ՀԺԿ-ին ըստ երեւույթին կառավարությունում եւ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող տեղաշարժերը չեն հետաքրքրում։ Նույնիսկ այսպիսի պահի ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը թողեց քաղաքը եւ մեկնեց Կոտայքի մարզի Զորավան գյուղ՝ մասնակցելու գյուղի ՀԺԿ տարածքային կազմակերպության անդամների հետ հանդիպմանը։
Ի դեպ, գյուղապետը՝ վերջին ընտրությունների ժամանակ ընտրված ՀԺԿ անդամ Շահեն Թովմասյանը, կուսակցության ղեկավարի առջեւ խոստացավ, որ կօգնի գյուղի 12 տարի շարունակ չվերանորոգված դպրոցի խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ կլուծի գյուղի ոռոգման ջրագծի հարցը։ Այս, նաեւ գյուղի մանկապարտեզի սննդապահովման հարցը կլուծվի ՀԺԿ-ի միջոցներով։
Ստեփան Դեմիրճյանը գյուղացիներին ներկայացրեց կուսակցության անելիքները, ասաց, որ պետք է լրջորեն պատրաստվել ապրիլի 21-ին կայանալիք ՀԺԿ 2-րդ համագումարին։ Կուսակցության նորաթուխ անդամներին կուսակցական տոմսեր տրվեցին։ Գյուղացիները, ինչպես եւ ամենուրեք, չմոռացան իրենց սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ խոսել նաեւ հոկտեմբերի 27-ի մասին եւ պահանջել գործի լիակատար բացահայտում։
Սեփ. լր.