Ասում է ԼՂՀ ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը
Ղարաբաղում ընթացող մարտի 22-ի գործը կարծես թե շրջադարձային փուլում է. ամբաստանյալ Սասուն Աղաջանյանն արդեն երկրորդ անգամ ասաց, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մարտի 22-ին կազմակերպված հարձակումն իր նախաձեռնությունն է, որը նպատակ է ունեցել միմիայն վախեցնել նախագահին։ Այսպիսով, պիտի որ բացառվեր Սամվել Բաբայանի հանցակցությունն ու մասնակցությունը ահաբեկչություն որակված այդ քայլին եւ արդեն իսկ, ըստ տրամաբանության, նրան մեկուսարանում պահելու հիմնավոր շարժառիթներ պիտի որ չլինեին։
Պատրաստվո՞ւմ են փաստաբանները, մասնավորապես՝ Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը, միջնորդություն ներկայացնել՝ փոխելու իր պաշտպանյալի խափանման միջոցը։ Պրն Շաքարյանը մեր հեռախոսազրույցում ասաց, որ առայժմ նման միջնորդություն ներկայացնելու մտադրություն չունեն։ Ամեն դեպքում, քանի որ տեսականորեն բացառված չէ, որ Սամվել Բաբայանը մի օր, այնուամենայնիվ, ազատության մեջ հայտնվի, «Առավոտը» փորձեց նրա երբեմնի ընկերներից, կոլեգաներից ճշտել, թե ինչպես են պատկերացնում նրա հետ իրենց հանդիպումը։
Բանն այն է, որ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, արտգործնախարար Նաիրա Մելքումյանը եւ ոչ միայն նրանք, չէին թաքցնում իրենց կարծիքը, որ հենց Բաբայանն է Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի ամենահնարավոր կազմակերպիչը։ ԼՂՀ վարչապետը, ըստ օգնականի, «շրջանում է եւ կվերադառնա ուշ երեկոյան»։ Փոխարենը տեղում էր ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը։ Մեր հարցին, թե ինչպես է պատկերացնում իր եւ Սամվել Բաբայանի հանդիպումը, տիկին Մելքումյանը նախ ճշտեց. «Փողոցո՞ւմ հանդիպենք»։
Կարդացեք նաև
Փողոցում կամ ոչ փողոցում, այնքան էլ էական չէ։ «Ես չեմ ուզում կանխորոշել դատավորի որոշումը եւ չգիտեմ՝ ի՞նչ որոշում կկայացնի։ Մեր հանդիպումը չեմ պատկերացնում։ Չգիտեմ՝ ինչպես… Չեմ կարծում, որ դատավորը նման որոշում կայացնի»։ «Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ Սամվել Բաբայանը կարող է հանկարծ ու արդարացվել»։ «Ոչ, չեմ բացառում։ Բայց բացառում եմ, որ նրա հետ որեւէ տեղ կարող եմ հանդիպել. ընդհանուր ծանոթներ չունեմ»։ Նույն հարցով դիմեցինք նաեւ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ պրն Աթանեսյանին։ Թեեւ տեխնիկական պատճառներով նրա պաշտոնական պատասխանը չկարողացանք իմանալ, սակայն մեր հեռախոսազրույցում նա ասաց. «Դուք տալիս եք մի հարց, որը իրավական է եւ պետք է ուղղվի իրավապահ մարմիններին։ Սա իրավական հարց է, եւ դուք ուզում եք, որ նախագահը մեկնաբանի՞։ Դա մի բան է (Ս. Բաբայանի խափանման միջոցը փոխելը- Լ.Ա.), որ չի եղել»։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ