Նոր դարի մուտքը նշանավորվեց դեղերի եւ դեղամիջոցների 30-40% թանկացմամբ, իսկ որոշ դեղատներում այն հասավ նույնիսկ 50-60%-ի։
Հիշեցնենք, որ ամանորի այս «նվերը» ժողովրդին մատուցեց հայրենի կառավարությունը, որի օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկային դաշտի վերաբերյալ, թող որ արտաքին չկամությամբ, բայց հաստատեց Ազգային ժողովը։ Արդեն գործող օրենքով դեղերի եւ դեղամիջոցների շրջանառությունից պետք է ավելացված արժեքի հարկ հարկվի, այսինքն՝ 20%։ Սակայն ինչպես ցույց տվեցին մեր շրջայցերը մի քանի դեղատներ՝ դեղերը թանկացել են 30-40%-ով, իսկ որոշներում այն հասել է 50-60%-ի։
Դեղորայքի առեւտրով զբաղվող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, որը չցանկացավ անունը հրապարակել, նշեց, որ մինչեւ ԱԱՀ-ի 20%-ի հարկելը, դեղերի մեծածախ ներկրողներն արդեն 10%-ով թանկացրել էին։ Նրա մեկնաբանությամբ՝ մինչ դեղատուն հասնելը, դեղորայքը նախկին գնի համեմատությամբ թանկացել է ավելի քան 30%-ով։ Սա բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ դեռեւս հստակություն չի մտել մաքսատուրք հարկել-չհարկելու հարցում։ Այս ամենի հետեւանքով, մեր փորձագետների պնդմամբ՝ դեղորայքը որոշ դեղատներում թանկացել է 50-60%-ով, որը, բնականաբար, առաջին հերթին խփում է սոցիալապես անապահով խավի շահերին։ Բացի այդ, վտանգ կա, որ դեղերից եւ դեղամիջոցներից ԱԱՀ հարկելու հետեւանքով կմեծանա անլեգալ ճանապարհով (հատկապես Վրաստանից) դեղորայքի ներմուծումը։ Ուստի եւ ստացվում է, որ Վրաստանի դեղորայքի շուկան է թելադրելու Հայաստանի շուկայի գները։
Դեղորայքի շրջանառությունից ԱԱՀ հարկելու հետեւանքով, ըստ մեր փորձագետների, Հայաստան կմտնի անորակ եւ կեղծ դեղորայքի մեծ պաշար։ Ի դեպ, այս կարծիքին է նաեւ ԱԺ պատգամավոր, Հայաստանի դեղագործների միության նախագահ Ղուկաս Ուլիխանյանը։ Նա եւս այն տեսակետը հայտնեց, որ դեղորայքի մեծածախ շուկան վերագնահատումներ է կատարում, որի հետեւանքով բարձրանում են դեղորայքի գները։ Սակայն, ըստ պրն Ուլիխանյանի, գների թռիչքը հասնում է մինչեւ 30-40%։ Նա կրկնեց այն տեսակետը, թե Հայաստանում կմեծանա անլեգալ ճանապարհով դեղորայքի ներկրումը, դրան զուգահեռ էլ կնվազի օրինական ներմուծումը։ Հիշեցնենք, որ խորհրդարանում այս հարցի քննարկման ժամանակ օրենսդրական նախաձեռնության իրական հեղինակ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը պնդում էր, թե տարածաշրջանի մյուս պետություններն արդեն ընդունել են օրենք՝ դեղորայքից ԱԱՀ հարկելու մասին։
Կարդացեք նաև
Վերը նշած մեր զրուցակիցները կտրականապես ժխտեցին այդ միտքը, պնդելով, որ Վրաստանը իսկապես նման օրենք ընդունել է, սակայն մի կարճ ժամանակ անց՝ հրաժարվել դրանից։ Այս օրենքին դեմ քվեարկած Ղուկաս Ուլիխանյանը տեղեկացրեց, որ մի 2 ամսից կերեւա Հայաստանի դեղագործական միության բողոքի արդարացիությունը, եւ իրենք օրենսդրական նախաձեռնությամբ կմտնեն ԱԺ։ Ի դեպ, միայն վերը նշված կազմակերպության ներկայացուցիչը չէ, որ չցանկացավ հրապարակել իր անունը։ Դեղատների տնօրենները, չգիտես ինչու, շատ ցավալի ընդունեցին իմ այն հարցը, թե դեղորայքից ԱԱՀ հարկելը ինչպես է ազդում գների վրա։ Նրանցից մեկը նույնիսկ ինձ՝ «բալիկիս» բացատրեց, որ դա այնքան պարզ է, ինչքան 2X2-ը։ Դեղատների տնօրենները հիմնականում նշեցին, որ իրենց դեղատներում գները բարձրացել են 35-40%-ով, բայց իրենց կամ դեղատան անունը հրապարակելը «ռիսկի» գնալ համարեցին։
Ու չնայած այս ամենին, դեղատներում առեւտուր կատարվում էր. հատկապես այս սեզոնին քաղաքում մեծ է գրիպով, թոքաբորբով, անգինայով հիվանդների թիվը եւ մարդիկ ստիպված օրվա հացի փողը տալիս են դեղորայքին։ Դեղատներից մեկում մի կին զայրացած վիճում էր վաճառողի հետ. «Էս մի դեղն էր մնացել, էս էլ կտրեցիք»։
ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ