Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Վարդանյանից փո՞ղ էին շորթում

Հունվար 10,2001 00:00
Arakadi vardanyan

Երեկ Արկադի Վարդանյանի գրասենյակում լրագրողների հետ հանդիպում էին կազմակերպել Ա. Վարդանյանի շահերի պաշտպան Սամվել Ջաղինյանը եւ կինը՝ Ելենա Վարդանյանը։ Նրանց վրդովմունքի հիմնական պատճառն այն էր, որ ապօրինաբար մեկ ամսով ավելացվել էր Ա. Վարդանյանի կալանքի շրջանը։ Տիկին Վարդանյանն իր ելույթն սկսեց հենց սկզբից՝ նկարագրելով այն «զարհուրելի» տեսարանը, երբ գիշերվա ուշ ժամին ջարդելով տան մուտքի կրկնակի դռները, մի քանի մարդ ներխուժել է ներս եւ տարել ամուսնուն։ Վերջինս համառոտ ներկայացրեց Ա. Վարդանյանի վիճակը կալանավայրում, փաստելով, որ նրա առողջականն ավելի է վատթարացել. «Ամեն տարի նա գնում էր հետազոտվելու եւ շատ առողջ տղամարդ էր, եւ եթե նրա առողջության հետ որեւէ բան պատահի, առաջին հերթին պատասխան կտա երկրի նախագահը»։

Պարզվում է, որ Ա. Վարդանյանը զրկված է նաեւ ցանկացած ինֆորմացիոն աղբյուրից։ Ե. Վարդանյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ին իրեն թույլատրել են տեսակցել ամուսնուն։ Եվ մի «բարյացակամ միջնորդ» առաջարկել է իր միջնորդությունը նրան կալանքից ազատելու գործում. «Ինձ ասացին՝ թող քո ամուսինը գրի, որ ինքն ընդունում է իր քաղաքացիական ակտիվության սխալ լինելը եւ պատրաստվում է որպես երաշխավորություն «Հիմնադրամին» փոխանցել ինչ-որ էական մի գումար» (այսինքն՝ բանկային հաշվում եղած մեկ միլիոն յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարը)։ Այնուհետեւ Ա. Վարդանյանի կողմից փոխզիջման տարբերակը (գումարի փոխանցումը) «ծանրակշիռ» չհամարելով, պահանջում են «զիջել Չարենցի փողոցում գտնվող Արկադի Վարդանյանի գրասենյակը»։ Ա. Վարդանյանը, իր հերթին, կատարվածը վերագրում է նրան, որ «ուզում են իրեն սնանկացնել եւ վտարել Հայաստանից»։

Նշենք, որ հինգ օր առաջ Ա. Վարդանյանը նամակ էր հղել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նա նախագահին է դիմում անունով եւ «դու»-ով։ Նամակում պրն Վարդանյանը կրկնում է իշխանության հասցեին այն քննադատությունը (մասնավորապես «ԱրմենՏելի», «Արմենիա» հյուրանոցի, կոնյակի գործարանի եւ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման վերաբերյալ), որը բազմիցս արտահայտել է մամուլի էջերում ու հանրահավաքներում: Բացի այդ, նամակում կա երեք ուշագրավ դրվագ:

1. Պրն Վարդանյանը պնդում է, որ անցած տարվա գարնանն ինքը հանդիպել է Սերժ Սարգսյանին, որն իրեն համոզում էր «Մեղրիի տարբերակի» շահավետության մեջ՝ իբր որպես փաստարկներ բերելով տարածքային ձեռքբերումները, 10 մլրդ դոլար ներդրումները եւ Ռուսաստանի ու Իրանի հնարավոր թուլացումը:

2. Նամակում նա հիշեցնում է նախագահին, որ վերջինիս խնդրանքով ինքը 4 տարի առաջ ծանոթացրել էր Քոչարյանին Ալեքսանդր Լեբեդի հետ, որն այն ժամանակ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարն էր: Այդ ծանոթության համար Քոչարյանը, Վարդանյանի խոսքերով, իրեն շատ երախտապարտ էր:

3. Ըստ պրն Վարդանյանի, քննիչները չեն կարողանում բացատրել իրեն առաջ քաշվող մեղադրանքների էությունը եւ նման դեպքերում ձեռքով ցույց են տալիս առաստաղը՝ իբր վերեւների հրահանգն է:

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031