Ի թիվս բազմաթիվ այլ գերատեսչությունների, ամեն ինչ մի կողմ թողած զբոսաշրջիկների բումին է նախապատրաստվում նաեւ կապի ու տրանսպորտի նախարարությունը՝ իր տարած-հետ բերած նախարարի գլխավորությամբ։ Քրիստոնեության 1700-ամյակի ծանր խաչը պատվով տանելու նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ հյուրանոցներին ավտոբուսային, միկրոավտոբուսային ծառայություններով ապահովելու համար։ Ընտրվում են լավագույն շարժակազմեր՝ մրցույթների միջոցով։
Մարզապետարաններին եւ տարածքային ճանշին ընկերություններին հանձնարարվել է «մայրուղիների վրայի հանգստի եւ կանգառատեղերի նորոգման աշխատանքների ծավալներն ուսումնասիրել»։ Նախապատրաստվել են պատմական հուշարձանների եւ ճանապարհային ցուցատախտակների էսքիզները։ «ԱրմենՏելին» ներկայացվել են առաջնահերթ կարգով բջջային կապով ապահովվելիք պատվիրակությունների ցուցակները։ «ԱրմենՏելին» հանձնարարվել է նաեւ մինչեւ ապրիլի 1-ը մայրաքաղաքում տեղադրել լրացուցիչ ավտոմատ հեռախոսային կետեր, բարեկարգել դրանց տեղադրման տարածքները, ապամոնտաժել անպիտան կետերը։
Մ. Բ.