Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵՑ ՆԵՐԴԱՇՆԱԿՎԵԼ

Հունվար 10,2001 00:00
hyd

«Միասնությունն» ու առավել եւս Հանրապետական կուսակցությունը չեն կարող հավակնել նախագահ Քոչարյանի քաղաքական հենարանի դերին։

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Դավիթ Լոքյանը, որ բարեհաջող կերպով իրականացնելով իշխանությունների առաջադրանքը էներգետիկ հայտնի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, նշանակվեց քաղաքաշինության նախարար։ Այս նշանակումը վկայում է, որ Ռոբերտ Քոչարյանը հենվել եւ հենվում է հիմնականում Դաշնակցության վրա, որի գաղափարախոսությունը՝ պահանջատիրությունը, Հայ դատը, դրված է մասնավորապես արտաքին քաղաքականության հիմքում։ ՀՅԴ-ն, իհարկե, ամենեւին էլ դեմ չէ ընդամենը նախագահի չբացահայտված հենարանը լինելուն եւ պատճառը միայն կուսակցության առաջնորդների ցանկում վառ անհատականության բացակայությունը չէ։ Գլխավորն այս պարագայում այն է, որ Դաշնակցությունը ձերբազատված է երկրում վարվող տնտեսական, արտաքին եւ ներքին քաղաքականության համար ուղղակի պատասխանատվություն կրելուց։ Բոլոր դեպքերում պատասխանատուն նախագահ Քոչարյանն է։

Նախագահն էլ այսօր եւ գուցե նաեւ առաջիկայում էլ չի շտապի ՀՅԴ-ին պաշտոնապես իր հենարանը հայտարարել, թերեւս, գիտակցելով, որ Դաշնակցությունը մի օր կարող է իր ուսերին ավելորդ բեռ լինել եւ պահանջել ավելին, քան ինքը պատրաստ է տալ։ Դաշնակցությանը 1998 թվականի վերաբացումից հետո պետական մի քանի մեծ ու փոքր պաշտոններ էր վստահվել՝ մարզպետի, նախարարների, հանձնաժողովի նախագահների եւ այլն։ Եվ ընդհանրապես կուսակցությունը կարծես սովորել է «գորշ կարդինալի» կարգավիճակին։ Բացի այս, Դաշնակների էլ ավելի առաջխաղացմանը խոչընդոտում էր այն, որ Ռոբերտ Քոչարյանն իրեն մինչեւ 2000-ի մայիսը երկրի լիիրավ տերը չէր կարող համարել։ Իսկ «հոկտեմբերի 27-ից» առաջ գործադիր մարմնում, ի դեմս նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ նրա մտերիմ զինակիցների, ամուր արմատներ ուներ հակադաշնակցականությունը։

Այլ է հիմա։ Իրադրության հերթական փոփոխությունը վերստին նպաստավոր պայմաններ ստեղծեց գործադիր իշխանությունում Դաշնակցության ծավալման համար։ Երկրի նախագահը մենիշխան է եւ կարող է անել այն, ինչ սիրտն ուզում է. շահողն, անկասկած, Դաշնակցությունն է։ Բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս կուսակցությունը գործադիր մարմնի առանցքային պաշտոններում նոր առաջադրումներ կանի, առավել եւս, որ մինչեւ Դավիթ Լոքյանի նշանակումը նախարարի պաշտոնում խոսվում էր Վահան Հովհաննիսյանին՝ ՆԳՆ, Ալվարդ Պետրոսյանին՝ մշակույթի, Լեւոն Մկրտչյանին՝ ԱԳ նախարար նշանակելու նախագահի մտադրության մասին։ Որ այս նշանակումները ոչ միայն չեն բացառվում, այլեւ շատ հավանական են՝ հավաստում են նախագահի աշխատակազմին մոտ կանգնած մեր աղբյուրները։ Ասել է թե, Դաշնակցությունն այսօր ավելի քան երբեւէ մոտ է Հայաստանը, ըստ էության, դաշնակցական տեսնելու բաղձալի ժամին։ Ըստ քաղաքական որոշ դիտորդների, չի բացառվում, որ այս հարցում միակ լուրջ խոչընդոտը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լինի, որը չի կիսում Դաշնակցության նկատմամբ Ռ.Քոչարյանի համակրանքը։

Իհարկե, քանի դեռ նախարարն անձամբ չի արտահայտվել Դաշնակցության նկատմամբ իր դիրքորոշման մասին, դժվար է որեւէ բան պնդել: Հայտնի է, որ նա էր «Վահան Հովհաննիսյան+31» գործի գլխավոր նախաձեռնողներից մեկը: Հայտնի է նաեւ, որ դեռ 90-ականների սկզբին Ս.Սարգսյանը պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանին եւ հայաստանյան իշխանություններին բազմիցս է բանավոր եւ գրավոր բողոքել դաշնակցական կամավորական ջոկատների կողմից ռազմական ընդհանուր ճակատը պառակտելու եւ ռազմական առանձին գործողություններ տապալելու համար։ Հնարավոր է սակայն, որ այսօր Դաշնակցությանն առաջ մղելու հարցում Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը տարաձայնություններ չունենան: Այդ դեպքում հնարավոր կլինի պնդել, որ ՀՅԴ-ն Հայաստանում վերադարձել է իշխանության։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031