Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես էլ ապրում ենք՝ ան«կապ»

Հունվար 11,2001 00:00
heraxos

Ինչպես հայտնի է, հեռախոսավարձերի կուտակումների պատճառով երկար ժամանակով անջատված էին պետական գերատեսչություններից շատերի հեռախոսները։ Արդեն վաղուց՝ մոտ երկու ամիս եւ ավելի չեն աշխատում Երեւանի քաղաքապետարանի գրեթե բոլոր հեռախոսները, բացի քաղաքապետի եւ երկու տեղակալների հեռախոսներից. քաղաքապետարանի՝ «ԱրմենՏելին» պարտքը կազմում է 22 մլն դրամ։ Ազգային ժողովի հեռախոսների մոտ 80%-ն անջատված էր 70 մլն դրամ պարտքի պատճառով (կառավարականը՝ ամբողջովին)։

Մեր տվյալներով, ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հեռախոսակապը անջատված էր դեկտեմբերի կեսերից, վերջերս աշխատում է նախարարի ընդունարանի երկու հեռախոս։ Այս նախարարության ընդհանուր պարտքը, որը կուտակվել է դեռ նախորդ տարիներից՝ կազմել է 21 մլն 269,9 դրամ։ 1999թ. հունվարի 1-ի դրությամբ կապի (կառավարական եւ այլն) պարտքը եղել է 4 մլն 856 հազար դրամ:

Ընդ որում, 2000թ. բյուջեով կապի ծառայության պլանը եղել է 5 մլն 988 հազար 100 դրամ։ 1999-ի կեսից բյուջեի թերֆինանսավորման պատճառով պարտքերն ավելացել են։ Ընդ որում, 99-ից Միջազգային մշակութային կենտրոնի հետ (մեր լեզվով ասած՝ «Պարադիզի» հետ) ՀՀ մշակույթի նախարարության կնքած պայմանագրով նախարարության 5 հեռախոսահամար տրվել է իրենց, որի պարտքը 2000թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր 6 մլն 33 հազար դրամ, որը ֆիքսված է եղել իբրեւ նախարարության պարտք։ Միջազգային մշակութային կենտրոնը վճարել է իր պարտքերը եւ այս պահի դրությամբ ՀՀ մշակույթի նախարարությունն «ԱրմենՏելին» պարտք է մնացել 11 մլն 702,9 դրամ։ Եվ այս պարտքերի կուտակման եւ ավելացման հարցում մեծ դեր են ունեցել նախկին պարտքերն ու բյուջեի թերֆինանսավորումը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության հեռախոսներն էլ դարձյալ ինչ-որ ժամանակով, դարձյալ պարտքերի պատճառով, անջատված էին։

Փորձեցինք դա ճշտել նախարարության աշխատակազմից, գործերի կառավարչությունից, հաշվապահությունից։ Ստույգ չկարողացանք ճշտել՝ որքան ժամանակ էր անջատված եւ որքան էին կազմում պարտքերը։ Մեկ ասում էին՝ մոտ 15 օր, մեկ՝ 2-3 օր, այն էլ, թե անջատվել են մասամբ։ Պարտքերի մասին խուսափեցին պատասխանել բոլորն էլ՝ պատասխանելու պատասխանատվությունը մեկը մյուսին փոխանցելով։ Հետաքրքիր է, այդ որքան մեծ թիվ է կազմում, որ վախենում են այն բարձրաձայն հնչեցնել։ Օրերս արտգործնախարարության «սնանկ» վիճակը նկարագրող մի դեպքի մասին լսեցինք. մի քաղաքացի ապշահար պատմում էր, որ ՀՀ արտգործնախարարությունում դիմում գրելու պատճառ է ունեցել եւ սպիտակ թուղթ հայթայթելը շատ մեծ դժվարությամբ է հաջողվել, այն էլ՝ ծանոթի միջոցով։

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031