Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մասնավոր դպրոցները պահանջում են արտոնություններ

Հունվար 11,2001 00:00
dproc

Իսկ ԿԳՆ-ն ստուգում է դրանց որակը

Հայաստանում մասնավոր դպրոցները ստեղծվել են տասը տարի առաջ՝ մասնավոր բուհերի հետ միաժամանակ։ Սակայն վերջիններս մի քանի տասնյակով գերազանցում են պետական բուհերին, իսկ հանրապետության մոտ 1400 դպրոցների կողքին գործում է ընդամենը 33 լիցենզավորված մասնավոր դպրոց։ Ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ 27-ը, գտնվում է Երեւանում։ Մասնավոր բուհերը գերազանցում են դպրոցներին ոչ միայն ուսանողների ու մանկավարժների թվով, այլեւ հնարավորություններով։ Մասնավոր դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը 2700 է, ուսուցիչներինը՝ 670։ Միայն 8 դպրոցում է, որ աշակերտների թիվը գերազանցում է 100-ին։ Ուսման վարձը տարեկան 150-400 դոլար է, իսկ ուսուցչի միջին աշխատավարձը՝ 30 դոլար։ Ոչ պետական դպրոցների տնօրենների խորհուրդը ԿԳՆ ներկայացրած առաջարկությունների փաստաթղթում արձանագրում է, որ «մասնավոր դպրոցներից ոչ մեկը չունի սեփական շենք։ Նրանց մի մասը կանգնած է փակման վտանգի առաջ՝ կոմունալ ծախսերի, տարածքի վարձավճարների, տարբեր հարկերի, ծնողների անվճարունակության եւ այլ պատճառներով»։

Մասնավոր դպրոցների թիվը 3 տասնյակ է, բայց գործունեության արտոնագիր երկու անգամ ավելի է տրվել։ Արտոնագիր ստացածների մի մասը կամ չեն կարողացել բացել դպրոց, կամ մեկ-երկու տարի հետո դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այս պատկերը ներկայացնելով եւ թվարկելով իրենց տված օգուտները (հարկեր պետությանը, աշխատատեղեր ուսուցիչների համար, բարձր որակի կրթություն եւ այլն)՝ մասնավոր դպրոցները բնականաբար պահանջում են, որ պետությունն ավելի բարենպաստ պայմաններ ապահովի իրենց համար։ Մասնավորապես բողոքում են, որ նոր հարկային քաղաքականությունն ավելի է ծանրացնելու իրենց վիճակը։

Մասնավոր դպրոցներում աշակերտների խտությունը դասարաններում տատանվում է 2-16-ի միջեւ, միջինում կազմելով 6-7 աշակերտ։ Հաշվարկները ցույց են տալիս, որ մեկ դասարանում միջինում 8 աշակերտի դեպքում ուսման վարձերից գոյացած ֆինանսական միջոցների մոտ 95%-ը ուղղվում է աշխատավարձի ֆոնդին, ներառյալ կենսաթոշակային ֆոնդին կատարվող վճարումները։ Այս պատճառով ուսուցչի աշխատավարձը 16000 դրամ է, այսինքն՝ միայն 1,5 անգամ բարձր պետական դպրոցի ուսուցչի աշխատավարձից։ 1991-95թթ. 5 անգամ էր բարձր։ Մասնավոր դպրոցները պնդում են, որ հազիվ են պահպանում իրենց գոյությունը, քանի որ դպրոցի պահպանման եւ զարգացման, նյութատեխնիկական բազայի հարստացման համար այլեւս միջոցներ չեն մնում։ Բացի հարկային արտոնություններից, մասնավոր դպրոցները նաեւ ցանկանում են, որ պետությունը «մասնավոր դպրոցին հատկացնի տվյալ աշակերտի համար պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը՝ ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում», քանի որ մասնավոր դպրոցները իրենց վրա են վերցնում ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված անվճար հանրակրթության ապահովման պետական պատվերի մի մասը։ Բացի այդ, առաջարկում են, որ մասնավոր դպրոցներն ընդգրկվեն պետական ու ոչ պետական կրթական ծրագրերում։

Առաջարկություններն այսքանով չեն սահմանափակվում՝ թեեւ պետությունը թվարկվածի մի փոքր մասն անգամ դժվար թե համաձայնի իրականացնել։ Պետական վերաբերմունքը հիմնականում դրսեւորվում է ստուգայցերի ձեւով։ Համընդհանուր ստուգումներ նախատեսում են անցկացնել գարնանը, իսկ ԿԳ նախարարի հրամանով մոտ 13 մասնավոր դպրոցներում անցկացված վերջին ստուգայցերի արդյունքները, որ «Առավոտը» ժամանակին ներկայացրել է, բավականին լուրջ թերություններ արձանագրելով, նաեւ հաստատում են, որ այս համակարգը կայացած է։ ԿԳՆ-ի տեսուչների ներկայացրած դիտողություններն ու առաջարկները, ի տարբերություն մասնավոր դպրոցների, հիմնականում թերությունները շտկելու հանձնարարականներ են՝ թեեւ դպրոցների համար շահավետ կետեր էլ կան, ասենք՝ կարգավորել նրանց դասագրքերով ապահովելու խնդիրը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031