ՌՈՒԴԻԿ-ՀՅԴ ԿՌԻՎԸ ՀԱՎԵՐԺ Է Երեկ Լոս Անջելեսի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «2001 թ. հունվարի 2-ին Ազատություն հրապարակի շրջակայքում ժամը 04.30-ին, ինձ մոտեցել է Նարեկ անունով անձնավորություն, որը, ներկայանալով որպես ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի թիկնապահ, ինչպես նաեւ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդի, իր վրդովմունքն է հայտնել 2000 թ. հոկտեմբերի 27-ին «Ա1+» հեռուստաընկերության PS հաղորդաշարով Հայաստանի ներկայիս իշխանությունների եւ ՀՅ Դաշնակցության գործունեության վերաբերյալ իմ արտահայտած գնահատականների առթիվ եւ սպառնացել, որ եթե մեկ էլ համարձակվեմ քննադատել ՀՅ Դաշնակցությանը, իմ նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն։ Փաստ, որը Հայաստանում բռնապետական կարգեր արմատավորելու, մարդու ու քաղաքացու ազատությունների իրականացման երաշխիքները բացառելու ներկայիս իշխանությունների եւ Դաշնակցության արդեն իսկ իրագործվող ծրագրի ամենախոսուն վկայությունն է։ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Նազարյանին խնդրում եմ հայտարարությունս ընդունել որպես հաղորդում հանցագործության վերաբերյալ եւ ՀՀ քր. դատ. օր.-ի պահանջներին համապատասխան կարգադրել նյութեր նախապատրաստել քրեական գործ հարուցելու համար»։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանի որդի Նարեկ Առուշանյանը նկարիչ է եւ որեւէ մեկի թիկնապահ աշխատելու ո՛չ ֆիզիկական, ո՛չ էլ հոգեբանական տվյալներ ու հակումներ ունի։ Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։