Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը՝ նպաստի հավակնո՞րդ

Հունվար 10,2001 00:00
Robert Qocharyan

Քոչարյանը՝ նպաստի հավակնո՞րդ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է անցնել բազմազավակների շարքը, բայց, ինչպես ասաց Բազմազավակների համահայկական «Շիրազ» բարեգործական միության հիմնադիր եւ նախագահ Վիգեն Ղազարյանը. «Ես Ռոբերտ Քոչարյանի վստահված անձն եմ եղել։ Նա խոստացել էր, որ ամեն ինչով մեզ կօգնի, ու դեռ կատակով ասաց, որ ինքը ցանկանում է դառնալ մեր կազմակերպության անդամ։ Ես նրան կատակով մերժեցի, քանի որ նա ունի երեք երեխա։ Իսկ նա ասաց. «Գնամ Բելային համոզեմ՝ երկու երեխա էլ ունենանք»։ Իսկ արդյունքում նախագահը չի կատարել աջակցելու իր խոստումը եւ, դեռ պետությանն օգնելու փոխարեն, 1992 թվականին իրենց հատկացրած տարածքի մեծ մասը փորձում են ձեռքներից վերցնել։ Սա մի տարածք է, որը կազմակերպությանը հասել է ավերված։ Այն կարգի են բերել հենց կազմակերպության 1500 բազմանդամ ընտանիքները։

Նախագահ Վ. Ղազարյանը շեշտեց, որ տվյալ տարածքը ցանկանում են վերցնել եւ տալ Շահումյանի զագսին։ Կարելի է մտածել, թե Հայաստանում այնքան բնակչություն կա եւ ամուսնանալ ցանկացողներն այնքան շատ են, որ եղած զագսերը բավարար չեն։ Խոսակցությանը միջամտեցին բազմազավակների ծնողները՝ ասելով, որ իրենց բնակարանները նման են քարանձավի։ Մահճակալի փոխարեն անկողինը կամ գցված է հատակին կամ հարմարեցված քարերի վրա, լվացվում են դույլի մեջ, հագնում են ցնցոտիներ, բնակարանը «ջեռուցվում» եւ «լուսավորվում» է մոմով, իսկ ուտելիքը՝ ինչ Աստված կուղարկի։ Նրանք վրդովված նշեցին, որ «այսքանից հետո մեղք է վերացնել մի վայր, ուր արվեստ եւ արհեստ են սովորում եւ մարդասիրական օգնություն են ստանում բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ»։

Վ. Ղազարյանն ասաց, որ արդեն 7 տարի է, ինչ ինքը նախագահի ու վարչապետի, պատգամավորների, մեծահարուստների դռներն անհույս թակում է։ Պետությունից խնդրում են տարածքն անհատույց իրենց հանձնել, իսկ կազմակերպություններից՝ ինչով կարող են օգնել։ Բայց վերը նշված անձինք «կոշտ ու կոպիտ վերաբերմունքից բացի, ոչինչ չեն ցույց տվել»։

ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ. Գ. Բացի նրանից, որ այնտեղ գոյություն ունեն Ա1, Ա4, Բ2, Բ3 թաղամասեր, շենքերի մի մասը կոտորակով են, իսկ մյուսներն ունեն երկու համար (օրինակ, նույն շենքի վրա գրված է N 40 եւ 98 (՞)։ Եվ քանի որ բնակիչներն էլ չեն հասկանում, թե իրենց շենքը որ համարի տակ է, բացատրում են հետեւյալ կերպ. «ձկի կողքի չեբուրաշկա շենքը…»։ Զվարճալի խառնաշփոթ առաջացավ այն ժամանակ, երբ հեռուստատեսության աշխատակիցները խնդրեցին նվերները հետ վերադարձնել՝ կրկին բաժանելու պայմանով, այդ պահը նկարահանելու նպատակով։ Իսկ բազմազավակներին թվաց, թե տված բարիքները ցույց տալու եւ հետ վերցնելու համար էին։ Ամուր գրկել էին դրանք եւ չէին ուզում վերադարձնել։ Սակայն, ի վերջո, հաջողվեց նրանց բացատրել հեռուստաէկրանին երեւալու կարեւորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031