Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՐ, ԽՄԻ, ՔԵՖ ԱՐԱ ՇԱՐՈՒՆԱԿ

Հունվար 10,2001 00:00
dat

Դատարանը… խալի է ոտքիդ տակ

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շենքում երեկ քննություններ էին։ Բայց հավակնորդները դպրոցը նոր ավարտած եւ բանակից վերադարձած երիտասարդներ չէին, այլ տարիքներն առած, ճանաչված փաստաբաններ, դատախազության աշխատակիցներ, իրավաբաններ, որոնք էլ քննությունների բարեհաջող ավարտից հետո պիտի համալրեն դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակները, ապա… հնարավոր է նշանակվեն… դատավոր։

– Դատավորների կարիք կա՞ այսօր,- հարցրինք ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին (որն, ի դեպ, ի պաշտոնե գլխավորում է 5 անդամից բաղկացած հանձնաժողովը)։ Նա էլ պատասխանեց՝ այո՛, կա։ շ

Երեկվա դրությամբ, ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ արդարադատության մամուլի ծառայության պատասխանատուն, դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում ընդգրկված է 203 հոգի, որից 139-ը գործող դատավորներ են։ «64-ը պարզապես ցուցակում ընդգրկված են որպես կադրային պահուստ»։

Տեղեկացնենք, որ քաղաքացիական գործերով քննությունների համար նախատեսվել էր 6 ժամ, քրեական գործերով՝ 7 ժամ։ Մաքսիմալ միավորը 20-ն է։ Արդարադատության նախարարության կադրերի եւ հատուկ վարչության պետ Անուշ Պետրոսյանն էլ դիմորդներին հրավիրեց քննասենյակներ։ Քննասենյակները երկուսն էին եւ «դիմորդները» նստեցին առանձին-առանձին, մեկ-մեկ, որպեսզի, հավանաբար, միմյանցից հնարավորության դեպքում «չարտագրեն» այն վճիռները, որոնք պիտի կայացվեն տեղում, 6 ժամվա ընթացքում։ Տեսնել էր պետք, թե ինչպես էին լսարան «գցվում» դատախազության աշխատակից «դիմորդները». նրանք քարշ էին տալիս քաղօրենսգրքերով, նորմատիվ ակտերով լեցուն իրենց դիպլոմատներն ու կտորե պարկերը, իսկ մի փաստաբան լսարան էր բերել իր ողջ գրապահարանը։

– Ծնո՞ղ եք,- հարցնում եմ հաստլիկ դատավորացուի կողքի կանգնածին։

– Ընկեր եմ,- պատասխանում է: Թեեւ ճանաչեցի փաստաբանի պաշտպանյալի հարազատին։ «Աշխարհահռչակ» դիմորդներից տեղում «բռնացնում» ենք «Վահան Հարությունյան, Վանո Սիրադեղյան եւ մյուսներ» քրգործով պաշտպան Ռուբեն Բալաբանյանին, որն ասում է. «9000 վճիռ եմ կայացրել իմ ամբողջ գիտակցական կյանքում։ 17 տարի։ Քի՞չ էր։ Բա, իհարկե, դրա համար էլ գտնվում եմ այստեղ»։ Նախկին դատավորը երեւի թե ճիշտ է: Իսկ Վահան Հարությունյանին թվում է, թե պաշտպանն օրուգիշեր իր մասին է մտածում։

– «Շպարգալկա» չե՞ք գործածելու,- հարցնում եմ քննասենյակ մտնողներից իրավաբան Վ. Ավագյանին։

– Տերմինը չեմ հասկանում,- ասում եւ մտնում է քննության։

– Անցյալ տարի էլ, որքան հիշում եմ, դուք մասնակցեցիք քննություններին,- դիմում եմ փաստաբան Ս. Սաֆարյանին, որն, ի դեպ, թեստային քննությունների ժամանակ հավաքել էր 100 միավոր։

– Մասնակցել եմ։ Ձգտում եմ հիմա նույնպես դրական ստանալ։

– Դուք առաջին անգա՞մ եք մասնակցում քննություններին,- դիմում եմ 18 տարվա փաստաբան Զ. Խաչատրյանին։ – 98 միավոր եմ հավաքել առաջին անգամ։ Հիմա նույնպես փորձում եմ, միգուցե կարողանամ հաղթահարել։ Հանուն սկզբունքի։ Ամեն տարի կամ քննությամբ եմ սկսում, կամ քննությամբ եմ ավարտում։

Իմիջիայլոց, 65 դիմորդներից 19-ը կանայք էին եւ երեկ քննության չէին ներկայացել 3 պոտենցիալ դատավոր։ Դ. Հարությունյանի կարծիքով մի քանի տարի է, ինչ քննական ավանդույթ է ձեւավորվել։ «Ձեւը, կարծում եմ, արդյունավետ է։ Կարծես թե ստեղծվում է դատական նիստի մոդել։ Նկարագրված է գործը եւ ապագա դատավորը պետք է ցույց տա, թե ինչ վճիռ կկայացվի, ճիշտ շարադրելով այդ վճիռը։ Գնահատող հանձնաժողովը որպես կանոն ուշադրություն է դարձնում այդ բոլոր հանգամանքներին»,- ասաց նախարարը։

«Առավոտի» այն հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեցին թեստային եղանակից, նախարարը պատասխանեց. «Բանն այն է, որ թեստային ստուգումը թույլ է տալիս ճշգրիտ գնահատական իրականացնել, երբ թեստերի բովանդակությունը հայտնի չէ։ Ցավոք սրտի, երբ ձեւավորվում էր դատական համակարգը, եղան բավականին լուրջ քաղաքական շահարկումներ. ո՞վ է պատրաստելու այդ թեստերը, դրանք հասու չէին լինի ընտրյալներին, հասարակությանը եւ այդ իսկ պատճառով ԱԺ-ում ծնվեց այն թեստային համակարգը, երբ հարցաշարերը նախապես տպագրված էին, ինչը, անշուշտ, չէր կարող դիտվել որպես արդյունավետ միջոց»։ Քննությունները շարունակվում էին, թե՛ «ծնողները», թե՛ դիտորդները ազատեցին սպասումների միջանցքը։ Խոսքն արդեն հնարավոր դատավորներինն է։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031