Լրահոս
Օրվա լրահոսը

Ներե՞լ «անբարեխիղճներին»

Հունվար 11,2001 00:00
byuje

Մեր հանրապետությունում հավանաբար չկա մի կազմակերպություն, որ բյուջեին պարտք չունենա (եթե հիմա պարտք էլ չի, հաստատ երեկ է պարտք եղել կամ վաղը կլինի)։ Պարզելու համար, թե ինչու են բոլոր (կամ գրեթե բոլոր) կազմակերպությունները պարտք բյուջեին՝ դիմեցինք հենց պարտք ունեցող մի շարք տնտեսվարող սուբյեկտներին։

Որպես կանոն բոլորը խուսափում էին խոսել այդ թեմայով, իսկ սակավաթիվ եւ սակախոս կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ համաձայնեցին խոսել միայն մի պայմանով, եթե իրենց անունը մամուլում չհայտնվի։ Գրեթե բոլորը պնդում էին, որ բավական է հարկային պարտավորություններին առնչվող թեմայի շուրջ ինչ-որ խոսք ասեն, անմիջապես պետեկամուտների նախարարությունը հարկային տեսուչների միջոցով պայքար է սկսում իրենց դեմ։ Իհարկե, մենք կողմնակից չենք տնտեսվարող սուբյեկտների որդեգրած՝ ջայլամի քաղաքականությանը, սակայն կարելի է նաեւ նրանց հասկանալ։ Ստացվում է, որ հարկային մարմինները մի տեսակ ոստիկանի դեր են կատարում։ Տնտեսվարող սուբյեկտն ի վիճակի՞ է, թե՞ ոչ կամ, ասենք, ի՞նչն է պատճառը, որ տվյալ սուբյեկտը հարկերը չի վճարում, հարկային մարմիներին չի հետաքրքրում. իրենք «բյուջեի ճեղքվածքը պետք է փակենք» արտահայտությունը լոզունգ արած տնտեսվարող սուբյեկտների «կաշին են քերթում»։

Մինչդեռ քաղաքակիրթ աշխարհում հարկային արտոնությունների, փոխհամաձայնության եւ փոխհաշտության պայմանագրերի բազմաթիվ ձեւեր են գործում։ Տնտեսվարող սուբյեկտների հետ զրույցների արդյունքում փորձեցինք պետական բյուջեին պարտք կազմակերպություններին համակարգել մի քանի խմբում։ Այս հրապարակմամբ, սակայն կանգ առնենք միայն այն կազմակերպությունների (ի դեպ, մեր զրուցակիցների մեծ մասն այդ խմբին է պատկանում) վրա, որոնք կատարողն են եղել պետական բյուջեից սնվող կազմակերպությունների։ Մեր զրուցակիցներից մեկը, որը չցանկացավ հրապարակել անունը, նշեց, որ իրենց կազմակերպությունը Երեւանի քաղաքապետարանի պատվերով շինարարական աշխատանքներ է կատարել մի քանի դպրոցներում։ Քաղաքապետարանը «բյուջեի ճեղքվածքի» պատրվակով «էսօր-էգուց է գցել» կատարող կազմակերպության ֆինանսավորումը։ Վերջինս ամենօրյա հույսով կատարել եւ անգամ ավարտին է հասցրել աշխատանքները՝ այդպես էլ ոչ մի լումա չստանալով քաղաքապետարանից։

Սակայն 90 օր անց հարկային մարմինները դատի են տվել տվյալ կազմակերպությանը՝ հարկային պարտավորությունները չկատարելու համար։ Միայն «ընկերաախպերական» ծանոթությունները մեջ գցելուց հետո «անբարեխիղճ» հարկատուին, որը արած աշխատանքի դիմաց ոչ մի լումա չի ստացել, «ներել են» ու համաձայնել, որ ժամանակի ընթացքում աստիճանաբար մարի հարկերը։ Մեր մեկ այլ զրուցակից նշեց, որ իրենց կազմակերպությունը դեռեւս մի քանի տարի առաջ ՊՆ պատվերով շինարարակական աշխատանքներ է իրականացրել։ Ֆինանսավորում չի ստացել ու իր խոսքերով այն ժամանակվա նախարարը սպառնացել է. «Մենք երկիր ենք պահում, դու մի հատ «կազարմա» ես սարքում, փո՞ղ ես ուզում»։

Բնականաբար, նշված տնտեսվարող սուբյեկտը չի համարձակվել փող ուզել, սակայն դրանից հետո ընկել է հարկային մարմինների ու դատարանների ձեռքը։ Այս տեսակ օրինակները բազմաթիվ են։ Մի կողմից պատվիրատուն կատարողին չի ֆինանսավորում, մյուս կողմից՝ հարկային մարմինը հարկեր է պահանջում։ Արդյունքում, կամ ավելի ճիշտ դրա հետեւանքով, տուժում կամ ընդհանրապես փակվում-վերանում են տնտեսվարող սուբյեկտները։ Մի՞թե հնարավոր չէ, ինչպես ասենք կալանավորների նկատմամբ է համաներում կիրառվում, հարկային պարտավորությունները չկատարած կազմակերպությունների նկատմամբ եւս համաներման նման մի բան կիրառել։ Կամ, ասենք, օգտվել աշխարհում գործող բազմաթիվ ձեւերից։ Թերեւս դա էլ չի գործի ՀՀ-ում, որովհետեւ այս երկրում միայն «ախպերության գաղափարախոսությունն» է գործում։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031