Բայց ոչ հայ որոշ «իրավապաշտպանների»
Դեռ դեկտեմբերի 18-ին էր Աշոտ Բլեյանը վերաքննիչ բողոքով դիմել վերաքննիչ դատարանին։ Ըստ սահմանված կարգի՝ 1 ամսվա ընթացքում պիտի հրավիրվեր դատական առաջին նիստը։ Սակայն առայժմ որոշված չեն ո՛չ այս գործով դատավորները, ո՛չ էլ դատաքննության օրը։ «Գործը նոր ենք ստացել»,- հայտնեցին մեզ վերաքննիչ դատարանի գրասենյակից, առաջարկելով զանգահարել հաջորդ շաբաթ։ Աշոտ Բլեյանի կինը՝ լրագրող Արմինե Օհանյանը, տարակուսանք հայտնեց, թե ինչու պիտի գործը ստանալը 20 օր տեւեր. «Սա անհեթեթ է ու միայն մի բանի մասին է վկայում. այս գործի սցենարով կարծես հստակ նախատեսված էր՝ ձգձգել։ Եվ այդ սցենարով անցան ե՛ւ նախաքննությունը, ե՛ւ դատաքննությունը։ Մարդն առանց դատավճռի նստած է արդեն 1 տարի 7 ամիս»։ Սակայն անդրադառնանք Աշոտ Բլեյանի նկատմամբ կայացված դատավճռին։ Փակ դռների ետեւում պետական մեղադրողները 8 տարի էին պահանջել Բլեյանի համար՝ մեղքը հաստատված համարելով բոլոր դրվագներով, որոնցից ամենալուրջն ու ամենածանրը կաշառքի հոդվածն էր։ Դատավորը վճռեց այդ մասով գործը ուղարկել լրացուցիչ քննության։
Փաստորեն ընդունելով, որ այդ դրվագով Բլեյանի մեղքն այժմ ապացուցված չէ, Իսկուհի Վարդանյանը գրեթե նույնը թողեց պատժաչափը։ Այս դեպքում ամենալուրջ դրվագը համարվեց տանիքի շինարարությունը, որով ամբողջ մեղադրանքը կառուցված է մի մարդու ցուցմունքի վրա, որն այդպես էլ դատարան չներկայացավ։ Հիմք ընդունվեցին շինարար Արմեն Մկրտչյանի միայն նախաքննական ցուցմունքները, որոնք հերքվում են քրգործում առկա փաստաթղթերով։ Բացի այդ՝ դատարան ներկայացած այլ վկաները բազմաթիվ փաստեր են պատմել, թե ինչպես էր նախաքննության մարմինը ցուցմունքներ «թխում»։ Սակայն այս ամենի իրավական հիմնավորվածության բացակայության մասին խոսելն արդեն իսկ պարապ խոսակցություն է։
Սա իրավական վեճ չէ, այլ զուտ քաղաքական։ «Այս 2 տարվա մեջ հազար դուռ եմ բախել արդարության փնտրտուքով եւ սկսած քննիչից՝ վերջացրած դատավորով բոլորն ասել են, որ իրենցից ոչինչ կախված չէ,- ասաց Արմինե Օհանյանը։- Ես չեմ էլ ուզում հետաքրքրվել ու խորանալ, թե Ռոբերտ Քոչարյանն իրոք հրահանգ տվե՞լ է այս գործի վերաբերյալ, թե՞ ոչ։ Եթե այսպիսի խայտառակ քրեական գործը նման ավարտ է ունենում՝ դա չի կարող լինել առանց նախագահի իմացության, բացառվո՛ւմ է։ Եվ ի վերջո՝ եթե Սահմանադրությամբ նախագահն է օրենքների պահպանման եւ դատարանների բնականոն գործունեության երաշխավորը՝ ուրեմն նա պատասխանատու է դատական ցանկացած նման կոպիտ սխալի համար»։ Այսուհանդերձ, հենց Ռոբերտ Քոչարյանին է բաց նամակով հունվարի 8-ին դիմել Մարդու իրավունքների պաշտպանության ֆրանսիական լիգան։ Այս բաց նամակում նշված է, որ քրեական գործերի անվան տակ՝ քաղաքական բնույթի գործընթացներ են ընթանում Հայաստանում եւ երկու օրինակ է նշված՝ Աշոտ Բլեյանը եւ Արկադի Վարդանյանը։ Այս կազմակերպության գնահատականն է, թե մեր իշխանությունների հեղինակությունը խիստ տուժում է այս ամենից։
Կարդացեք նաև
Հիշեցված է, որ Հայաստանը պատրաստվում է մաս կազմել Եվրախորհրդին եւ դատապարտվում է գործող իշխանությունների վարքագիծը՝ «իրավական համակարգը դարձնել գործիք քաղաքական խնդիրներ լուծելու համար»։ Միջազգային շատ իրավապաշտպան կազմակերպություններ ու պարբերականներ իրենց վերաբերմունքն արտահայտեցին դատավճռից հետո։ Դեկտեմբերին միայն «Լը Մոնդը» երկու հրապարակում նվիրեց Աշոտ Բլեյանի գործին, դատավճռից հետո գրելով, որ արդարադատությունը, փաստորեն, զսպող գործիք է ծառայում Ռոբերտ Քոչարյանի ձեռքին։ Աշոտ Բլեյանի գործին անդրադարձել է նաեւ «Լիբերասիոնը», որում այն անվանվել է խայտառակություն։ Սակայն, չնայած Աշոտ Բլեյանին քաղբանտարկյալ են ճանաչում «Amnesty International» եւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպություններ, հայրենական արտադրության մեր որոշ իրավապաշտպաններ սաստիկ համառությամբ ժխտում են դա։
Արմինե Օհանյանը պատմեց, թե ողջ դատաքննության ընթացքում դատարան են այցելել միայն Հելսինկյան կոմիտեի եւ Հելսինկյան ընկերակցության ղեկավարներ Ավետիք Իշխանյանը եւ Միքայել Դանիելյանը. «Սակայն Լարիսա Ալավերդյանը հարցազրույցում հայտարարում է, թե սա քաղաքական գործ չէ, այլ քրեական։ Բայց նա երբեք ո՛չ պաշտպանի հետ է հանդիպել, ո՛չ որեւէ նյութի է ծանոթ, ո՛չ էլ ոտք է դրել դատարան՝ ի՞նչ տեղեկատվության հիման վրա է ասում՝ չգիտեմ։ «Ավանգարդ» կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Ասրյանն այնպիսի եզրակացություն է ուղարկում արտասահման, որ կարծես դատախազությունը գրած լինի։ Ես հանդիպեցի նրան, ասացի՝ իրավապաշտպան եք կոչվում, ինչպե՞ս եք ձեզ թույլ տվել առանց գործին ծանոթանալու եզրակացություններ անել։ Պատասխանեց, թե այլ աղբյուրներից է ստացել տեղեկատվություն… Ես հասկացա, որ այդ աղբյուրն իրոք դատախազությունն է»։ …
Նշենք, որ վերաքննիչ դատարանում այս դատավարության մեկնարկին մտադիր են միջազգային դիտորդներ մասնակցել։ Գուցե մեր տեղական իրավապաշտպանները եւս իրենց նեղություն տան՝ մինչ տեսակետներ հայտնելը գոնե փոքր-ինչ ծանոթ լինեն գործին։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ