Լրահոս
Օրվա լրահոսը

Համաակադեմիական ժողովը կկայանա

Հունվար 10,2001 00:00
gaa

Եթե վարչապետը չասի, որ զբաղված է

Այն, ինչ տեղի կունենա ԳԱԱ-ում հունվարի 19-ին, աննախադեպ իրադարձություն է։ ԳԱԱ-ի արհմիությունների միացյալ կոմիտեի նախագահ Կիմա Միքայելյանի հավաստմամբ, ակադեմիայի մոտ յոթանասնամյա գործունեության մեջ դեռ չի եղել, որ ակադեմիայի ընդհանուր մեծ ժողով հրավիրվի՝ քննարկելու գիտնականների սոցիալական պաշտպանվածության հարցերը։

Հիշեցնենք, որ այս քայլին դիմելու սպառնալիքը հնչել էր գիտնականների բողոքի ցույցի ժամանակ։ Վերջիններս ստիպված են նման ծայրահեղ քայլի դիմել, քանի որ կառավարությունն այդպես էլ չվճարեց նրանց չորս ամսվա աշխատավարձը։ Ըստ տիկին Միքայելյանի, կառավարութ յունն իրենց պարտք է 240 մլն դրամ։ Թեեւ գիտնականները պահանջել էին, որ վճարեն միանգամից հինգ ամսվա աշխատավարձը, բայց տվել էին միայն օգոստոսինը։ «Ասել էին, որ սեպտեմբերն էլ կտան, բայց մեզ հուսախաբ արեցին»,- ասաց Կ. Միքայելյանը։ Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ երեկ ակադեմիայի ինստիտուտների արհկոմների ներկայացուցիչները հանդիպել են ԳԱԱ նախագահի հետ եւ քննարկել ընդհանուր ժողովի օրակարգը։ Այսինքն՝ Ֆադեյ Տաճատիչը լիովին պաշտպանում է գիտնականների նախաձեռնությունը։

Ընդհանուր ժողովի գլխավոր նպատակը պետք է լինի հաշվետվության հրավիրել պետական բարձրաստիճան այրերին։ Հրավերներին պատասխանելու վերջին ժամկետը դեկտեմբերի 29-ն էր։ Արձագանքել է միայն ԱԺ-ի կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։ Պաշտոնական հրավերներ դարձյալ կուղղվեն ՀՀ վարչապետին եւ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարին։ Ու որպեսզի «հանկարծ չլինի, որ վարչապետն ասի, թե զբաղված է», գիտնականներն իրենց ժողովը հատուկ հրավիրել են ուրբաթ օրը, երբ ոչ ԱԺ-ի, ոչ էլ կառավարության նիստ կա։ Գիտնականները հուսով են, որ պետական այրերը կպատասխանեն իրենց հուզող հարցերին, մասնավորապես, թե ինչպես է այս պետությունը պատրաստվում պահել գիտնականներին ու գիտական համակարգը։

Ակադեմիայի ընդհանուր ժողովին կմասնակցեն ակադեմիական ինստիտուտների կոլեկտիվների կողմից ընտրված ներկայացուցիչները, իսկ ժողովը կնախագահի ԳԱԱ-ի արհմիությունների միացյալ կոմիտեն։ Դատելով բողոքի ցույցի ժամանակ արտահայտած տրամադրություններից՝ որոշ գիտնականներ ավելի կտրուկ քայլերի կողմնակից են՝ բավարար չհամարելով կառավարության հետ լեզու գտնելու նման խաղաղ միջոցները։

Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031