։ Գումն ընդհանրապես փակ էր, շրջապատի առեւտրականները հայտնեցին, որ այս շենքում գտնվող տոնավաճառը եւս տեղափոխում են «Փեթակ»։

Մեզ չհաջողվեց կապվել «Փեթակի» տնօրենի կամ այլ պատասխանատուի հետ՝ վերը նշված տեղեկությունը ճշտելու համար։ Լսափողը վերցրած «Փեթակի» աշխատակցուհին նշեց, որ ինքը իրավասու չէ, որեւէ հարցի պատասխանել։ «Տնօրենը վաղն առավոտյան կլինի»,- տեղեկացրեց նա։ Գումի շուկայի հիմնական հատվածում միայն դատարկ վաճառասեղաններն էին՝ վաճառողներ չկային, աշխատում էր շուկայի, այսպես ասած, հարուստների հատվածը։ Տարօրինակ է, որ նրանք էլ գոհ չէին հետտոնական առեւտրից։

Շուկայի մերձակա տարածքում, որտեղ էլ հիմնական ու աշխույժ առեւտուր է կատարվում՝ հատուկենտ վաճառողներ կան, ավելի քիչ էր գնորդների թիվը։ Կարտոֆիլ վաճառող Գեւո բիձեն (այդպես նախընտրեց ներկայանալ) ասաց. «Առավոտից կանգնած եմ, ընդամենը 5 կիլոգրամ կարտոլ եմ ծախել, մարդ որ փող չունենա ամենակարեւոր սննդամթերքը առնելու՝ էլ ի՞նչ եք ուզում»։ «Կարտոլից ես խոսում այ մարդ, բա ես մինչ նոր տարին օրը 50 հատ հաց էի ծախում, հիմա 8 հատ եմ ծախել. հաց առնող չկա, գնացել են ժողովուրդը, գնացել- պրծել ա էս երկրից»,- իր հեղինակավոր կարծիքը հայտնեց հացավաճառ կինը։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031