Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱՇԱՓԱՌ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվար 10,2001 00:00
erkinq

Ասելիքիս ավելի հարմար վերնագիր, քան մեծն Նալբանդյանից առնվածն է՝ դժվար է երեւակայել։ Հիրավի, այն, ինչի մասին ուզում ենք պատմել՝ այլ կերպ չես անվանի։ Պարզվում է՝ երիցս իրավացի էր Բունինը, որ հավաստում էր, թե գրականության մեջ նույն բարքերն են իշխում, ինչ Հրո երկրում, ուր ջահելները թռփոշանալով ուտում են ծերերին։ Չէ-չէ, բայց մեզանում այդ երեւույթին կարելի է հանդիպել դարավերջի մամուլի էջերում։ Վերցնենք թեկուզ թերթերը, որոնց էջերից վերջին շրջանում մշտական հարձակումների թիրախ են դարձել անցյալի ու ներկայի հայտնի գրական դեմքերը։ Ճիշտ է, մեծերին ուտելու ուղղակի հրահանգներ առայժմ չեն տրվում, բայց ոմանց մամուլը հռչակում է քրեական հանցագործ, ոմանց՝ ՊԱԿ-ի գործակալ, ոմանց՝ մատնագրերի հեղինակ։

Հոդվածագիրները, չինական «կուլտուրական հեղափոխության» ժամանակների օրինակով, աչքի-բերանի չնայելով, դիմահար կրակ են բացում գրական մեծերի վրա՝ նրանց զոհ բերելով իրենց առտնին կրքերին։ Մի տեղ նույնիսկ բանաստեղծի համար նախընտրելի է Հրո երկրի տարբերակը։ Հրանտ Մաթեւոսյանին ինչ-ինչ քրեական մեղքերում մեղադրեց մեզ անծանոթ Ս. Հովակիմյանը, որի մասին ասում են, թե շնորհալի զուռնա նվագող է։ Հարգված մասնագիտություն է, ո՞վ է բան ասել։ Բայց մի՞թե դա իրավունք է տալիս հրապարակավ շաղ գալ հարակից ասպարեզը ներկայացնող մեծավաստակ գրողի հասցեին, թե, իբր, իր իսկ գլխավորած Գրողների միության դեմ դավադրություն է նյութվում՝ այն լուծարելու եւ միջոցները պետբյուջե փոխանցելու հեռանկարով։ Կամ վերցնենք «Գրական աբորտ կամ վիժում՝ նոր հղիության քողարկումով» հույժ գինեկոլոգիական թեքումով հոդվածը։

Համաձայն ենք, անշուշտ, որ կարելի էր նաեւ առանց մեկնաբանությունների։ Այնքան խոսուն է վերնագիրը։ Մեր խնդրից դուրս համարելով անդրադարձը Համլետ Կարճիկյանի՝ սույն էջերում Գրողների միության նախագահին, պարզապես ավագ գրչեղբորը «Հր. Մաթ.»-ով դիմելու բավականին ինքնատիպ ոճին, նրա անձի ու գործի մասին մեղադրականի բոլոր կետերին, չենք կարող սակայն տարակուսանք չհայտնել մի, ուղղակի ասենք, դարիդուս պնդման առիթով։ Եփած հավի ծիծաղն էլ կգա Հ. Կարճիկյանի այն «հայտնությունից», ըստ որի, Հ. Մաթեւոսյանը ներգրավված է եղել Կրեմլի ինչ-ինչ դավադրություններում՝ ընդդեմ հայ գրականության։ Հազիվ թե 37-ի «հերոսների» մտքով անցներ իրենց «մատերիալներում» ավելի հնարամիտ մեղադրանք մոգոնել։ Ուրիշ մի միտք էլ է տանջում. կարո՞ղ էր արդյոք երեւակայել Դանեմարքայի իշխանը, որ իր հայ ադաշը ընդունակ կլինի այդպիսի մառ մտահանգումների, որ կվերցնի ու օրը ցերեկով բարեհիշատակ Գեւորգ Էմինին դուրս կբերի ԿԳԲ-ի լրտու, որն իր գրչեղբոր՝ Պարույր Սեւակի «կրիմինալ» բանաստեղծությունների տողացիներն, իբր, առաքել է վերոհիշյալ աստվածահաճո հաստատությանը։ Հենց այսպես, որպես գրբաց կամ կիսագրբաց, պնդում է՝ տրամվայում լսածի հիման վրա։

… Մեռած բանաստեղծների դեմ արշավի հերթական զոհերից է նաեւ Նաիրի Զարյանը։ Հոդվածի հեղինակ, ՀԿԿ Կենտկոմի նախկին բաժնի վարիչ Դ. Գասպարյանը մեծ բանաստեղծի 100-ամյակի շեմին հանդես է եկել մի հայտարարությամբ, որի համեմատությամբ նախորդների բարուրանքները մանկական թոթովանք են թվում։ Ակամա մտածում ես՝ միգուցե հենց այդպես էլ կա՞։ Հեղինակը ծանոթացել է երանելիներ Կարճիկյանի եւ Հովակիմյանի հոդվածներին ու վճռել է տալ անցնել։ Եվ հաջողացրել է։ Տվել անցել է։ Մինչդեռ մենք միամտաբար կարծում էինք, որ երկու բախտակից բանաստեղծներին՝ Չարենցին ու Զարյանին մահացու թշնամիներ դուրս բերելու օգտին բոլոր ապացույցներն այլեւս սպառված են։ Դ. Գասպարյանը մի հսկա հատորում հընթացս հավաքել ու հրապարակել է անգամ Բերիայի, Մուղդուսու, Խվորոստովի, Ամատունու թողոնները, «մեղադրյալ» գրողների անունից էնկավեդեի քննիչների գրած արձանագրությունները։ Իսկ գրքի ճակատին չի մոռացել գլխատառերով գրել իր անուն-ազգանունը։ Բայց չի հանգստացել, որովհետեւ արխիվներում Ն. Զարյանի հեղինակությամբ մատնագրեր դեռ չեն հայտնաբերվել։ Երեւում է կարծել է, թե մինչեւ հիմա փնտրել է ոչ այնտեղ, ոչ այն կույտում։ Եվ որոնումները շարունակում է։ Ինչո՞ւ։ Ի՞նչ հեռանկարով։

Սակայն Իր կասկածներն ու հույսերը մարմնավորող տեսակետը լավ է չվերապատմենք, այլ ներկայացնենք կուսական վիճակում՝ հեղինակային մտքի թռիչքի ողջ պերճանքով ու փայլով։ «Արխիվներում չլինելը ոչինչ չի նշանակում,- իմաստնախոսում է նա։- Ն. Զարյանը կարող է գրել ուրիշի անունով, մենք չգիտենք, տեղյակ մարդիկ ասել են (դարձյալ տրամվայում՝ Զարյանի օձիքից պոկ չի գալիս նա- Ն. Ջ.), որ Նաիրի Զարյանը չի վստահել Հայաստանի Չեկային եւ իր գրություններն ուղղել է Անդրկովկասի Չեկային»։ Ահա քեզ մտահանգում, որ կշարժեր անգամ քննիչ Եղբայր Ինայեկյանի նախանձը։ Իսկ դուք, ընթերցող, ի՞նչ էիք կարծում։ Նույն ինքը՝ Վիշնիսկին գլուխը քարն է տվել իր «ապացույցների թագուհով», զառամախտավոր Ուլրիխով, եւ անգամ գլխավոր դատախազ, նախկին եֆրեյտոր Կռիլենկոյով։ Մենք առաջ ենք անցնում։ Չէ՞ որ հայ ենք մենք, եղբայրներ։

ՆԵԼԼԻ ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

ԵՃՀ ասպիրանտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031