Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ՝ ՁԵՐ ՏԱՆ ՇԵՄԻՆ

Հունվար 11,2001 00:00
ehova

Դուռը թակելուց հետո ձեր «Ո՞վ է» հարցին դրսից մեկը կպատասխանի. «Ցանկանո՞ւմ եք դրախտ ընկնել, ապրել հավիտյան, երազային կյանքով»։ Անակնկալի եկած կբացեք դուռը եւ կտեսնեք երկուսին, որոնք առանց հրավերի ներս կմտնեն եւ կշարունակեն. «Մենք կօգնենք ձեզ, դրա համար էլ եկել ենք, որպեսզի ցույց տանք հավիտենական կյանքի միակ ուղին։ Այդ ընտրությունը (սովորեցնում է մեզ Եհովան) պետք է հիմնվի Աստծո ճշգրիտ ճանաչման վրա։ Լրացուցիչ օգնություն կարող եք ստանալ մեզանից՝ Եհովայի վկաներից։ Մենք հաճույքով կայցելենք ձեզ հարմար ժամանակին եւ վայրում ու կսովորեցնենք իսկական Աստվածաշունչը»։

Իրենց պարտականությունները կատարում են զույգերով՝ տարիքն առած տղամարդ եւ դեռահաս աղջիկ, այդպես ժամանակն ավելի հաճելի է անցնում։ Անպայման հանում են վերարկուն կամ անձրեւանոցը (իսկ ամռանը՝ կոշիկները), որը նշանակում է՝ կարող ես սուրճ հյուրասիրել, շտապելու տեղ չունեն։ Հագնվում են ազատ, շպարվում են։ Աստվածաշունչն անգիր արած՝ իրենց ուզածի պես կմեկնաբանեն, ցույց կտան Աստվածաշնչում ուզած հատվածը իրենց ձեռնտու տեղից՝ առանց հաշվի առնելու՝ նախադասության սկի՞զբ է այն, թե՞ վերջ։ Երբեմն էլ ձայները այնպես կբարձրացնեն, որ կկարծես, թե դու ես հյուր իրենց տանը։

Ամենուրեք, որտեղ բազմություն է հավաքվում, նրանք այնտեղ էլ տարածում են իրենց գրքերն ու ամսագրերը։ Տնից տուն են գնում, թակում բոլոր դռները՝ ակնկալելով որեւէ մեկին «դարձի բերել»։ Եվ եթե այդ մեկը իրենց թակարդն է ընկնում, կանոնավոր ու համբերատար զբաղվում են նրանով, կրթում, սովորեցնում իրենց «վկայական ուսմունքը»։ Եվ եթե այդ զոհը կուլ է տալիս «վկայական կուտը», նրան մասնակից են դարձնում իրենց մշակած սերտողական կուռ համակարգին։ Դաստիարակում եւ դարձնում ապագա քարոզիչ ու վկա։ Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ են քարոզում…

Այսօր աշխարհում նրանց կարող ենք հանդիպել տարբեր անվանումներով. «Սուրբ գրքի ուսանողներ», «Ռասլականներ», «Արքայության վկաներ», «Մարդու բարեկամներ», «Հազարամյակի արշալույսականներ», «Հոգեւոր Իսրայել» կամ էլ «Եհովայի վկաներ»։ Այս աղանդը հիմնադրվել է 1870թ.՝ ԱՄՆ-ի քաղաքացի Ռասլի կողմից։ Վերջինիս կենսագրությունը «Եհովայի վկաները» փորձում են ամեն գնով պահել վարագույրի հետեւում. վեներական հիվանդությամբ վարակված, 2 անգամ 100 հազար դոլար տուգանք վճարած մարդու կենսագրությունն այնքան էլ սազական չէ առաջնորդի կերպարին։ «Արքայության վկաների» կենտրոնը գտնվում է Բրուքլինում (ԱՄՆ)։ Մասնաճյուղեր ունի աշխարհի 78 երկրում։ Իսկ մամուլն աշխարհում ամենածավալունն է. «Դիտարան» ամսագիրն ունի 80 մլն հրատարակություն եւ տպագրվում է 106 լեզվով, «Արշալույս» թերթը՝ 16 մլն տպաքանակով, տպագրվում է 40 լեզվով, իսկ «Ճշմարտությունը, որ առաջնորդում է հավիտենական կյանք» գիրքն աշխարհում ամենաշատ վաճառվող երրորդ գիրքն է։

«Մարդու բարեկամները» պնդում են, որ իրենք հավատում են Սուրբ գրքին, սակայն մերժում են եկեղեցու կողմից վավերացված կանոնները՝ համարելով դրանք սատանայական խաղեր։ Չեն ընդունում Սուրբ Հոգու էությունն ու Աստվածությունը, Քրիստոսի Խաչելությունն ու նրա մարմնով Հարությունը։ Շարունակ նենգափոխելով Սուրբ գրքի խոսքերը՝ աղճատում են որոշ խորհուրդներ, մեկնաբանելով դրանք իրենց ցանկացած ձեւով… Նրանց թարգմանած Աստվածաշունչը՝ համաձայն «Հազարամյակի արշալույսականների», միակ ճշմարիտն է, իսկ գոյություն ունեցող բոլոր թարգմանությունները սատանայական մոլորություններ են։ Ապագայի մասին էլ են վկայություններ անում «Սուրբ գրքի ուսանողները»։ Այսօր նրանք սպասում են Արմագեդոնին, երբ Եհովան պիտի ջախջախի Չարին։ Դրանից հետո հարություն են առնելու բոլոր մահացածները եւ լրանալու է Եհովայի ճշմարիտ վկաների 144 հազարանոց բազմությունը։ Մոտ է աշխարհի վերջը (ըստ նրանց) եւ ով լինի Եհովայի վկա՝ հավիտյան պիտի ապրի երկրի վրա։ Այս զառանցանքը լսելուց հետո, երբ խնդրես նրանց հեռանալ, նրանք կանցնեն իրենց գործունեության երկրորդ պլանին։ Կթողնեն ձեզ մոտ իրենց գրքերն ու թերթերը, որը եւս մեկ անգամ այցելելու պատեհ առիթ է։ Այսօր այս աղանդին անդամագրվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ, որովհետեւ նրանց ամսական տասից քսան հազար դրամ «աշխատավարձ» է տրվում։

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեության հարցի քննարկումը ընթանում է մարդու իրավունքների եւ խղճի ազատության կոնտեքստում։ Սակայն կան խնդիրներ, որոնք այլ հարթության վրա է հարկավոր դիտարկել։ Հատկապես գաղտնիք չէ, որ կրոնական կազմակերպությունների հետ առնչվող խնդիրները կապված են պետական եւ ազգային անվտանգության հետ։

ՀԱՅԿՈՒՀԻ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031