Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ն Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ

Հունվար 12,2001 00:00
Suren surenyanc

Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հրաժարականը հասարակության շրջանում բուռն քննարկումների եւ տարակարծիք տեսակետների առիթ է դարձել։ Նրա պաշտոնանկության պատճառների շուրջ զրուցեցինք քաղաքապետի խորհրդական-աշխատակազմի արդեն պաշտոնաթող ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ։

-Պարոն Սուրենյանց, ՀՀ նախագահ Քոչարյանը Ալբերտ Բազեյանին հրաժարական տալու առաջարկության ի՞նչ պատճառաբանություններ կարող էր ունենալ։

– Արդեն մի քանի ամիս քաղաքապետի եւ ՀՀ նախագահի միջեւ կային տարաձայնություններ, որոնցից մի քանիսը հրապարակային դրսեւորում ստացան։ Դրանցից ամենաէականին, մի քանի ամիս առաջ՝ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, անդրադարձավ երկրի նախագահը։ Վերջինս տարակուսեց, որ քաղաքապետարանը ֆինանսական պրոբլեմներից բողոքում է՝ ասելով, թե նման խնդիրներ չպետք է լինեին։ Այս պնդումն ավելի քան վիճահարույց է, քանի որ քաղաքապետարանը պետական կառավարման մարմին է եւ, որպես այդպիսին, եկամտի միակ օրինական ճանապարհը պետբյուջեն է։ Քաղաքապետարանը հարկելու իրավունք չունի, տնտեսվարող սուբյեկտ չէ։ Քաղաքապետի տեսանկյունից այս խնդիրները պետք է լուծվեն օրենսդրական դաշտի եւ Սահմանադրության բարեփոխման համատեքստում՝ քաղաքապետարանին հնարավորություն տալով սեփական բյուջե ձեւավորել։ Երկրի նախագահը շեշտը դնում է մեր ակտիվ աշխատանքի վրա։ Մինչդեռ երկրում ճգնաժամն ինքնին համակարգային է, եւ լուծումներն էլ գործադիր որեւէ ոլորտում պետք է համակարգային լինեն։ Երբ 99-ին Բազեյանը ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը հենց այս խնդրի լուծումն էր կարեւորել։ Նախագահը տարակուսանք էր հայտնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանն իրեն առնչվող դատական պրոցեսներում հաճախ տանուլ է տալիս։ Քաղաքապետն առաջնորդվել է այն սկզբունքով, որ գործադիր եւ դատական իշխանությունները՝ Սահմանադրությանը համապատասխան, տարանջատված են, եւ երբեք իրեն թույլ չի տվել միջամտել այդ պրոցեսներին։ Ցավում եմ, որ Ա.Բազեյանի որդեգրած սկզբունքները՝ օրինականություն եւ արդարություն, մեր երկրում հարգված չեն, եւ այս պայմաններում մնալ իշխանության մեջ եւ շարունակել պաշտոնավարել՝ ուղղակի անիմաստ է։

– Կարծիք կա, թե Բազեյանն ինքը չպետք է հրաժարական տար, այլ սկզբունքի դիրքերից պնդեր, որ նախագահն ինքը քաղաքապետին պաշտոնանկ անի։

– Իհարկե, այդ տարբերակը նախընտրելի կլիներ, առավել եւս, որ Ա.Բազեյանը Երեւանի քաղաքապետ էր նշանակվել քաղաքական պրոցեսների զարգացման արդյունքում եւ շարունակում է այսօր էլ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը լինել։ Իսկ 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ ԱԺ-ում ձեւավորված ստատուսքվոն ոչ ոք դեռեւս չի սրբագրել։ Ընդհանրապես, կարծում եմ, այս պաշտոնանկությունը մի քանի գործոնների հանրագումարի արդյունք է։ Վստահ եմ նաեւ, որ այն 2000 թվականի քաղաքական զարգացումների եւ իրադրության փոփոխության արդյունք է։

– Քաղաքապետին մեղադրում էին հատկապես ապօրինի շինությունները չկանխելու մեջ։ Ինչ է, նա այս հարցում մեղավորություն չունե՞ր։

– Քաղաքապետը չի կարող պատասխանատվություն չկրել քաղաքապետարանի գործունեության, այդ թվում նաեւ՝ ապօրինի շինարարությունների եւ այլնի համար։ Բայց դրանք Բազեյանի պաշտոնավարության ընթացքում ավելի շատ չեն եղել, քան կային նախկինում։ Բացի այդ, որեւէ գերատեսչությում կան տարբեր շահեր հետապնդող ծառայողներ, պաշտոնյաներ։ Մայրաքաղաքում դա ավելի ցայտուն դրսեւորում ունի, քանի որ այստեղ է կենտրոնացած գործարար աշխարհը, որը քաղաքապետարանի հետ լուծելու տարբեր հարցեր ունի՝ տեղ, տարածք, օբյեկտ… Բնականաբար, այս ամենը չի կարող ազդեցություն չունենալ քաղաքապետարանի գործունեության վրա։ Մի շարք աղմկահարույց քաղաքաշինական ձեռնարկումների նախաձեռնությունը, համենայնդեպս, քաղաքապետինը չի եղել։ Երեւանի գլխավոր ճարտարապետը մասնագիտական տեսանկյունից հիմնավորել է որեւէ կառույցի համապատասխանությունը քաղաքաշինության նորմերին։ Քաղաքապետն այս պարագայում հասարակական կարծիքի եւ մասնագիտական հիմնավորման միջեւ ընտրություն է արել ի օգուտ մասնագիտական եզրակացության՝ հաշվի առնելով, որ հասարակական կարծիքը շատ դեպքերում ամորֆ է։

-Ի՞նչ եք կարծում, «Միասնությունը», ԵԿՄ-ն եւ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, կարձագանքե՞ն այս պաշտոնանկությանը։

– «Միասնությունը» այս հարցում միասնական կարծիք հայտնելու նախաձեռնություն չի ցուցաբերել։ ԵԿՄ-ն լավագույնս արտացոլում է քաղաքական դաշտի հակասականությունը։ Այստեղ էլ տարբեր մոտեցումներ, շահեր կան եւ ԵԿՄ-ի միասնական մոտեցման մասին այս դեպքում խոսելն անիմաստ է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա կուսակցությունն այս հարցի առնչությամբ խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ առանձնապես ոչինչ տեղի չէր ունեցել։ Ես հաստատ համոզում ունեմ, որ ՀՀԿ-ն որպես այդպիսին ի վիճակի չէ քաղաքական դիրքորոշում ձեւակերպել։ Այն վաղուց հարմարվել է իշխող կուսակցություն լինելու ֆորմալ կարգավիճակին։

Զրուցեց

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031