Առնվազն 150 հազար սփյուռքահայ պոտենցիալ զբոսաշրջիկներից, որոնք պիտի որ գան հայրենիք՝ մասնակցելու Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին, առայժմ որեւէ լուր չկա։ «Home hous hotel» ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ղալթախչյանին «Առավոտը» խնդրեց ճշտել, թե կոնկրետ իրենց կենտրոնին մինչ օրս քանի սփյուռքահայ զբոսաշրջիկ է հայտ ներկայացրել՝ Հայաստան գալու նպատակով։ Պարոն Ղալթախչյանի տվյալներով՝ կոնկրետ իրենց կենտրոնին պաշտոնապես դեռեւս չեն դիմել։
Իրոք, վաղ է պաշտոնական որեւէ տվյալ այսօր հրապարակելը։ Իրեն դիմելուց հետո այս կարծիքի հետ համաձայնեց նաեւ Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կառավարական հանձնաժողովի զբոսաշրջության հարցերով խորհրդատու Ալինա Խաչատրյանը։ Ըստ նրա՝ հայտերը նոր-նոր են հավաքվում։ Մանավանդ որ, Հայաստանում տուրիզմի սեզոնը (պատկերացրեք, այդպիսին էլ է լինում) սկսվում է ապրիլից եւ ավարտվում նոյեմբերին։
Հետաքրքիր է պաշտոնական հետեւյալ տվյալը. անցած տարի Հայաստան տուրիստի կարգավիճակով մտել է 50-60 հազար մարդ (ներառյալ կառավարական պատվիրակությունները)։ Այս տարի հնարավոր տուրիստների համար՝ բացի մայրաքաղաքի հյուրանոցներից, արդեն հայտնի է, որ նաեւ Հայաստանի մարզերի առողջարաններն ու մասնավոր տներն են հատկացված։ Մասնավորապես՝ Գորիսի հյուրանոցը։ Ականատեսներից մեկի վկայությամբ՝ 2000 թվականին այնտեղ պատահաբար հայտնված զբոսաշրջիկներին տհաճ անակնկալ էր սպասում. տաք ջուր չկար։ Սակայն տեղացիներն ամեն առավոտ ջուր են տաքացրել եւ կաթսաներով տարել զբոսաշրջիկների համարները։ Վերջիններիս խանդավառությունը սահման չուներ. նրանք շոյված էին։ Ահա այսպես. եթե չունենք էլ հյուրանոցային պատշաճ պայմաններ, եթե մեր տանտիրուհիները գերազանց անգլերեն չգիտեն, եթե հյուրանոցներում տաք ջուր չկա, փրկության կհասնի հայկական հյուրընկալությունն՝ իր բոլոր դրսեւորումներով։ Մնացածը կհարթեն Խոսրով Հարությունյանն ու Արմեն Մազմանյանը։
Լ. Ա.