Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է

Հունվար 11,2001 00:00
Koch

Երթեւեկելն այնքան էլ անվտանգ չէ ձեր առողջությանը

Ամանորի առիթով հանրապետության հեռավոր շրջաններ՝ հարազատներին տեսության մեկնածների «աչքները վախեցել էր» ոչ միայն համատարած մառախուղից, այլեւ ճանապարհի որոշ հատվածների սառած եւ երթեւեկության համար վտանգավոր դարձած վիճակից։ Սակայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունն արդարանում է, որ թեեւ 2000թ. բյուջեով 500 մլն դրամ նախատեսվել էր միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհների ձմեռային պահպանության համար, սակայն այդ պահպանության փաստացի ծախսը կազմել է 627,7 մլն դրամ՝ միայն հունվար-մարտ ամիսների համար, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին կատարված աշխատանքների ֆինանսավորման հարցն ամենեւին չի լուծվել։ Անորոշ է նաեւ 2001թ. ճանապարհների ձմեռային պահպանության հարցը։

Տրանսպորտի նախարարությունը ոչ միայն արդարանում է, այլեւ հպարտանում. «Թեեւ 2000թ. բյուջեով ընթացիկ նորոգման համար միջոցներ հատկացված չէին, բայց ճանշին ընկերությունների նախորդ տարիների օգուտների հաշվին որոշ աշխատանքներ արվել են՝ մոտ 180 մլն դրամի»։

Ըստ Ներդրումների եւ շինարարական ծրագրերի վարչության պետ Էդուարդ Կարապետյանի, լուծված չէ նաեւ հեղեղների պատճառով փլուզված մի շարք ճանապարհահատվածների վերականգնման ֆինանսավորման հարցը։ Ըստ երեւույթին, Հայաստանի ճանապարհների այս անմխիթար վիճակը խիստ հուզել է մեր բարեկամ ճապոնացիներին, եւ 2000թ. ճապոնական կառավարությունը ՀՀ տրանսպորտային ծրագրի նախապատրաստման աջակցման համար հատկացրել է 2 դրամաշնորհ՝ ընդհանուր հաշվով 881,3 հազար դոլարի չափով։ Այս դրամաշնորհները ծախսվել են հիմնականում ճանապարհների, կամուրջների, սողանքների վիճակներն ուսումնասիրելու, անվտանգ երթեւեկության միջոցառումներ նախագծելու, համակարգչային ծրագրեր ներդնելու, ինչպես նաեւ՝ խորհրդատվական ծառայությունների համար վճարելու վրա։

Կարդացեք նաև

Սակայն ամենամեծ ձեռքբերումը Տրանսպորտային վարկային ծրագրի համաձայնագրի ստորագրումն ու հաստատումն է։ Ծրագիրը (47 մլն դոլար արժեքով, որից 40 մլն-ը ՀԲ-ի վարկն է, 6,4 մլն-ը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը եւ 0,6 մլն-ը՝ դրամաշնորհներ) նպատակ ունի վերանորոգել մոտ 350 կմ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներ, կամուրջներ, երկաթգծեր եւ այլն։ Ծրագրում չի մոռացվել «հայկական երկաթուղուն ադմինիստրատիվ եւ տեխնիկական աջակցությունն ու ուսուցումը»՝ 900 հազար դոլարի չափով։ Թեեւ Տրանսպորտի վարկային ծրագրում հարկ չի համարվել ընդգրկել Երեւանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքները, սակայն այդ բացը լրացնելու ցանկությամբ, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունը կազմել է մետրոպոլիտենի վերանորոգման եւ արդիականացման ծրագիր։

Նման մեկ այլ զարգացման ծրագիր էլ կազմվել է «Զվարթնոցի» համար։ Այս հեռանկարային ծրագրերի արդյունքները մոտ ապագայում դժվար թե զգանք։ Ամենայն հավանականությամբ, ոչ մի լավ բան չի զգա նաեւ զբոսաշրջիկների այն առասպելական բանակը (մոտ 150 հազար), որին շունչները պահած սպասում է ողջ հանրապետությունը, քանի որ «ակնադիտական (՞) ուսումնասիրությունների հիման վրա հաշվարկվել է Քրիստոնեության 1700-ամյակի պետական հանձնաժողովի կողմից տրված ճշտված ցուցակով դեպի եկեղեցիներ եւ վանքեր տանող ճանապարհային մոտեցումների հիմնանորոգման աշխատանքների արժեքը՝ 2635,5 մլն դրամ։ Նախագծային աշխատանքները սկսված չեն ֆինանսավորման հարցը չլուծվելու պատճառով (անհրաժեշտ է մոտ 10 մլն դրամ)»։ Ահա այսպե՛ս։ Իսկ մինչեւ հանրապետության «տուրիզմի սեզոնի» բացումը մնացել է 2-3 ամիս։ Ընդամենը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Հ. Գ. Քաջ ծանոթ լինելով մեր հարազատ պետբյուջեի՝ ճաքեր տալու անուղղելի սովորությանը, ինչպես նաեւ՝ ճապոնացիների եւ այլ բարեկամ ազգերի կառավարությունների գրպաններին աչք չդնելու ու մեր երկրի արտաքին պարտքը չբազմապատկելու ազնիվ ցանկությամբ՝ առաջարկում ենք ընդօրինակել արտասահմանի փորձը՝ ավտոճանապարհների պահպանման եւ նորոգման աշխատանքների ֆինանսավորման մեջ ընդգրկելով նաեւ մեքենայատերերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031