Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԱՅԻՆ ԶՏՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հունվար 11,2001 00:00
Albert Bazeyan

Երեկ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը հրաժարական է ներկայացրել։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն, հավանաբար, մեծ սիրով կստորագրի, քանի որ հունվարի 8-ի երեկոյան նա ինքն է Ա.Բազեյանին առաջարկել աշխատանքից ազատման դիմում գրել։ Նախագահամերձ աղբյուրներն ասում են. Ռ.Քոչարյանի այս առաջարկությունն ուղեկցվել է զավեշտական պատճառաբանությամբ՝ Երեւանի քաղաքապետը պետք է բնիկ երեւանցի լինի, շինարար, լավ մենեջեր, գործարար եւ այլն։ Կարելի է կարծել, թե Ռ.Քոչարյանը, որ ամբողջ Հայաստանի նախագահ է, օժտված է հիշյալ բոլոր հատկանիշներով։ Մասնավորապես, որքանով է նա լավ մենեջեր՝ կարելի է եզրակացնել Հայաստանի տնտեսական ներկայիս վիճակից։ Որ Ա.Բազեյանը վաղ թե ուշ պաշտոնանկ էր արվելու (իսկ նրա հրաժարականն, անկախ ամեն ինչից, հենց այդպես էլ պետք է գնահատել), կանխատեսվում էր դեռ 4-5 ամիս առաջ։

Ռ.Քոչարյանի վերջին ակնարկը, թե դժգոհ է քաղաքապետի աշխատանքից, հնչել էր անցյալ տարեվերջին, երբ քաղաքապետարանում խորհրդակցություն էր հրավիրվել։ «Փողի վրա նստած, ասում եք փող չկա»,- հայտարարել էր Ռ.Քոչարյանը։ Այս արտահայտությունը քաղաքապետարանում շատերը պարզ հայերենով էին թարգմանել՝ «փողոտ տեղ է, կաշառք վերցնել չգիտե՞ք»։ Երեկ ոմանք այսպես արձագանքեցին քաղաքապետի հրաժարականի մասին տեղեկությանը՝ «Քոչարյանին պարկեշտ պաշտոնյաներ պետք չեն։

Հիշեք ինչպես նա վարվեց վարչապետ Արամ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նկատո՞ւմ եք, Քոչարյանը հետեւողականորեն ազատվում է Վ.Սարգսյանի վստահելի զինակիցներից»։ Բազեյանի հրաժարականին նախորդել էին քաղաքապետարանում նրա մի քանի գործընկերների եւ մտերիմ զինակիցների հրաժարականները։ Անշուշտ, հրաժարականներ չեն ներկայացրել քաղաքապետի պաշտոնանկությանը վաղուց պատրաստ նրա տեղակալներն ու հատկապես Քոչարյանի առանձնահատուկ բարեհաճությունը վայելող քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ քաղաքապետը լրատվամիջոցների ու մեր համաքաղաքացիների քննադատության թիրախ էր դարձել հատկապես վերջին շրջանում մայրաքաղաքում իրականացվող ապօրինի շինարարությունների, ծառահատումների եւ այլնի պատճառով։ Վերջնական արդյունքում մեղավորն, իհարկե, Ա.Բազեյանն ինքն էր, քանի որ բավարար քաղաքական կամք չդրսեւորեց քաղաքապետարանում քաղաքական թիմ ձեւավորելու հարցում։

Հիշենք, թե ինչպես Ա.Բազեյանին ստիպեցին արդարանալ իր տեղակալ Վարդան Վարդապետյանին անվստահություն հայտնելու համար. «Թյուրիմացություն էր տեղի ունեցել»,- այն ժամանակ ասաց Ա.Բազեյանը՝ լռելով, որ իր տեղակալի թիկունքին «վերեւներից» մարդիկ կան կանգնած։ Ա.Բազեյանը բավարար կամք կամ ցանկություն չունեցավ նաեւ իր պաշտոնանկության գնով անգամ կանխել այս ու այնտեղ ծլող ապօրինի շինարարությունները։ Այսինքն՝ ո՞վ էր քաղաքապետը, եթե նրա տեղակալներն ու գլխավոր ճարտարապետը Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հետ անմիջական կապ ունեին եւ քաղաքին վերաբերող հարցեր էին լուծում հենց այդ մակարդակներում։ Ամեն դեպքում, տրամաբանական կլիներ ենթադրել, որ Ա.Բազեյանը՝ որպես Վ.Սարգսյանի զինակից եւ նրա կառավարության անդամ, պարտավոր էր ինքնակամ հրաժարական չտալ, հրաժարականի շարժառիթների բացատրությունն ու պատասխանատվությունը թողնելով հրաժարական պահանջող Քոչարյանին։ Ոչ պաշտոնական, բայց հավաստի տեղեկությունների համաձայն Հանրապետական կուսակցությունը, ԱԺ «Հայաստան» խումբն ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բացասաբար են ընդունել Ա.Բազեյանի հրաժարականը եւ հորդորել են առայժմ սպասել։

Ըստ որոշ տեղեկությունների, Հանրապետական կուսակցության խորհուրդը, որի անդամն է նաեւ Ա.Բազեյանը, երեկ պետք է համապատասխան հայտարարություն ընդուներ։ Իհարկե, հաշվի առնելով ՀՀԿ-ի, որպես նոմենկլատուրային կուսակցության, վարկանիշը, դժվար թե այն նպաստավոր լինի հենց Բազեյանի համար։ Քաղաքապետի պաշտոնում առայժմ երկու հավանական թեկնածուների անուններ են շոշափվում՝ բնականաբար, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան, ԱԺ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյան։ Կառավարության մեր աղբյուրները այլ թեկնածուի անուն են տալիս՝ Խոսրով Հարությունյան։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031