Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԱՎԵԼԻ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՎ

Հունվար 10,2001 00:00
Armen Rustamyan

Քաղաքաշինության նախարարի պաշտոնում Դավիթ Լոքյանի նշանակումը արդյոք վկայո՞ւմ է, թե Դաշնակցությունը վերանայել է իր վերաբերմունքը ներկա կառավարության հանդեպ։ Նաեւ այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից։

– Ամիսներ առաջ նույն կառավարությանը մաս չկազմելու վերաբերյալ ՀՅԴ որոշմանը չենթարկվելու համար Ռոլանդ Շառոյանը հեռացվեց կուսակցությունից։ Արձանագրե՞նք, որ դիրքորոշումն այժմ փոխվել է։

– Այն ժամանակ կուսակցությունը հայտարարեց, որ պատրաստ է մաս կազմել կառավարությանը, սակայն ներկայացրեց իր մոտեցումները եւ սկզբունքները, որոնք բխում էին այն քաղաքական գծից, որը մշակել էր կուսակցությունը։ Ռոլանդ Շառոյանի ղեկավարած նախարարությունը, այդ պորտֆելն անբավարար էր իրականացնելու կուսակցության կարեւորած նպատակները։ Իհարկե, մշակույթի ոլորտը կարեւոր է, բայց խնդիրները, որոնք անհրաժեշտ է առաջնահերթ լուծել Հայաստանի իրական առաջընթացն ապահովելու համար՝ մի քիչ այլ բնագավառում են գտնվում։

– Եվ այդ բնագավառը քաղաքաշինությո՞ւնն է, այդ պաշտոնը բավարա՞ր է ՀՅԴ նպատակներն ու մոտեցումներն իրականացնելու համար։

– Նախ, քաղաքաշինությունն այն մակարդակով, որ այսօր կա եւ այն իրավասությունները, որ այդ ոլորտում պիտի ունենա այդ նախարարությունը՝ այն չեն, որ համապատասխանեն իրական վիճակին։ Բնական է, որ ակնկալում ենք, թե նաեւ հենց նախարարությունը պիտի որակապես փոխվի, որ հնարավորություն ունենա իրական քաղաքաշինություն իրականացնել։ Իսկ այդ ոլորտն իսկապես լուրջ է։ Քաղաքաշինությունն իր մեջ ներառում է ոչ միայն իրականացվող ամբողջ շինարարությունը, այլ նաեւ ուղղակիորեն առնչվում է աղետի գոտու վերականգնման աշխատանքներին։ Եվ սա, իհարկե, անհամեմատելի է մշակույթի նախարարության հետ՝ ազդեցության, մասնակցության, դերակատարության, սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ազդելու առումներով։ ՀՅԴ-ն այս պորտֆելով իսկապես շատ ավելի լայն հնարավորություններ է ձեռք բերում։

– Այդ պաշտոնն առաջարկվել էր ՀՅԴ-ի՞ն, թե՞ անհատապես Դավիթ Լոքյանին։

– Մենք այս մասնակցությունը դիտում ենք որակական առումով տարբերվող բոլոր այն դեպքերից, երբ այս կամ այն կուսակցության ներկայացուցչին նշանակում են եւ դա, այնուամենայնիվ, չի ենթադրում տվյալ կուսակցության պատասխանատվություն։ Սա այդ դեպքը չէ։ Կառավարության մեջ պատասխանատվություն ստանձնելը որոշվել է նախագահի եւ վարչապետի հետ կուսակցության ամենօրյա աշխատանքի արդյունքում։ Կառավարության նոր ձեւավորման ընթացքի համեմատ իրավիճակը բավական փոխվել է. ոչ միայն Դաշնակցության մոտեցումներն են ավելի շատ ընկալվել իշխանությունների կողմից, այլ նաեւ կառավարության աշխատանքներում էլ որոշակի փոփոխություններ նշմարվեցին հստակեցման, որոշակիացման առումով։

– Ժամկետը չե՞ք նշի, թե երբ նշմարվեցին այդ փոփոխությունները:

– Ժամանակագրական հարց չէ, որ ամսաթվով ասվի, այլ քաղաքական զարգացումների տրամաբանության փոփոխության։ Այսինքն՝ արդեն բավականին հստակ կարելի է ասել, որ «Միասնություն» դաշինքը կառավարությունում էլ է ներկա, ԱԺ-ում էլ, որը չէր կարելի ասել մինչ այդ։

– Այնուամենայնիվ, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր հայտարարում, թե «հիացած չենք» կառավարության գործունեությամբ։ Ձեր գնահատականն այժմ արդյոք դիրքորոշման սկզբունքային փոփոխության վկայությո՞ւն չէ։

– Հիացած չլինելը չի նշանակում ընդհանրապես անվստահություն հայտնել կառավարությանը։ Չեմ կարծում, թե Վահան Հովհաննիսյանը նկատի է ունեցել, որ կառավարության մեջ եղած ամեն ինչն ընդհանրապես բացասական է։ Կառավարության մեջ մտնելով՝ պատասխանատվություն ենք ստանձնում մեր ոլորտի, նաեւ այն որոշումների համար, որոնց Դաշնակցությունը կողմ է արտահայտվել։ Այդքա՛նը։ Երբեք չի կարող մեկը պատասխան տալ մյուսի արածի կամ չարածի համար։ Սակայն չենք ընդունում նաեւ այն մոտեցումը, թե կարող ես կառավարությունում մի ձեւով դրսեւորվել որպես կուսակցություն, իսկ ԱԺ-ում՝ մեկ այլ ձեւով։ Դա աննորմալ երեւույթ է։

– Այսինքն, քվեարկելու եք ստանձնած հանձնառություններին համապատասխա՞ն։

– Այո։ Դաշնակցությունն իր տեսակետները եւ սկզբունքները՝ լինի կառավարությունում, լինի Ազգային ժողովում՝ պահպանելու է նույնատիպ, դիսոնանս չի լինելու։

– Այս պորտֆելով սահմանափակվելո՞ւ են ստանձնելիք հանձնառությունները, թե՞ պայմանավորվածություններ կան նաեւ այլ ոլորտների ղեկավարումը ՀՅԴ-ին փոխանցելու վերաբերյալ։

– Նման ինչ-որ ժամանակացույց չկա։ Աշխատանքային գործընթացի մեջ ենք։ Այլ պայմանավորվածություններ չկան։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031