Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կուսակցությանը տալիս են, մյուսից՝ վերցնում

Հունվար 12,2001 00:00
harcakan

ԱԳՆ փոխնախարար Լեւոն Մկրտչյանից ուզեցինք պարզել մեր արտգործոց նախարարության վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլ.Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցին եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա այդ այցի հնարավոր ազդեցությունը։

Պարոն Մկրտչյանի պատասխանը հետեւյալն էր. «Ես մտածում եմ, որ որեւէ անհանգստության հիմք չկա։ Քաղաքականություն է, եւ Ռուսաստանը Անդրկովկասում ունի որոշակի շահեր եւ իրականացնում է իր հավասարակշռված քաղաքականությունը։ ՀՀ-ն եւս հայ-ռուսական հարաբերություններում հետապնդում է որոշակի խնդիրներ եւ շահեր։ Իմ կարծիքով, որքան մեծ պետություններ առավել համագործակցորեն մտնեն տարածաշրջան, առավել հավասարակշռված եւ կայուն քաղաքականություն իրականացնեն, այնքանով նաեւ մենք մեր խնդիրները (որոնք մեր առջեւ դրված են եւ անփոփոխ են) ավելի հեշտությամբ կկարողանանք լուծել։ Նաեւ ժամանակն է, որ մենք որոշակի խնդիրների վերաբերվենք ոչ հուզական ձեւով, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր պետություն ունի իր խնդիրները, շահերը, իսկ մենք պետք է կարողանանք համապատասխանեցնել մեր խնդիրներն ու շահերը, անհրաժեշտության դեպքում նաեւ պաշտպանել մեր շահերը»։

Մեր թերթին տված հարցազրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե նախարարի պաշտոնն առաջարկվել է ՀՅԴ-ի՞ն, թե՞ անձնապես Դավիթ Լոքյանին, ասել էր, թե իրենք այդ մասնակցությունը դիտում են որակական առումով տարբերվող բոլոր այն դեպքերից, երբ որեւէ կուսակցության անդամի պաշտոն է առաջարկվում եւ, որ այս դեպքում. «կառավարության մեջ պատասխանատվություն ստանձնելը որոշվել է նախագահի եւ վարչապետի հետ կուսակցության ամենօրյա աշխատանքի արդյունքում»։

ՀՅԴ անդամ, փոխնախարար Լեւոն Մկրտչյանին հարցրինք՝ արդյոք ինքը բացառում է, որ նման մեկ այլ «ամենօրյա աշխատանքի արդյունքում», ինքը՝ ԱԳՆ փոխնախարարից չի դառնա ԱԳՆ նախարար. «Որեւէ հիմք չկա իմ մասով նման խոսակցության համար, իսկ դաշնակցությունը, գիտեք, արդեն երկար ժամանակ քաղաքական գործընթացներում ունի իր կարեւոր եւ ուրույն դերակատարումը, կառավարության կազմում եթե ընդգրկվում է որպես կազմակերպություն, նշանակում է՝ որոշակի խնդիրներ հետապնդում է։ Ես, իմ անձնական կարծիքով, դրական եմ գնահատում հնարավորինս Հայաստանում քաղաքական ծանր կշիռ ունեցող կազմակերպությունների հնարավոր լայն ներգրավումը պետական կառավարման գործառույթներում, լինի դա գործադիր, թե օրենսդիր»։

Դաշնակցությունից անցնենք հանրապետականների խնդիրներին։ Այս կուսակցության անդամ Ալբերտ Բազեյանի հրաժարականի շուրջ ՀՀԿ խորհուրդը նախորդ օրը պետք է քննարկում անցկացներ եւ համապատասխան որոշում կայացներ։

ՀՀԿ խորհրդի անդամ, նախարար Հովիկ Աբրահամյանն ասաց, թե ինքը կուսակցության խորհրդին չի մասնակցել եւ չգիտի, թե ինչ են որոշել։

Մեկ այլ հանրապետական նախարար՝ Դավիթ Զադոյանն ասաց, որ ինքը խորհրդի նիստին մասնակցել է, բայց դեռ որոշում չունեն. «Երեւի նորից կհավաքվենք»։ Իսկ ավելի ուշ, իր խոսքը չձայնագրելու պայմանով, պարոն Զադոյանը խնդրեց Ալբերտ Բազեյանի հրաժարականի հարցը չքաղաքականացնել, քանի որ Ալբերտ Բազեյանը շատ ավելի լավ կարող է աշխատել ուրիշ ավելի լավ տեղում։

Նյութը գրելու պահին Երեւանը դեռեւս անորոշ վիճակում էր՝ քաղաքապետ ունի՞, թե՞ ոչ։ Որպես քաղաքապետի հավանական թեկնածուներ՝ շոշափվում էին մի քանի անուններ, օրինակ՝ Խոսրով Հարությունյան, Արտաշես Թումանյան։ Իրականում քաղաքապետ դարձավ Ռոբերտ Նազարյանը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031