Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԾԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀՐԱՇՔ ԷՐ

Հունվար 11,2001 00:00
levon zurabyan

Համարում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Լեւոն Զուրաբյանը, որն ԱՄՆ-ի կողմից նախկին Խորհրդային Միության եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին օգնության կարգով որակյալ մասնագետների պատրաստման ծրագրի շրջանակներում շուրջ 2,5 տարի ուսանեց Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։ Այժմ նա արտաքին հարաբերությունների մագիստրոսի գիտական աստիճան ունի, ի հավելումն իր՝ տեսական ֆիզիկոսի կրթության։

Լեւոն Զուրաբյանի նախընտրած ծրագիրը Կոլումբիայի համալսարանում ընդգրկել էր պետական կառավարման, մակրոտնտեսության, միջազգային եւ կորպորատիվ ֆինանսների, գործարարության եւ նման բազմաթիվ դասընթացներ։ «Աշխատել եմ նաեւ մասնագիտորեն տիրապետել ժամանակակից շատ արագ զարգացող տեխնոլոգիաներին, քանի որ կարծում եմ, թե առանց դրանց հետեւելու հնարավոր չէ հասկանալ ներկայիս աշխարհը»,- ասաց պրն Զուրաբյանը։ Նա նաեւ հեռահաղորդակցության կառավարման, ինտերնետային տեխնոլոգիաների եւ գործարարության ու պետական կառավարման մեջ կոմպյուտերային համակարգերի կիրառմանն առնչվող դասընթացների էր մասնակցել Քարնեգիի Մելոն համալսարանում։ «Ուսումնասիրել եմ նաեւ ռազմական ստրատեգիային, հետախուզության ու արտաքին քաղաքականության փոխկապակցվածությանը վերաբերող դասընթացներ»,- պատմեց նա։

Ի դեպ, Կոլումբիայի համալսարանի ինտերնետային էջում պարունակվող տվյալներն ուսումնասիրելով համոզվեցինք, որ այս եւ չթվարկված բազմաթիվ այլ դասընթացները Լեւոն Զուրաբյանն ավարտել է բարձրագույն գնահատականներով։ Այսուհանդերձ, հայտնագործություն արած չենք լինի, եթե պնդենք, որ ժամանակակից աշխարհն ու Հայաստանը երկու մեծ տարբերություններ են։ Ուստի որքանո՞վ կարող են այս գիտելիքները օգտակար եւ կիրառելի լինել մեր ներկա պայմաններում. «Այնքանով, ինչքանով Հայաստանի զարգացումը համահունչ է համաշխարհային զարգացումներին»։ «Քանի որ դրանք իրար բացարձակապես համահունչ չեն, ուրեմն բոլորովին կիրառելի չեն այդ գիտելիքները» դիտողությանն էլ պրն Զուրաբյանը հակադարձեց. «Դա չի նշանակում, որ Հայաստանը լրիվ կորուսյալ երկիր է։ Թեեւ, եթե մեկուսացումը միայն խորացնող ներկա արտաքին քաղաքականությունը շարունակվի, իհարկե, ոչ մի լավ բան սպասել չի կարելի»։

Այս պահից արդեն զրույցը տեղափոխվեց զուտ քաղաքական հարթություն, որից պարզ դարձավ, թե շուրջ 2,5 տարի օտարության մեջ մնալը չեն փոխել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակի քաղաքական հայացքները։ «Եթե շարունակվի ներկա կուրսը՝ ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորելու, հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ներկա կոնֆլիկտային հարաբերությունները ոչ միայն չբարելավելու, այլ անգամ ավելի կոնֆրոնտացիոն դարձնելու այս քաղաքականությունը՝ Հայաստանը դիտարկվելու է որպես ռիսկային, կոնֆլիկտային գոտու երկիր։ Ցանկացած գրագետ ներդրող առաջին հերթին ստուգում է այն վարկանիշները, որոնք տրվում են երկրին աշխարհի առաջատար բանկային եւ խորհրդատվական ծառայությունների կողմից։ Հայաստանի ծայրահեղ ցածր վարկանիշները հենց կոնֆլիկտային գոտու երկիր լինելով են պայմանավորված։ Ուստի, քանի դեռ փակ են բոլոր ճանապարհները դեպի համաշխարհային հանրության ու տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրացիա, լուրջ բազմամիլիարդ ներդրումներ, տնտեսական զարգացում եւ տնտեսական առումով ավելի շահավետ բարձր տեխնոլոգիաներին առնչվող արտադրություն Հայաստանում չեն լինի»։

Քանի որ պետական քաղաքականության տարբեր երկրների փորձի համեմատական վերլուծությունը, ինչպես նաեւ արեւմտյան չափանիշների ուսումնասիրությունը նույնպես Լեւոն Զուրաբյանի ուշադրության կենտրոնում էր եղել, խնդրեցինք այդ չափորոշիչների շրջանակում գնահատել նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը. «Երեք մեծ ճգնաժամերի եւ բարդագույն խնդիրների պարագաներում էր հայտնվել Հայաստանը։ Նախ՝ ամբողջ համակարգի փոփոխություն՝ ստալինյան վարչարարական համակարգից դեպի ազատական շուկայական հարաբերություններ, ժողովրդավարական նոր համակարգի կառուցում։ Երկրորդը՝ անկախության ձեռքբերում եւ պետության կայացում՝ իր զրոյից ստեղծվող սեփական բանակով, մաքսատներով, ֆինանսական համակարգով, արտարժույթով եւ այլն։ Երրորդը՝ այս ամենի հետ միաժամանակ՝ իր բոլոր ռեսուրսներով մեզ գերազանցող երկրի հետ ծանրագույն պատերազմի մեջ լինելը։ Սրանք այնպիսի խնդիրներ են, որ անգամ արեւմտյան ցանկացած զարգացած երկիր եւ ԱՄՆ-ն էլ եթե նույնի հետ առնչվեին՝ կլինեին բազմաթիվ ավերածություններ եւ կենսամակարդակի մեծ անկում եւ դեռ հայտնի չէ՝ արդյոք կդիմանայի՞ն նման փորձությանը։

Իմ բոլոր ուսումնասիրություններից հետո ավելի ամրապնդվեց այն համոզումս, թե այն, ինչ արեցին Հայաստանի իշխանությունները 1990-1996-ին, այսինքն՝ գործող պետական համակարգ կառուցելը, պատերազմում հաղթելը, տնտեսական կոլապսը հաղթահարելը եւ տարրական կարգուկանոնն ապահովելը՝ մեծագույն հրաշք էր։ Եվ վստահ չեմ, որ շատ կգտնվեին թիմեր, որ կկարողանային իրականացնել այս ամենը»։ Վերջում փորձեցինք պարզել, թե ինչով է մտադիր զբաղվել Լեւոն Զուրաբյանը՝ շարունակելո՞ւ է նախկին նախագահի գրասենյակում վարել հասարակայնության հետ կապերի պատասխանատուի պաշտոնը, թե՞ որեւէ այլ գործ է ձեռնարկելու՝ իր ստացած գիտելիքներին համապատասխան։ «Չգիտեմ, թե որոշակիորեն ինչով կզբաղվեմ։ Շատ հնարավոր է՝ փորձեմ մասնավոր գործարարությամբ զբաղվել։ Ինձ նախ հետաքրքրում է Հայաստանում արժեթղթերի շուկայի զարգացման ծրագիրը, որով երեք ամիս զբաղվել եմ եւ կուզեի շարունակել,- ասաց պրն Զուրաբյանը։- Իսկ Տեր-Պետրոսյանի գրասենյակից ես դուրս չէի էլ եկել։ Սակայն դա հիմա չեմ համարում ինչ-որ առաջնային գործ, քանի որ գրասենյակը մեծ ակտիվություն չի ցուցաբերում»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031