Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈԼԱ՞ՐԸ ՈՐՈՇԵՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 11,2001 00:00
sd

Զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը կկարողանա՞նք հակազդել

Սահմանադրական դատարանը երեկ քննության էր դրել միաժամանակ մի քանի համաձայնագրեր, որոնցից 2-ը («ՀՀ կառավարության եւ Ուկրաինայի նախարարների կաբինետի միջեւ երկաթուղային տրանսպորտի բնագավառում համագործակցության մասին» եւ «ՀՀ կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին») քննարկվեցին գրավոր ընթացակարգով։

Ի դեպ, ՀՀ նախագահի լիազոր-ներկայացուցիչն էր տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, որը հիմնավորելով համաձայնագրերի անհրաժեշտությունը, գտնում էր, որ դրանք սահմանում են բեռնային փոխադրումներ իրականացնելու պայմանները, կանոնավոր արտադրատեխնիկական եւ գիտական համագործակցության նպատակով։ Բավականին լուրջ հարցադրումների ենթարկվեց «ՀՀ կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Նախագահի լիազոր-ներկայացուցիչն էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ՍԴ աշխատակարգային որոշման զեկուցողն էր Ֆելիքս Թոխյանը։ Այս համաձայնագիրը ստորագրվել էր 2000թ. հուլիսի 24-ին՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Քոէնի կողմից։

Ենթադրվում է կանխարգելիչ միջոցառումներ (երկուստեք) այդպիսի զենքի չարտոնված փոխանցման, տարանցման եւ փոխադրման ուղղությամբ։ Ս. Սարգսյանն ասաց, որ ներկա փուլում թեեւ ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարությունները իրենց եզրակացության մեջ գրել են, որ համաձայնագրի պարտավորությունները հակասում են գործող սահմանադրությանը, սակայն ինքը գտնում է, որ դա այդպես չէ։ Նա տեղեկացրեց, որ 3 մլն դոլարի օգնություն է սպասվում համաձայնագրի ստորագրումից հետո եւ տեղեկացրեց, որ արդեն Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են եւ ստացել զգալի օգնություն։ ՍԴ անդամ Ֆ. Թոխյանը իր տարակուսանքը հայտնեց նույնանման համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկայի մասին։ ՍԴ նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի կարծիքով էլ, այս համաձայնագրով «մենք մի քիչ շատ ենք զիջել»։

ՍԴ նախագահի այն հարցին էլ, թե «համաձայնագիրը կարո՞ղ է բարդություններ առաջացնել», նախարարը պատասխանեց, որ չեն կարող պրոբլեմներ լինել։ Եվ նկատեց, որ այս տրամաբանությամբ վերապահումներ կարող են առաջանալ անգամ արտասահմանյան որեւէ համակարգիչ մեզանում տեղադրելու դեպքում էլ։ «Այդ սարքավորումները երբ բերվեն Հայաստան, վտանգ ներկայացնո՞ւմ են» Գ. Հարությունյանի հարցին պատասխանեց, որ սարքավորումները տեղադրելիս հայկական կողմը իր «պրետենզիաները» կներկայացնի։ Համաձայնագրի 11 հոդվածի համաձայն, «ԱՄՆ կառավարության լիազորված ներկայացուցիչները, 30 օր առաջ դիմելով համապատասխան գրավոր խնդրանքով, իրավունք ունեն սույն համաձայնագրի կատարման ընթացքում, ինչպես նաեւ դրանից հետո 3 տարվա ընթացքում ստուգել, թե ինչպես է օգտագործվում սույն համաձայնագրով ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված ցանկացած սարքավորում, նյութ, տեխնոլոգիական նյութ…»։

Նախարարը խաղաղեցրեց ներկաներին, ասելով, որ ամերիկյան կողմը ընդամենը մի նպատակ ունի. վստահ լինել, որ դրանք չեն տրամադրվի այլ պետությունների եւ չեն օգտագործվի այլ նպատակներով։ Երեկվա նիստին, որպես հրավիրյալ, մասնակցում էր ԱԳՆ վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Վահրամ Գաբրիելյանը, որը երբ ասաց, թե «մենք քայլ ենք անում Միացյալ Նահանգների հետ եւ չենք կարող նման պետության առաջին խնդիրը անտեսել», հետեւեց ՍԴ նախագահի հակաամերիկյան ռեպլիկը. «Այդ խնդիրն ամբողջ աշխարհինն է», իսկ Ս. Սարգսյանը ծիծաղելով տեղից հիշեցրեց. «Փողը Ամերիկան է տալիս, դրա համար»։ Դրա համար էլ համաձայնագիրը համապատասխանում էր Սահմանադրությա՞նը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031